ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ԵՎՍ


 

Ստացվեց այնպես, որ այսօր մեր ուշադրությունը հիմնականում սևեռվեց փոքր հիդրոէլեկտրակայաններին: Կառավարությունը դեռևս 2005 թվականին որոշում ընդունեց` խրախուսելով փոքր հէկ-երի շահագործումը: Այս որոշումն էլ ոգևորեց շատերին, ընդհուպ մինչև... Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպս. Մկրտչյանին, ով նույնպես այսօր իր հոտի տարածք հանդիսացող Վայոց Ձորում հէկ-երի տեր է դարձել: Ստուգված ու ճշտված տվյալներով, սրբազանին են պատկանում երեք հէկ, ինչը հաստատել է նաև Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանը: Սրբազան հայրը ՀԵԿ-երի գոյությունը չի ժխտում, այլ պարզապես ասում է, որ դրանք մոսկվաբնակ ինչ-որ գործարարի սեփականությունն են, իսկ ինքն ընդամենը օգնում ու օրհնում է:

Վաղուց գիտեինք, որ Հայաստանում ձևավորվել է այսպես կոչված եկեղեցական օլիգարխիան, որի դեմ պայքարում է նաև Մայր Աթոռը, սակայն ամենատարօրինակն այն է, որ փոխվել են արժեհամակարգերը: Նախկինում մեր հոգևոր հայրերի գլխավոր հատկանիշը ժուժկալությունն ու ունեցվածքից հրաժարումն էր, իսկ այսօր ահա ոմանք չեն հրաժարվում աշխարհիկ հարստություններից: