ՄՇՏԱՀՄԱ «ԱՆՈՒՇԸ»

«Անուշ» օպերայի 100-ամյակը


 

Բուն Հայաստանի տարածքում առաջին անգամ ներկայացվում էր ազգային օպերա` ստեղծված տոհմիկ գյումրեցի ժամագործի ընտանիքում ծնված կոմպոզիտորի կողմից, ով Արևելյան Հայաստանում հիմք դրեց օպերային արվեստին, շարունակեց և ավարտին հասցրեց այն մեծ նախաձեռնությունը, որով հանդես էր եկել Կոմիտասը: Հովհաննես Թումանյանի հանճարեղ պոեմն առաջինը Կոմիտասին էր հետաքրքրել, ով գրել էր մի շարք հատվածներ «Անուշ» օպերայի համար, դաշնամուրային կատարմամբ ներկայացրել դրանք:

Ըստ էության, Ա. Տիգրանյանի «Անուշը» հիմնավորում է ազգային օպերան:

- Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի և հասկանալի,- գրել է Արմեն Տիգրանյանը:

- Օպերայի երաժշտությունը ուժեղ է, հոյակապ: Ազգային երաժշտության հատիկը շատ հարուստ է արտացոլված օպերայում, և, միևնույն ժամանակ, լավ է օգտագործված եվրոպական երաժշտական ու վոկալ արվեստը: Ցմահ չեմ մոռանա «Անուշի» հմայքը,- գրել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից մեկը` Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, ով, շնորհիվ իր հայուհի մոր, սերտորեն կապակցված էր հայ արվեստին ու մշակույթին:

- 1912 թ. Ալեքսանդրապոլում «Անուշ» օպերան առաջին անգամ բեմադրվեց Ա. Տիգրանյանի ստեղծած և սովորեցրած սիրողների խմբակի ուժերով: Հիրավի, դասական օպերան ծնվեց ցնցոտիների մեջ: Բավական է ասել, որ նվագախումբը կազմված էր միայն 12 երաժիշտներից: Կատարողները (թե´ երգչախումբը, թե´ մենակատարները) գերազանցապես դպրոցականներ էին, ովքեր երգում էին անկեղծ ոգևորությամբ և ջանասիրությամբ, բայց զուրկ էին անհրաժեշտ փորձառությունից ու մասնագիտական վարպետությունից: Շենքի անհարմարություն, միջոցների ծայրահեղ սահմանափակություն, հագուստների և դեկորների աղքատություն. ահա այսպիսի պայմաններում իրագործվեց «Անուշի» առաջին բեմադրությունը: Եվ, այնուամենայնիվ, ներկայացումն ունեցավ անօրինակ հաջողություն: Հասարակությունը ցրվելով իր հետ տանում էր հիշողության մեջ տպավորված և սիրված մեղեդիներ, որոնք ասես միաձուլվել էին Թումանյանի հերոսների կերպարներին: Հայ մշակութային կյանքում որպես աչքի ընկնող իրադարձություն ճանաչված այդ նոր ստեղծագործության համբավը տարածվեց Ալեքսանդրապոլի սահմաններից դուրս,- գրել է ժամանակակիցը:

Ուշագրավ է, որ առաջին «Անուշի» առաջին դերակատարները նույնպես գյումրեցիներ էին` Շարա Տալյանը և Աննա Մարիկյանը: Շարա Տալյանը տասնամյակներ շարունակ մնաց Սարոյի անգերազանցելի կատարողը մեզանում, իսկ արհեստավարժ բեմում առաջինն Անուշ երգեց Հայկանուշ Դանիելյանը:

Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939-ին այն ներկայացվել է Մոսկվայում` Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի մասնակցությամբ: 1956-ին Մոսկվայում կայացած հայ գրականության և արվեստի տասնօրյակին նույնպես թատրոնի հայտագիրը զարդարում էր «Անուշը», որտեղ արդեն ողբերգական ճակատագրի լեռնուհու դերերգը կատարում էր անկրկնելի Գոհար Գասպարյանը: Տարբեր տարիների բեմադրություններում Անուշ են երգել Էլվիրա Ուզունյանը, Աննա Նշանյանը, Էլլադա Չախոյանը, Ալիս Շահմիրյանը, Անահիտ Մխիթարյանը, Գայանե Գրիգորյանը, ուրիշներ:

100 տարի անց, «Անուշի» առաջին բեմադրության հոբելյանի օրերին, Գյումրիում կներկայացվի օպերայի նոր բեմադրությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ