«ԵՎ ԱՍՏՎԱԾ ԱՌԱՆՑ ՀՈՂԱԹԱՓԵՐԻ ԻՄ ՆՆՋԱՐԱՆԸ ՄՏԱՎ ԳԻՇԵՐՈՎ»...


Ալիսիա Կիրակոսյանի ծննդյան 75-ամյակը Անսպասելի ու անաղմուկ` Ալիսիա Կիրակոսյանը դարձավ 75 տարեկան: Անսպասելի, որովհետև նրա լուսանկարներին նայելիս մտածում ես, թե միշտ գեղեցիկ ու հմայիչ այս տիկինն ինքը երիտասարդությունն է` իր քնարերգության նման սրտաբաց ու ազատ, կաշկանդումներից զերծ, խորքային թափանցումներով հարուստ: Նա հայ գրական իրականության մեջ հայտնվեց 1960-ականների վերջերին` Վահագն Դավթյանի թարգմանություններով, և դարձավ մեր մեծ գրականության հրաշալի շառավիղներից մեկը: Չնայած գրականության լեզուն իսպաներենն էր, բայց հոգին ու էությունը` հայերենը, հայեցին: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև Ալիսիա Կիրակոսյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանից Ցեղասպանության պատճառով հայրենի եզերքները թողած հայի ընտանիքում, ուր հայերենն ու հայեցին պայքարի կոչ էին և ինքնահաստատման մարտահրավեր: Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը բանաստեղծուհու ծննդավայրն է, շատ քիչ բան գիտեին հայերի մասին: Մինչդեռ Կիրակոսյանների ընտանիքը մի փոքրիկ Հայաստան ստեղծեց այստեղ` հայրենի կարոտների մեջ փայփայելով կորսված եզերքի կերպարը: Իր առաջին բանաստեղծությունները գրել է 14 տարեկան հասակում և պարտադրել շատերին` տեսնել տաղանդի անսովոր ծնունդը: Անսովոր, որովհետև դեռևս պարմանուհի` նա զարմացնում էր մտածողության և պատկերների թարմությամբ: Ծնվել էր բանաստեղծ լինելու համար, բայց ընտրեց իրավաբանի մասնագիտությունն ու ավարտեց Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այս մասնագիտությամբ, սակայն, երբեք չաշխատեց` միանգամից մղվելով թատրոն և ընտրելով դերասանի մասնագիտությունը: Նա տասը տարի մասնակցեց խաղացանկային թատրոնների ներկայացումներին, ստեղծեց հմայիչ ու առինքնող դերապատկերներ: 1966 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Մեկ օրում հինգ ձայն», որին մեկ տարի անց հաջորդեց երկրորդը` «Էություն և կետադրություն»: Այն թարգմանվեց իտալերեն և իրապես մեծ հռչակ բերեց բանաստեղծուհուն: Այս գիրքը ձևավորվել էր Պիկասոյի, Ֆոնտանի և Պետորրուտիի նկարազարդումներով: Բանաստեղծական այս ժողովածուն իտալացի գրականագետների կողմից ճանաչվեց քնարերգության նոր ու վառ դրսևորում, նոր ձևերի հաստատման ամբողջություն: Նույն` 1967 թ. Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծությունները թարգմանվեցին հայերեն` հարստացնելով ազգային բանաստեղծության նորարարական հաստատումները, ձևավորելով նոր պատկերացումներ բանաստեղծական մոդեռնի մասին: Դրանցում նաև ազգային Ոգու արտացոլումն իր դրսևորումը ստացավ` ամբողջանալով «Նամակ առ Հայաստան» բանաստեղծության մեջ: 1968-ին բանաստեղծուհին մեկնեց Կալիֆոռնիա, ուր ապրում է մինչև օրս: Այստեղ նա հրատարակել է «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածուները: 1993 թ. Բրազիլիայի Սան Պաբլո համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով գրականության ասպարեզի փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Ալիսիա Կիրակոսյանը Կալիֆոռնիայի համալսարանում կարդացել է դասախոսություններ արդի պոեզիայի մասին, աշխարհի մի շարք նշանավոր համալսարաններում վարել է սեմինարներ, մասնակցել բազմաթիվ միջազգային գիտաժողովների: Նրան բարձր են գնահատել Դալայ-Լամա 14-րդը, Ջոն Հյումը, Օսկար Արիաս Սանչեսը, ուրիշներ: Նրա բանաստեղծությունների մասին հիացմունքով են գրել Վիլյամ Սարոյանը, Խորխե Լուիս Բորխեստը, Ժակ Պրեվերը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, այլք: 2009-ին Կալիֆոռնիայի հանրությունը նրան ներկայացրել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ