ԳՈՐԾԱ՞ՐՔ . իսկ գուցե հայրենավեր կեցվա՞ծք


ՔԱՂԱՔԱԿԱՆ անցուդարձին քիչ թե շատ հետևող մարդիկ կհիշեն, որ դեռ մի քանի ամիս առաջ, երբ շրջանառության մեջ դրվեց ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության թեման, իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին քննարկել յուրաքանչյուր հարց, բացի արտահերթ ընտրություններից: Քանզի մեր Մայր օրենքը դրա հնարավորությունը բացառում է: Սահմանադրության մեջ հստակ նշված են, թե ինչպիսի իրավիճակներում է թույլ տրվում անցկացնել արտահերթ ընտրություններ: Այսինքն, եթե առկա է ներիշխանական ճգնաժամ, որի պայմաններում ԱԺ¬ի աշխատանքը կաթվածահար է լինում, գործադիրն էլ ի վիճակի չի լինում իրականացնել իր գործառույթները, ապա կարող են անցկացվել արտահերթ համապետական ընտրություններ, ԱԺ¬ի, Նախագահի, կամ երկուսը համատեղ: Բայց, քանի որ նախագահ¬կառավարություն¬ԱԺ հարաբերություններում ամեն ինչ ընթանում է բնականոն, իշխանության երեք թևերի համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա է, չկան այնպիսի սրացումներ, որոնք իշխանությունների աշխատանքը տանեն փակուղի, ուրեմն արտահերթ ընտրությունների անցկացումը կհակասի Սահմանադրությանը: ՍԱԿԱՅՆ իրադարձությունների զարգացման արդի փուլում, երբ երկխոսությունն ընթացքի մեջ է, իշխանությունները «մոռանալով» Հիմնական օրենքի մասին, հայտարարում են, որ պատրաստ են քննարկել յուրաքանչյուր խնդիր, այդ թվում` արտահերթ ընտրությունների հարցը: Սա ցայտուն ընդառաջ քայլ էր` ուղղված արմատականներին, ինչը վերջիններիս կողմից հավուր պատշաճի չգնահատվեց: Հակառակը, ՀԱԿ¬ի պատվիրակությունը կոշտացրեց իր դիրքորոշումը և կրկին սկսեց խոսել վերջնագրային լեզվով: Ինչպես իշխանությունների հանդուրժողականությունը, այնպես էլ ՀԱԿ¬ի «վերադարձը» նախկին անհանդուրժող կեցվածքին, թերևս, պետք է որ ունենան ենթատեքս տեր: Ընդ որում` երկու կողմերից էլ: Զուտ ենթադրությունների մակարդակով կարելի է փորձել վերծանել տողատակային նրբերանգները: 1) Քանի որ երկխոսության առիթով Հայաստանին «ծափահարում» է ողջ միջազգային հանրությունը, արտահերթի հարցում վճռական ժխտողականությունը երկխոսության ավարտը կազդարարեր, ինչը չի բխում իշխանություններ շահերից: Ուրեմն ձգձգելն անհրաժեշտություն է: 2) Եթե այնուամենայնիվ ճիշտ է, որ Ս. Սարգսյանի և Լ. Տեր¬Պետրոսյանի միջև ներքին պայմանավորվածություն կա, լիցքաթափել ներքաղաքական մթնոլորտը (քանզի ԼՂ հարցում վտանգավոր մարտահրավերներն առկա փուլում կրկնապատկվել են), ապա կրկին ամեն ինչ իր կոնկրետ տրամաբանության շրջանակներում է: 3) Հաջորդ տեսակետը բխում է նախորդից, որն, ի դեպ, բավական խորքային և խելացի, հեռագնա ստույգ հաշվարկից թելադրված սցենար կարող է լինել: Եթե ԼՂ հարցում գերտերությունները պայմանավորվածության գան և միմյանց հակասող իրենց շահերը ինչ-որ կերպ համընկեցնեն ու ԼՂ հարցում աննախադեպ ճնշումների թիրախ «ընտրեն» հենց Հայաստանը, ապա արտահերթ ընտրությունների «հեքիաթը» կարող է իրականություն դառնալ: Դրանով ՀՀ¬ն ժամանակ կշահի, քանի նոր իշխանություն ներն ամեն ինչ սկսելու են զրոյից: 4) «Ապրելու» իրավունք ունի վերոնշյալի միջանկյալ տարբերակը: Իշխանություններն արտահերթը դամոկլյան սրի նման կախված են պահում գերտերությունների վրա` որպես սպառնալիք` ճնշումների «դոզան» ողջամիտ սահմաններում պահելու համար: Այս ամենից կարծում ենք պարզ է դառնում, թե ինչու իշխանությունները «մոռացան» Սահմանադրությունը` և չխուսափեցին արտահերթ ընտրությունների թեմայի քննարկումներից: ՀԱԿ¬ն էլ իր հերթին հասկացավ «մեսիջը»` վերադառնալով կոշտ դիրքորոշումների: 5) Չափից ավելի ծեծված ՀԱԿ¬իշխանություններ «գործարքի» թեման, որը շարունակում են թմբկահարել «այլընտրանքային» ընդդիմադիրները, առաջին հայացքից տրամաբանական է թվում, բայց խորքում խիստ խոցելի է և պարզունակ: Ինչո՞ւ: Լ. Տեր¬Պետրոսյանը ՀԱԿ¬ի «սանձերը» ամբողջությամբ պահում է իր ձեռքերում: Ճիշտ է, 1¬ին Նախագահի և իր մերձավոր շրջապատի բառապաշարում նկատվում է ընդգծված տարբերություններ, սակայն դա իրերի էությունը չի փոխում: ՀԱԿ լիդերի ինչի՞ն է պետք` գաղտնի համագործակցելով իշխանությունների հետ` 15-20 կոնգրեսական խորհրդարան «խցկելու»: Գուցե իր կուսակիցներից մի մասի համար խորհրդարանական մանդատների ձեռքբերումը իսկապես կարևոր է` զուտ իրենց հավակնոտ նկրտումներին հագուրդ տալու համար: Չի´ բացառվում: Սակայն քանի դեռ արմատականների «զորահանդեսի հրամանատարը» կա և մնալու է Լ. Տեր¬Պետրոսյանը, «գործարքի» թեմայով բոլոր քաղուժերի և վերլուծաբանների մտավարժանքներն իրականության հետ առնչություն չեն ունենալու: Իսկ ՀԱԿ լիդերին բացի նախագահական աթոռից, ուրիշ ոչինչ չի բավարարելու: Լինելով իրատես ու փորձառու քաղաքական գործիչ, վերջինս հիանալի հասկանում է, որ չի հաջողվելու դրան հասնել հեղափոխական ալիքով: Դրսի ազդակներն էլ հենց դա են վկայում: Ուրեմն գործարք հորջորջվող, ամենաշատը թմբկահարվող վարկածը, խորքային առումով ավելի հեռու է իրականությունից, քան վերը նշված մյուս տարբերակները: Իսկ թե ո՞րն է ամենաիրատեսականը` կարելի է կռահել Լ. Տեր¬Պետրոսյանի վերջին հանրահավաքում հնչեցրած գնահատականից, թե երկխոսության արդյունքում աշխարհում աննախադեպ բարձրացավ Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը: Սակայն, ընդգծենք. հայրենասիրական այս առաքելության դիմաց Լ. Տեր¬Պետրոսյանը «նյութական» ոչինչ չի ակնկալում: Կար երկրին չափազանց էական օգուտ բերելու հնարավորություն` իրագործեց այն: Համենայն դեպս, պատմության ապագա դասագրքերում առաջին Նախագահի ազգօգուտ այս գործունեությունը հաստատ չի շրջանցվի: