Հեքիաթի տոն Դսեղում


Աշնանային մշակութային թանձրացող խճանկարում ուրույն հավելման արժեք ներկայացնող «Թումանյանական հեքիաթի օր» երրորդ փառատոնի մեկնարկին ներկա գտնվելով մայրաքաղաքից Դսեղ ժամանած լրագրողների խմբով` ուշի-ուշով ներգրավվում եմ բացօթյա հանդիսության ոլորտում: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (ՅՈՒՆԻՄԱ) այս նախաձեռնությունը` արմատավորել Մեծ լոռեցու ծննդավայրում մանկական վառվռուն տոնախմբության ավանդույթը, արտերկրի ու Հայաստանի տիկնիկային թատրոնների ընդգրկմամբ, կարևոր եմ համարում: Բացի հեռավոր մարզի լեռնագագաթին ծվարած փոքրիկ գյուղի բնակիչներից, այն հնարավո րություն է ընձեռում շրջակա բնակավայրերի մարդկանց (հատկապես` մանուկներին) ևս մշակութային իմպուլսներով գոտեպնդվելու, դժվարին կեցության հոգեմաշ ազդեցությունը գեթ փոքր-ինչ թոթափելու: Փառատոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավարից` Արմեն Սաֆարյանից նախապես տեղեկանալով ներկա մանկատոնի բովանդակային շրջանակներում ընդլայնման մասին` ենթադրում եմ տարին մեկ անգամ զանգվածային աշխուժացման աննախադեպ առիթ ստացած Դսեղում ականատեսը լինել հեքիաթային հոծ խանդավառության: Հայաստանում մշտապես գործող մոտ 4 տասնյակ (այդ թվում` ինքնագործ, դպրոցական) մանկական թատրոնների կորիզը կազմող և Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից (Դոնի Ռոստով) հյուրընկալված 17 թատերախմբերի 20 ներկայացումներ են ցուցադրվելու (ի դեպ, մեծամասամբ փառատոնի խորագիրը չարդարացնող) սեպտեմբերի 6-ից 11-ը: Հինգ հոգանոց մրցութային հանձնախմբի կողմից, առաջին անգամ, առանձնացվելու են սահմանված 5 անվանակարգերին համահունչ լավագույն աշխատանքները: Կարապետ-տիկնիկ մրցանակից զատ շնորհվելու են նաև պատվոգրեր: Տիկնիկային արվեստի զարգացման նպատակադրվածությամբ` ցուցադր վելու են տեսաֆիլմեր, անցկացվելու են տիկնիկագործության դասընթացներ: Ցավոք, դարձյալ անտեսված էր ցանկացած միջոցառման իրադարձային լիարժեք լուսաբանմանը, ասել է թե` կենսագրությանը միտված զանգվածային լրատվության անմիջական մասնակցությունը նախատեսված ծրագրի կենդանի ընթացքին: Եվ, մեն-մի օրով «Թումանյանա կան հեքիաթի օր»-վա ամբողջական բովանդակության մասին պատկերացում կազմելու անիրագործելիության հստակ գիտակցությամբ, անհատական շփման եզրեր եմ փնտրում ոչ միայն գյուղի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվում է բացօթյա հանդիսությունը, այլև վերանորոգված եկեղեցու և Թումանյանի տուն-թանգարանի այցելուների խմբերում: Գյուղապետարանին (լավ էր, որ լաթի վերածված մեր եռագույնը շուտափույթ փոխարինվեց նորով` սրատես լրագրողներից մեկի արդարացի պահանջով. ի՞նչ կմտածեին հյուրերը…) կից կազմակերպված ցուցահանդես-վաճառքում զննում եմ վարպետ Սիփանի, տիկին Անահիտի, Ալինայի և Գևորգի տիկնիկները: Հարցուփորձով պարզում ինքնուս տիկնիկագործների նախասիրության արմատները: Նուրիների իր մոգական հավաքականությամբ նկարիչ-քանդակագործ Ստեփան Սարգսյանը աշխարհ է շրջել` տարեցտարի մեծ հետաքրքրություն ու ճանաչում գտնելով ամենուր, ինչպես, անցյալ տարի, Բարսելոնայի «Դրապ-արտ» փառատոնում: Ազգագրական վավերագրերի, պատմական տեխնոլոգիաների լիսիցյանական ուղեցույց-դասագրքի ուսումնասիրությամբ, ճապոնական հանրահայտ աշխատանքներից ստացած ստեղծագործական ներշնչանքով շուրջ 20 տարի խորագնա նվիրումով 300-ից ավելի նախշազարդ, կարպետահանդերձ հայաշունչ տիկնիկներ է հեղինակել` ջանալով պահպանել ավանդականի ոգին ամենաբնութագրական մանրամասներով: Դավթյան Ալինային տիկնիկագործությամբ «վարակել» է թերլեմեզյանավարտ մայրը, ում 30-ամյա աշխատանքի ամենաաչքի ընկնող գործերը բազմիցս են ցուցադրվել, վերջերս` Մոսկվայում: Հրապուրանքը, ամուսնու` Գևորգի սերտ համագործակցությամբ, հիմնավոր կենսագործման ռեալ հնարավորություն է ստացել սեփական արվեստանոցի կազմակերպմամբ: Հեքիաթների հերոսների կերպավորումից անցնելով կոնկրետ մարդկանց տիկնիկային նմանակներին` Սոս Սարգսյանին, Վանուշ Խանամիրյանին, մտերիմներին ու անծանոթներին... Տարեկան 300-400 տիկնիկ պատրաստող կենսուրախ Ալինան 11 տարվա ընթացքում ստեղծել է տարազների, տարանյութ համադրումների իր հորինվածքները` ապավինելով սեփական երևակայությանն ու մոր փորձառությանը: Վերնիսաժային ապրեցնող գործունեությանը զուգահեռ պատրաստվում է մոսկովյան անհատական ցուցահանդեսին: Հաջողեցնում է, նույնիսկ, բավարարել սեփական տիկնիկային կերպարն ունենալու ձգտող պատվիրատուների պահանջները` պատրաստելիս մտովի խորասուզվելով նրանց ներաշխարհը, պեղելով բնավորության գծերը: Դսեղում հարսնացած, երբևէ բուժքույր աշխատած Անահիտ Արզումանյանի (Աթոյանի) տիկնիկներն առավելապես հյուսկեն են: Թոռնիկի մանկական հոգևոր պահանջմունք ներին հագուրդ տալու միտումով նախաձեռնված ակվարիումից սկսած մինչև առանձին կերպարային տիկնիկներն ու մրգերը, ծաղիկներն ու հեքիաթների («Շունն ու կատուն», «Կիկոսը») յուրատիպ մակետները, շրջանակված ասեղնագործությունները: Մեկը մյուսին չկրկնող, տարարվեստ, ավելի կամ պակաս տիպականությամբ, հաջողվածությամբ: …Մինչ փառատոնի պաշտոնական մեկնարկը համարժեք տրամադրության խթանմանը միտված ձայնագրության հեռարձակումն ուժգնանում է` ամենքին մեկտեղելով Հովհաննես Թումանյանի արձանի շուրջ: Լավ կլիներ, իհարկե, որ դսեղցիների կողմից իրենց մեծահամբավ հայրենակցի հուշակոթողը գեթ նախապես ձերբազատվեր սարդոստայնացանցից, փոշուց ու կեղտից: Այդպիսով իրականում հավատընծա կդառնար նրա ծանրակշիռ վաստակի ու անվան նկատմամբ համագյուղացիների տածած ակնածալի վերաբերմունքը: Ինքնըստինքյան ենթադրվող ու նոր սերնդին հետևողականորեն փոխանցվող: Մինչդեռ… Արմեն Սաֆարյանի ծիծաղաշատ մուտքի խոսքից ու Լոռու մարզպետի խստաոճ, բայց բարյացակամ ողջույնից հետո ակամա բեմահարթակի վերածված պատվանդանից հեռանում են մասնակից խմբերի ներկայացուցիչները: Զրնգում է երաժշտութ յունը: Եվ Աջափնյակ համայնքի գեղագիտական կենտրոնի «Վասպուրիկ» մանկական թատրոնի խումբը խամաճիկների շուրջպարի ուրախ ռիթմերով վարակում է անցյալ տարվա համեմատ զարմանալիորեն սակավամարդ բացօթյա հանդիսասրահին: Արևով է ցողվում ողջ շրջապատը: Կանաչապատ շրջանում իրար են խառնվում տիկնիկակերպ մասնակիցներն ու զվարճություն փնտրող հանդիսատեսները: Գունեղացող հանդիսությունը, փոքր-ինչ շունչ առնելով, տեղափոխվում է դահլիճ: Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հանրածանոթ «Անհաղթ աքլոր»-ով ու հայ տիկնիկային արվեստի նահապետ Երվանդ Մանարյանի սրտապնդող պաթոսով շարունակություն գտնում: Մանկական անհամբերության ու հարցասիրության աղմկաշատ գվվոցը չի ձախողում հումորախառն, մերօրյա աղերսներով ուշագրավ ներկայացման հարթ ծավալումը: Արտերկրի մասնակիցների հետ աշխուժացող ծանոթությունն ընդհատելով` բռնում ենք վերադարձի ճամփան: Ինչպիսի՞ տպավորություններով նրանք կհեռանան Դսեղից` դժվարանում եմ կանխագուշակել: Հաջորդ օրերի անմիջական ներգործության գույների մասսայականացումը, ասես, կարևորված չէ: Այդուհանդերձ, սրտանց մտահոգվում եմ մանկական միջազգային այս տոնախմբության բազմաբովանդակ, արժանավայել (նախ` Մեծ լոռեցուն, ապա` մեզ բոլորիս) շարունակականությամբ: Առանց հեքիաթի կախարդանքի անհնար է մատաղ սերնդին Գեղեցիկի, Բարու, Վեհի առաջին լուրջ ներարկումներով աճեցնելը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ