Ացտեկների դամբարան Մեքսիկայում


 

Հնագետները հնադարյա հազվագյուտ գերեզմանատեղի են հայտնաբերել. աղջկա կմախք` շրջապատված ավելի քան 2 հազար մարդկային ոսկորներով (տեղեկացրել է «Ասոշիեյթեդ Պրեսը-»):

Գտածոն պեղվել է Մեխիկոյի` 1325 թ. կառուցված Տեպլո Մայոր եկեղեցական համալիրի տարածքում: Գիտնականները նշել են, որ մոտավորապես 1481-1486 թվականներին կատարված այդ հուղարկավորությունը բոլորովին բնորոշ չէ ացտեկներին և բազմաթիվ հարցականներ է ծնում:

Փորձագետները պնդում են, որ ամբողջությամբ պահպանված կմախքը երիտասարդ աղջկա աճյուն է: Իսկ դրա շրջապատում եղած առանձին ոսկորների մեջ հայտնաբերվել են 7 հասուն մարդու և 3 երեխաների գանգեր: Որոշ ոսկորների վրա էլ առկա են յուրատեսակ հետքեր, որոնք վկայում են, որ ծիսակատարության ժամանակ հանել են դրանց տերերի (զոհերի) սրտերը:

Հետազոտողների առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն` հուղարկավորված աղջիկը բարձրաշխարհիկ խավից է, իսկ «նրան» շրջապատող ոսկորները պատկանում են զոհաբերած ու նրա հետ թաղված մարդկանց:

Հիշեցնենք, որ ացտեկների քաղաքակրթությունը հասել է մինչև XIV-XVI դարերը: Պետության մայրաքաղաք Տենոչտիտլանի տարածքում հիմա Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն է: