ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ


 

Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ արևելյան երկիրն է, որն այս օրերին չափազանց շահագրգռված է Սիրայում խաղաղության հաստատմամբ: Մինչ Արաբական լիգան ու նրա կողքին կանգնած այլ տերություններ հակասիրիական քարոզչություն են սկսել` գլխավորապես առաջնորդվելով Իսրայելի ու Թուրքիայի թելադրանքներով, ԻԻՀ-ն ամեն կերպ խորացնում է իր կապերը Սիրիայի հետ, սպառնալիքներ տեղում բոլոր նրանց, ովքեր այս օրերին կամենում են ոչնչացնել Սիրիան:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, արհամարհելով պատերազմական վիճակն ու Սիրիայի հանդեպ որոշ երկրների կտրուկ վերաբերմունքը, Դամասկոսում հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ: Ջալիլին հայտարարել է, որ Սիրիան տարածաշրջանային դաշինքի` «իսլամական դիմակայության առանցքի» հենասյուներից մեկն է` ընդգծելով, թե Իրանը երբեք թույլ չի տա, որ Սիրիան կործանվի: Սիրիական ճգնաժամի կարգավորման միակ ուղին ժողովրդավարությունն ու ազատ ընտրություններն են: Ինչպես սպասվում էր, Ջալիլին պատերազմի սանձազերծման համար մեղադրել է ԱՄՆ-ին` ընդգծելով, որ Սիրիայում ընթացող զարգացումները պայմանավորված են ոչ թե երկրի ներքին խնդիրներով, այլ դիմակայության առանցքի ու տարածաշրջանում և աշխարհում նրա թշնամիների արտաքին հակամարտությամբ: Իրանցի պաշտոնյան հավելել է, որ քաղաքական ու տնտեսական այդ բոլոր պատժամիջոցները Սիրիայի դեմ նյութված դավ են, ինչն անասելի տանջանքներ է պատճառում ժողովրդին:

Դավ լինելու և այս ամենում Իսրայելի անմիջական մասնակցության մասին են խոսում այն փաստերը, որ տակավին անցած տարվա նոյեմբերից «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը ստահոդ տեղեկություններ էր հաղորդում իբրև թե Սիրիայում ընթացող լայնամասշտաբ պատերազմի մասին` այսպես բարոյական ճնշման ենթարկելով սիրիացիներին: Իրանի պետական ու քաղաքական գործիչները համոզված են, որ Սիրիան նախադուռ է լինելու` հետո արդեն Իրանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու համար: Ուստի այսօր սատարելով Սիրիային` պաշտոնական Թեհրանն ամեն ինչ անում է, որպեսզի Վաշինգտոնը չհամարձակվի պատերազմ սանձազերծել Իրանի դեմ:

Ըստ իրանական աղբյուրների, Ադրբեջանում արդեն մի շարք ռազմաբազաներում աշխատանքներ են տարվում` հնարավոր հարձակման դեպքում դրանք մարտունակ պահելու համար: Իսկ որ ԱՄՆ-ը հենվելու է առաջին հերթին Ադրբեջանի վրա` ոչ ոք չի կասկածում: Իրանի դեմ սպասվող գործողություններում Վաշինգտոնը կամենում է փոքր-ինչ հեռու պահել Թուրքիային` համոզված, որ մահմեդական համայնքը միասնական չէ Իրանի դեմ դիրքորոշումներում, ուստի չի բացառվում, որ Թուրքիայում հակաամերիկյան շարժումներ ձևավորվեն: Ահա ինչու ԱՄՆ-ը հենց Ադրբեջանն է կամենում դարձնել հարձակման սկզբնակետ: Այս մասին, ի դեպ, խոսել են Սիրիայի նախագահն ու Իրանի բարձրաստիճան պաշտոնյան: Նրանք նաև շեշտել են այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունները տեղափոխելով Հալեպ` այսպես կոչված ընդդիմությունը կամեցել է ամբողջապես կաթվածահար անել երկիրը, Սիրիային զրկել իր տնտեսական կայուն երակներից: Իսկ սա արդեն Իսրայելի և ԱՄՆ-ի ծրագիրն է, քանզի նպատակ է դրված քայքայել արաբական աշխարհի հզոր տնտեսությունները և գերակայությունը հանձնել Իսրայելին…

Իրանն, անշուշտ, ոչ մի կերպ չի համաձայնի այն մտքին, որ տարածաշրջանում Իսրայելը ստանձնի կամք թելադրողի դերը: Ուստի առաջիկա օրերին Իրանը կարող է միանալ Սիրիայի կառավարական զորքերին և հակահարված տալ այսպես կոչված ընդդիմությանն ու ապստամբներին: Որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ ամենաանցանկալին համարում են Իրան-Սիրիա ռազմական համագործակցությունը, որովհետև սա կարող է սկիզբ դնել տարածաշրջանային պատերազմին, որն էլ կարող է վերաճել համաշխարհայինի:

Արդեն իսկ սիրիական քաղաքացիական կռիվները դուրս են գալիս մեկ պետության տիրույթներից, որովհետև ապստամբերի շարքերում մեծ թիվ են կազմում թուրք զինյալները, ապստամբներին ուղղորդում են իսրայելցի հրամանատարները, Սաուդյան Արաբիան ևս անմասն չի մնացել այս ամենից և յուրովի ներգրավվել է սիրիական գործողությունների մեջ: Իր հերթին Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ այս ռազմական գործողությունները որևէ կապ չունեն Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու կամ էլ իր հրաժարականին հասնելու ձգտումների հետ` ինչպես ներկայացնում է Արևմուտքը: Սա Սիրիան քայքայելու ծրագիր է…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ