«ԹՈՒՆԵԼԻ ՀԱԿՈԲԸ» ԽՈՒՍԱՆԱՎՈՒՄ Է


Արփա-Սևան թունելի մոտ «արտոնյալ» ՀԷԿ կա, որը համարվում է տարածքի ամենամեծ կառույցը և գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: «Եղեգիս-1» կոչվող ՀԷԿ-ը, ինչպես պարզվում է, պատկանում է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Պատգամավորը միշտ ասում է, թե ինքը կապ չունի ՀԷԿ-ի հետ, և որ այն շահագործվում է «Բազենք» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Նշյալ ՍՊԸ-ն էլ ընտանեկան սեփականություն է, ու պատկանում է Հակոբ, Արմեն, Պարթև Հակոբյան եղբայրներին և Մելս Հակոբյանին: Այս հիդրոէլկայանը իր հզորությամբ, ի դեպ, զիջում է միայն Ողջիի ՀԷԿ-ին:

Գործարարությունը Հայաստանում որևէ մեկի համար արգելված չէ, սակայն ինչպե՞ս է պատահում, որ տարբեր պաշտոնյաներ, պետական կառավարման համակարգում աշխատելով, նաև «ձեռքի հետ» ՀԷԿ-եր ու տարբել ձեռնարկություններ են ստեղծում, ահռելի եկամուտներ ստանում, մինչդեռ մարզերում գործարարության խթանումը «շարքայինների» համար դարձել է անհասկանալի ու անմերձենալի: