Զինվորը պետք է գիտակցի հանուն ինչի է մեր պայքարը
Երբ Արցախում մոլեգնում էր պատերազմը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում էլ լսվեց զենքի մահաշունչ որոտը: Եվ այստեղ էլ իր հողի ու ջրի արժեքը ճանաչող, ազնիվ ու շիտակ հայ գյուղացին բահի փոխարեն զենք վերցրեց: Պիղծ թշնամին արդեն մեր հողն էր տրորում: Լռել էր մանկան զվարթ երգը: Ու այդ երգի ելևէջները սրտում, հող հայրենիի զորությունը երակներում` շատերն առաջ նետվեցին: Առաջիններից մեկն այս պայքարի նվիրյալը դարձավ Սլավիկ Բաբայանը: Մանկուց ամենամեծ հետաքրքրությունը զենքերն էին և զինվորականների մասին պատմությունները: Հայրենի գյուղի դպրոցն ավարտելով` անցավ ծառայության Խորհրդային բանակում: Սահմանապահ այդ ուղեկալում ևս 2 հայ երիտասարդներ կային: Ինչպես Սլավիկն է հիշում` մի փոքր թուլակազմ էին և բոլոր վարժություններում զիջում էին ռուս տղաներին: Մի օր էլ հրամանատարը նրանց ասել էր, որ իրենց նման մեկն էլ է եկել ծառայության` մատնացույց անելով Սլավիկին: Վիրավորանքը մեծ էր... Զորամասում վազքի մրցույթ էին կազմակերպել: 1 տարի ծառայած զինվորները պետք է հաղթահարեին 1 կմ տարածություն, 2 և 3 տարի ծառայածները` համապատասխանաբար 2 և 3 կմ: Երբ հարցրեցին, թե նորակոչիկներից ով է ցանկանում հաղթահարել ամենամեծ տարածությունը, Սլավիկն անմիջապես առաջ եկավ: Չնայած երկրորդը հասավ վերջնակետին, բայց շատ բան ապացուցեց թերահավատ ռուս սպային: Թեև ամենացածրահասակ զինվորն էր, բայց փայլում էր բոլոր առաջադրանքնե րում և բազմիցս հրամանատարության կողմից արժանացավ խրախուսանքի: Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ` մի քանի տարի հոր հետ զբաղվելով շինարարությամբ: Ավերիչ երկրաշարժից հետո նա որոշ ժամանակ աղետից տուժածներին օգնություն էր ցուցաբերում Սպիտակում և Լեռնապատում: Երբ սահմանամերձ բնակավայրերում խժդժությունները վերաճեցին զինված բախումների, կազմավորվեցին կամավորական ջոկատները: Վերին Կարմիրաղբյուր գյուղի սկզբնական կուսկազմակերպության ղեկավար Ռոբերտ Գիժլարյանի գլխավորությամբ ձևավորված 2 ջոկատներում ընդգրկվեցին շուրջ 40 մարտիկներ: Նրա խորհրդով ընդհանուր հրամանատար նշանակվեց Սլավիկը: Տղաներն անմիջապես մեկնեցին նախ` Ներքին Կարմիրաղբյուր գյուղ` մասնակցելու կարևոր նշանակություն ունեցող բարձունքի պաշտպանությանը, ապա` Հորիզոնի աղբյուր կոչվող տեղամաս: - Ամեն անգամ, երբ Արցախում հայկական կողմը լուրջ հաջողությունների էր հասնում, հակառակորդը ավելի ու ավելի էր ագրեսիվանում մեր սահմանամերձ շրջանում: Հարձակումներն ավելի հաճախակի ու կատաղի էին դառնում: Փորձում էին գրավել կարևոր նշանակություն ունեցող տարածքներ: Ներքին Կարմիրաղբյուրի բարձունքի գրավումով հնարավոր կլիներ տիրանալ ամբողջ շրջանին: Նրանց գերնպատակներից էր նաև Կրասնոսելսկ-Բերդ ճանապարհահատվածի գրավումը, որը շրջանը կապում է մայրաքաղաքին: Սակայն մեր խիզախ տղաները կարողացան վճռական հակահարվածով խուճապահար անել հակառակորդին և գերազանց պաշտպանել կարևոր նշանակություն ունեցող այդ հատվածները,- պատմում է Ս. Բաբայանը: Ներքին Կարմիրաղբյուրի բարձունքի պաշտպանության թեժ մարտերի ժամանակ վիրավորվեց որդին` Նորայրը: Թեև ծանր էր մարտը, բայց միակ վիրավորը նա էր: Իսկ երբ Սլավիկին հորդորեցին, որ հենց ինքը որդուն հասցնի հիվանդանոց, հրաժարվեց` մտավախություն հայտնելով, որ իր հետևից շատերը կլքեն դիրքերը: Մնաց և շարունակեց նույն ոգով: Հակառակորդը լայնածավալ հարձակման էր անցել: Սակայն մեր մարտիկներին հաջողվեց առավելություն նվաճել նաև վճռորոշ այս մարտում: Տարբեր շրջաններից երբեմն առանձին ջոկատներ օգնության էին հասնում, սակայն հիմնական ծանրությունը տեղի կամավորականների ուսերին էր, ովքեր պատվով կատարեցին իրենց առաքելությունը և ոչ մի թիզ հող չզիջեցին: - Իմ ջոկատներից զոհեր չենք ունեցել: Հաճախ էին հարցնում, թե ո՞րն է դրա գաղտնիքը: Չափազանց խիստ կարգուկանոն էր հաստատված մեր ջոկատներում, իսկ դա հնարավորինս նվազեցնում է զոհվելու կամ վիրավորվելու հավանականությունը: Հրամանատարը միշտ օրինակ է եղել զինվորի համար: Եթե նա սիրում, հարգում է հրամանատարին, հետևում է նրա բոլոր քայլերին: Միշտ ձգտել եմ լավ օրինակ լինել զինվորներիս համար և ճիշտ դաստիարակել: Հմուտ հրամանատար լինելուց զատ` Սլավիկը նաև փորձված հետախույզ էր: Չափազանց պատասխանատու այս գործում նրա բոլոր ձեռնարկումները հաջողությամբ էին պսակվում: Իսկ արդյունքը արժեքավոր տեղեկություններն էին: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հանգամանքների բերումով հետախուզությունն ավարտելով` վերադարձել է ցերեկը: Ճանապարհին հանդիպելով հակառակորդի զինվորներին` իրենց լեզվով բարևել է և անցել` շփոթության մեջ գցելով նրանց: Իսկ երբ հասկացել են նրա ով լինելը, արդեն ուշ է եղել: Ս. Բաբայանը բազմիցս Արցախ գնալու ցանկություն է հայտնել. հատկապես ուզում էր մասնակցել Քելբաջարի մարտերին, սակայն թույլ չտվեցին` պատճառաբանելով, որ սահմանային գոտու պաշտպանության գործում ավելի մեծ է նրա անհրաժեշտությունը: 1993-ին, երբ ձևավորվեց գունդը, Սլավիկը նշանակվեց հետախուզության պետ, ապա հրամանատարի տեղակալ, իսկ 1 տարի անց` գնդի հրամանատար` այդ պաշտոնը զբաղեցնելով շուրջ 2 տարի: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ս. Բաբայանը պարգևատրվել է ՀՀ նախագահի «Արիության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով, որոնք նրա գնահատանքի առհավատչյան են: - Այսօր ունենք հզոր, զարգացող ու կատարելագործվող բանակ, որի կայացման գործում, անշուշտ, մեծ է մեր բարձրաստիճան սպաների ավանդը, ովքեր իրենց փորձը բերեցին Խորհրդային բանակից: Ունենք կիրթ, բանիմաց սպայակազմ, ինչը մեծ ձեռքբերում է: Ժամանակին, երբ հրամանատար էի, կարգազանց զինվորներին ուղարկում էին ինձ մոտ: Զրույցներ էի տանում նրանց հետ, և կարճ ժամանակ անց դառնում էին պատրաստված ու կարգապահ զինվորներ: Նրանց փորձում էի հասկացնել, թե ինչի համար ենք մենք բանակ ստեղծել, ինչ ենք պահում: Զինվորը պետք է գիտակցի, թե հանուն ինչի է մեր պայքարը: Ունենք գիտակից զինվորներ: Ժամանակին բանակից խուսափելու, փախչելու դեպքերը շատ էին, հիմա դրանց թիվը կտրուկ նվազել է: Ձգտո´ւմ կա: Նույնիսկ արտերկրից հայ երիտասարդներն ինքնակամ վերադառնում են` ծառայելու Հայոց բանակում,- համոզված է Ս. Բաբայանը: