Հանցածին Բեթմենը


 

Չե՞ն ուզում հասկանալ, թե հենց գիտակցաբար են կինո ստեղծողները բռնություն քարոզում: Եվ այն էլ` ոչ թե ձանձրալի ճառերով, այլ գրավիչ կերպարներով: Նրանց արվեստի փայլատակումն այն է, որ դիտողին կարողանում են ներշնչել, թե իրենց հերոսն օրինակելի է, ամենազոր, անպարտելի: Ո՞վ չի կամենա այդպիսին լինել: Կամ` չար ուժերի դեմ մարտնչելու համար այդ չարից էլ դաժան պետք է լինես: Թեկուզ` ուրիշների կյանքը խլելու պայմանով: Արդ, դեռ չեն խաղաղվել խուճապահար եղած այն ամերիկացիները, որոնցից յուրաքանչյուրը կինոդահլիճում «ուղեղը լվացած» մի արկածախնդրի զոհը կարող էր դառնալ: Ու ահա` 2-րդ նմանատիպ դեպքը, որը բարեբախտաբար կանխվել է:

Բեթմենի մասին պատմող «Թուխ ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի գիշերային ցուցադրության ժամանակ Օհայո նահանգի Ուեսթլեյկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է զինված մի տղամարդու: Նրա պայուսակում հայտնաբերվել են ատրճանակ և դանակներ: Այս մասին 2 օր առաջ հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության լեյտենանտ Ռեյ Արկուրիի պատմածը:

Կինոթատրոնի աշխատակցին կասկածելի է թվացել սեանսից կես ժամ առաջ դահլիճ մտած հանդիսատեսներից մեկի մեծ պայուսակը: Եվ նրա կասկածները անհիմն չեն եղել: Ահազանգի հետքով տեղ հասած ոստիկանը 37-ամյա Սքոթ Սմիթի զինվորական ոճի պայուսակում հայտնաբերել է լիցքավորված Gloch ատրճանակ` երկու պահեստատուփով և 4 դանակ: Նրան հավանաբար մեղադրանք կառաջադրվի ապօրինի զենք կրելու համար: Մանավանդ, որ նրա տանն էլ հայտնաբերվել է 7 ատրճանակ, 12 կարճափող ու ակոսավոր հրացաններ և զինամթերք:

Ապօրինի զենք պահելը սովորական իրավախախտում է մեր օրերում: Բայց Սմիթի արտառոցությունն այն է, որ նա ամենայն լրջությամբ հայտարարել է, որ զենքը կինոթատրոն է բերել` իրեն ու մյուս մարդկանց պաշտպանելու նպատակով: Ընդ որում, այս երիտասարդը երբևէ աչքի չի ընկել հանցավոր պահվածքով: Բայց ահա Սթիվն իրեն պատկերացրել է Բեթմենի երդվյալ թշնամի, կինո-չարավեր Ջոկեր: