ՏԿԱՉՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


 

- Այն, ինչ ոստիկանին չի թույլատրվում, թույլատրելի է կազակի համար: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք մղելու ներգաղթյալներին, կարգուկանոն ենք հաստատելու, ստուգելու ենք փաստաթղթերը, զբաղվելու ենք միգրացիոն քաղաքականությամբ, ճշտելով` ինչու է այս կամ այն անձը որոշել տեղափոխվել մեր երկրամասի տարածք: Դա թույլ կտա խուսափել իրավիճակից, երբ մարդիկ ուրիշ վայրերից կփորձեն հենց այնպես գալ Կրասնոդարի երկրամաս և, ասենք, սկսեն զբաղվել անօրինական բիզնեսով: Այդ մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է Կրասնոդարի երկրամաս չգալ:

Այս հայտարարության հեղինակը ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն է. այն մարդը, ում անունը ոչ մեկ անգամ է հիշատակվել հարավկովկասցիների, մասնավորաբար հայերի դեմ սանձազերծված կոնֆլիկտներում: Ավելին, հենց այս նահանգապետն է մշտապես լարված պահում կազակների և հայերի հարաբերությունները` կազակներին դրդելով կռիվներ հրահրել, ավերել հայերին պատկանող խանութներն ու արհեստանոցները: Իր այս քաղաքականությունը թաքցնելով իբրև թե միգրացիոն կարգուկանոնի հաստատմամբ, նա ասել է.

- Օրինական է ներգաղթյալը թե անօրինական` կարելի է ստուգել նրա ազգանվան վերջավորությամբ: «Յան»-ով, «շվիլի»-ով, «ձե»-ով և «օղլի»-ով ավարտվող բոլոր ազգանունները, ինչպես նաև դրանց կրողները օրենքից դուրս են:

Նահանգապետի հակակովկասյան և հակահայկական դիրքորոշումների մասին տեղյակ են Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները, քանի որ բազմիցս այս մասին գրել են ռուսաստանյան պարբերականները: Բայց չգիտես ինչու` շարունակում են հանդուրժել մի պաշտոնյայի, որն ազգամիջյան բախումներ է հրահրում, ստեղծում կազակական ոստիկանություն, որպեսզի պատժիչ գործողություններ իրականացնի հայերի հանդեպ…

Ռուսաստանում որոշ հայկական կազմակերպություններ քաջատեղյակ լինելով Տկաչովի վարքագծի մասին, այնուհանդերձ, լռություն են պահպանել, վախեցել են բախվել նրա հետ, իսկ երբեմն էլ հպատակվել են նրա հրահանգներին: Մնում է հուսալ, որ առաջիկայում այս հարցը կբարձրացնեն Պետդումայի և Դաշնային խորհրդի պատգամավորները, քանի որ նրանք չեն կամենում այս տարածաշրջանում ունենալ բախումնային իրավիճակ…