1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Որքան էլ անհավատալի թվա` Հայաստանում գործող բանկերի ղեկավարների աշխատավարձերը գերազանցում են 5 միլիոն դրամի սահմանագիծը: Կենտրոնական դրամատանը մոտ կանգնած շրջանակներից հավաստիացվում է, որ ֆինանսական կառույցների գործադիր տնօրենների վճարաչափերը հասնում են 2 միլիոնի, իսկ շարքային աշխատակիցները միջինը 500 հազար դրամ են ստանում: Ի տարբերություն մասնավորների, Կենտրոնական բանկի ղեկավարի վարձատրությունն այս առումով աննախանձելի կարելի է համարել. Արթուր Ջավադյանի ամսական վաստակին ընդամենը մեկ միլիոն երեքհարյուրքառասունհինգ հազար դրամ է: Այսքանով հանդերձ` իհարկե, քիչ հավանական է, որ վերջինս ֆինանսական խնդիրներ ունենա ու, ասենք, լրացուցիչ ծախսերի համար պարտքով գումար որոնի: Ավելին, այս համակարգում վճարվող աշխատավարձերը միգուցե այնքան էլ զարմանք չհարուցեն, քանի որ ֆինանսական աշխարհի երևելիների վարքն ու բարքը տեսնելով` կարելի էր կարծել, թե նրանք ավելին են վաստակում: Չի բացառվում նաև, որ ինչպես գրեթե ամենուր, մասնավոր ֆինանսական կառույցներում նույնպես աշխատավարձերի ստվերային մաս գոյություն ունենա, և 5 կամ 2 միլիոնանոց վճարումներն արտահայտեն միայն այդ փողերի «լուսավոր» հատվածը: Անվիճելիորեն ակնհայտ է, որ այս ամենը գործերի գոհացնող ընթացքի և բարձր եկամուտների մասին է վկայում: Երևույթ, որը հանրապետությունը մանրադիտակով զննելու դեպքում անգամ հազվադեպ կարելի է հանդիպել: Իրենք` ֆինանսական կառույցների պատասխանատուները, իհարկե, կխուսափեն նշել իրենց վարձաչափերը` «չար աչքից», թե պարզապես ավելորդ խոսակցություն ներից զերծ մնալու նկատառումներով: Այսուհանդերձ, եթե պարզ տրամաբանությանն ապավինենք, ապա նման պայմաններում հայրենական բանկային համակարգը ոչ միայն պետք է իր գործընկեր տնտեսվարողներին պարբերաբար նորանոր վճարովի ծառայություններ հրամցներ, այլ ուղիղ հակառակը` ամենատարբեր ակցիաների շրջանակներում այդ ծառայությունները զեղչեր կամ լրիվ անվճար դարձներ: Մինչդեռ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ամենատարբեր բանկերում հաշվեհամարներ ունեցող տնտեսվարողներին պարբերաբար տհաճ անակնկալներ են մատուցվում: Իսկ հերթական ծառայության միջնորդավճարի չպատճառաբանված բարձրացումից հետո նոր գործընկեր որոնող տնտեսվարողները պարզում են, որ հարևան բանկերում նույնպես այդ ծառայությունը վերջերս վճարովի է դարձել: Կարելի է եզրակացնել, որ ինչպես բոլոր բանկերի ղեկավարների աշխատվարձերն են ասես միասնաբար սահմանվել, այնպես էլ` ծառայությունների բարձր գները: