ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԽՈՒՐ ԵՐԵԿՈՆԵՐ


 

Հարավային քաղաքներում, բոլորին է հայտնի, կյանքը նոր ռիթմի մեջ է մտնում ամռան ամիսներին, երբ ավելանում են հյուրերը, երբ մշակութային կյանքը դառնում է անհրաժեշտ և կարևոր: Խոսքը, բնականաբար, թատրոնների գործունեությանը չի վերաբերում, քանի որ հնուց հաստատված կարգ է, որ թատրոններն ամռանը հանգստանում են:

Մշակութային կյանք ասելով` նկատի ունենք համերգներն ու շոուները, զանգվածային միջոցառումները, որոնք առավել մատչելի են ընկալման համար, ունեն զվարճանքային և ժամանցային բնույթ ու նշանակություն: Հենց դրանք կարող են ամռան երեկոներին մարդկանց դուրս բերել տներից և հնարավորություն տալ հանգստանալու հագեցված «ընթացակարգով»` վայելելով երգ ու երաժշտություն, դիտելով պարային կատարումներ...

Հայաստանում ամեն ինչ ընկալվում է այլ կերպ, Հայաստանում ամառը վերածվում է «մեռյալ սեզոնի»` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Մարզերի բնակիչները սպասում են, որ ամռան ամիսներին իրենց կհյուրընկալվեն մայրաքաղաքային կատարողները, «աստղերը»: Մայրաքաղաքի բնակիչներն էլ հույսեր են փայփայում, որ գոնե ամռանն առիթ կունենան հանդիպելու օտարազգի կատարողների հետ, թեկուզ հրապարակներում ու պուրակներում, բազմաթիվ սրճարաններում աղերսվելու հայ և օտարազգի արտիստների արվեստին... Երևանում և մարզերում քիչ չեն ամռանն իրենց տներում մնացողները, հանգստի չմեկնողները, և հենց այս զանգվածն էլ կարող է ապահովել ունկնդիրների ու հանդիսատեսների հոծ բանակ` նաև լուծելով մի շարք կոմերցիոն խնդիրներ: Սակայն մինչև օրս թե´ Մշակույթի նախարարությունը, թե´ ֆիլհարմոնիկ ընկերությունները, թե´ մարզերի ու քաղաքների մշակույթի վարչություններն ու բաժինները չեն մտածել այս մասին` չունենալով ամառային մշակութային իրողությունների կազմակերպման հստակ քաղաքականություն: Այս քաղաքականության բացակայությունը պայմանավորված է պրոդյուսերական դպրոցի չգոյությամբ, մշակութային բիզնեսի գավառային ընկալումներով: Մայրաքաղաքի Ազատության հրապարակում դեպքից դեպք կառուցվող բեմահարթակը կարելի է ողջ ամռան ընթացքում թողնել հրապարակում և օգտագործել ամենաարդյունավետ ձևով` ոչ բարձր գներով տոմսեր վաճառելով և կատարողական արվեստի ներկայացուցիչներին ելույթներ ունենալու հնարավորություն ընձեռելով: Բայց այս մասին մտածող չկա: Տարբեր առիթներով հատկապես հեռուստաեթերում տեսնում ենք մարդկանց, ովքեր ներկայանում են պրոդյուսերներ, արվեստի կառավարիչներ: Ուրախացնում է նրանց թիվը, սակայն պարզվում է, որ նրանցից ոչ մեկը գրեթե չի պատկերացնում իր գործը, չի պատկերացնում հանրության մշակութային և արվեստային շահը, այլապես ամառային երեկոները կվերածեին ցնծության և ուրախության, առիթ կտային նոր անունների հայտածման: Մանավանդ` ամռան ամիսներին «գերաստղերը» հանգստանում են անդրօվկիանոսյան երկրներում:

Հուսանք, որ մեր մտահոգությունները կիսողներ կլինեն, որ գոնե եկող ամռան նախաշեմին կմշակվեն համակողմանի ծրագրեր: Չնայած, ցանկության դեպքում, հիմա էլ ուշ չէ...