Քսան տարվա մեր փորձը


 

Հայաստանում հանքարդյունաբերության առաջացրած խնդիրների պատճառների շուրջ է զրույցը ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Ես ցանկանում եմ զրույցը սկսել մեր երկրի պաշտոնյաներից մեկի խոսքերը հիշատակելով, որը Դուք եք մի առիթով մեջբերել` եթե իմանանք, որ Երևանի տակ ոսկի կա, կքանդենք-կհանենք:

- Սևանի և Երևանի: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցն էր ասել` հայկական ինժեներական ակադեմիայի հրավիրած բնապահպանական դաշինքի ներկայացուցիչների համատեղ նիստում: Բանավեճ էր ծավալվել այն հարցի շուրջ, որ հանքարդյունաբերության ինտենսիվ զարգացումն ուղղակի կործանում է երկիրը: Երևանի, Սևանի տակից հույս ունեմ` չեն հանի, բայց Հանքավանի ամբողջ տարածքում, որը և´ անտառապատ է, և´ հանքային ու խմելու ջրի աղբյուրներ ունի, և´ առողջարարական գոտի է, 9 հանք են բացում` մեծ մասը մետաղական հանքեր: Դա նշանակում է, որ թունավորվում է այդ ամբողջ տարածքը:

Եվ թքա՞ծ ունեն, որ Հանքավանը առողջարանային գոտի է:

- Նույնը հիմա Ամուլսարի կռիվն է: Այնտեղ ոսկու հանք է` Ջերմուկին, Որոտանին բավականին մոտ: Հրազդանի գլխին երկաթի հանքի խնդիրն է: Այն կհարվածի և´ Հրազդանին, և´ Ծաղկաձորին: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև հիմքից կտրում է երկրի զարգացման մյուս ճյուղերը` գյուղատնտեսությունը, տուրիզմը: Հարվածում է մեր քաղաքներին, բնակչության առողջությանը:

Դժվար է պատկերացնել, որ մեր տնտեսության զարգացման պատասխանատուները չեն տեսնում այդ վտանգները: Հանքարդյունաբերության վնասների մասին բազմիցս է մամուլը բարձրաձայնել: Ի վերջո, ո՞րն է դրա իրական պատճառը:

- Սա մտածված, միջազգային կառույցների կողմից թելադրված քաղաքականություն է: Այսպես կոչված, անցումային շրջանը, փաստորեն անցում էր դեպի հումքային տնտեսություն: Այսինքն, մենք պետք է մեր բնական ռեսուրսները հանենք և առանց վերամշակելու, շատ էժան արտահանենք: Սա միայն մեզ չի վերաբերում, վերաբերում է ամբողջ երրորդ աշխարհին, նախկին ԽՍՀՄ երկրներին: Սա ռեֆորմների անվան տակ փաթաթեցին մեր վզին:

- Լավ է ասված` փաթաթեցին: Բայց Հայաստանն այժմ անկախ երկիր է ու կարող էր նաև չհամաձայնել:

- Իհարկե, մենք չպետք է համաձայնվեինք: Բայց չհամաձայնեց Բելառուսը, և դրա համար էլ Լուկաշենկոյին այսօր ամեն կողմից խփում են: Կարողացավ չհամաձայնել, օրինակ, Նազարբաևը` Ղազախստանում: Նաև` Չինաստանը: Նա քայլ առ քայլ իրականացրեց այդ ռեֆորմները, ինչի արդյունքում այսօր աշխարհում ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներից է:

Հայաստանը չէ՞ր կարող:

- Կարծում եմ` կարող էր. կարելի էր նաև ինչ-որ փոխհամաձայնության գալ: Բայց երկրի ներսում էլ միշտ գտնվում են մարդիկ, որ հլու հպատակ` պղտոր ջրում ձուկ են որսում: Ինձ թվում էր, թե դա վերաբերում է միայն անցումային փուլում գտնվող երկրներին: 2001թ. Ժնևում համաեվրոպական հավաք էր, և ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հիացմունքով խոսեցին ռեֆորմների մասին: Դրանից հետո ես, հիշատակելով ՄԱԿ-ի տվյալները, ցույց եմ տալիս, որ անցումային շրջանի արդյունքներով տնտեսական, սոցիալական, էկոլոգիական աղյուսակներով երկրների կորուստներն այնպիսին են, որ կարող էին լինել միայն տանուլ տված պատերազմի դեպքում: Մի քիչ սկանդալ ստացվեց, ինձ հետ չհամաձայնեցին: 2009-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արդեն ամբողջ Լատինական Ամերիկան, Աֆրիկան ըմբոստացել էին այն նմանատիպ` նեոլիբերալիզմի` հակասոցիալական, հակաէկոլոգիական կործանարար գաղափարախոսության ռեֆորմների դեմ, որոնք այդ երկրները վերածել էին հումքային կցորդի:

Հիմա Հայաստանն է այդ վիճակում:

- Այո: Փորձում ենք դուրս գալ: Կառավարությունն ունի նոր ծրագիր: Աշխարհի կեսը տեսել եմ, բայց Սյունիքի նման տարածք չեմ տեսել. բնակլիմայական պայմանները, պատմամշակութային հուշարձանների զուգակցումը... Տուրիզմի, գյուղատնտեսության, մշակույթի համար ստեղծված տարածք է:

-Բայց իմ ունեցած տվյալներով` Սյունիքը հանքարդյունաբերությունից ամենատուժած մարզն է:

- Ես հենց դա եմ ասում: Մենք Սյունիքը դրել ենք հանքարդյունաբերության տակ, և այդ տարածքն ուղղակի թունավորված է: Փաստորեն, երկիրը ծածկում ենք պոչամբարներով` խոցերով: Այսօր երիտասարդության շրջանում տարածված երգիծանք է` ծովից ծով, պոչամբարից պոչամբար Հայաստան: Էկոլոգներիս կարծիքն է` պետք է դադարեցնել ընդերք քանդելու նոր լիցենզիաներ տալը և եղած պոչամբարներն օգտագործել որպես հումքային աղբյուր: Այս պարագայում մենք և´ տնտեսական, և´ էկոլոգիական խնդիրը կլուծենք: Հսկա Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ հանքարդյունաբերություն զարգացնել` տվյալ տարածքները առանձնացնելով բնակավայրերից, առողջարաններից: Հայաստանն ամբողջը մի փոքր տարածք է. որտեղ ձեռք ես տալիս, ի վերջո գալիս Սևանին է հասնում, Արարատյան հարթավայրին է հասնում:

Դուք հիշատակեցիք Ամուլսարը: Վերջերս Ջերմուկում Հանրապետության նախագահին հարցրեցին այդ ոսկու հանքի մասին, ասելով, որ այն կարող է վնասել թե´ քաղաքին, թե´ հանքային ջրին: Եվ Ս. Սարգսյանը խոստացավ հատուկ հանձնարարել այդ խնդիրն ուսումնասիրել: Հիմա դժվար է ասել, թե իշխանություններն ուշադրություն չեն դարձնում խնդրին, բայց մյուս կողմից էլ...

- Մենք բազմաթիվ հարցեր բարձրացրել ենք և´ Նախագահի, և´ Վարչապետի մոտ: Հարցերի մեծ մասը լուծում ստանում են: Միայն նրանց հասնելուց հետո է, որ հարցերը լուծվում են: Բայց դա այդպես չպետք է լինի: Օրենքները չեն գործում:

Բոլոր դեպքերում, ի՞նչ եք կարծում, Հայաստանը չի՞ կարող ընդդիմանալ միջազգային այդ գաղութարարներին. արդեն այլ կերպ չեմ կարող անվանել այդ կառույցները:

Հիմա մի քիչ իրավիճակը փոխվել է: Երրորդ աշխարհը շատ խիստ ընդդիմանում է այդ ամենին: Մենք ուղղակի շատ անփորձ գտնվեցինք: Հետո Միջազգային բանկը և ԱՄՀ-ն իրենց հաշվետվության մեջ գրեցին, որ ռեֆորմների հարցում իրենք ամեն ինչ ճիշտ են արել, ուղղակի չէին սպասում, որ այդ երկրներում կլինեն այդքան ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված կառավարություններ: Ես կարծում եմ, որ երկիրը միշտ կարող է օգտվել միջազգային դրական փորձից և չենթարկվել միջազգային բացասական փորձին: Դժվար է դա, բայց շատ երկրներ կարողանում են այդպես վարվել: Հույս ունեմ, որ մեզ էլ մեր քսան տարվա փորձը դրան կբերի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ