«Մեր Աբդուլլա Գյուլի այցը Երևան»


Թուրքիո նախագահին ՀՀ նախագահի անակնկալ հրավերի նույնքան անակնկալ դրական արձագանքը միանշանակորեն չի ընկալվել նաև ու հատկապես Ադրբեջանում: Ու անցյալ շաբաթ այդ թեմայով գրեթե համրացած ադրբեջանական մամուլը, այցի նախօրյակին վերլուծություն հիշեցնող ինչ-որ մտորումներ է տպագրել, որը շողոքորթող հանդիմանանքի է նման: - Դժվար է ասել, թե ինչով առաջնորդվեց Աբդուլլա Գյուլը` ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու Թուրքիայի և Հայաստանի հավաքականների ֆուտբոլային մրցախաղին: Հռետորական այս հարցադրումը սեփական դիվանագիտական ճկուն աճպարարությամբ ինքնավստահ ադրբեջանցու տարակուսանքի մի դրվագն է միայն: Ահավասիկ. միլլի մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը, ոչ այն է` զարմացած, ոչ այն է` զայրացած հրապարակախոսության ժանրով կարծես փորձում է ընկալել, թե «Աբդուլլա մեր Գյուլը» ինչո՞ւ մեկնեց Երևան. - Կամ նրան ձգեց հայկական ֆուտբոլ կոչվող տարաշխարհիկ այդ երևույթը, կամ` Աղրիդաղին (մեղա¯, մեղա քեզ, լյառն Արարատ. անունդն էլ են թուրքացրել-խմբ.) մյուս կողմից նայելը, կամ Սերժ Սարգսյանին տեսնելու բավականությանն արժանանալը… կամ էլ, գուցե` այդ երեք հաճույքները միանգամից ստանալը: Սակայն անպատասխան է մնում միայն մեկ հարց. քաղաքական ի՞նչ օգուտ կա համատեղ այդ դիտումից: Ո°չ, չմտածեք, թե մեզ համար: Աստված մեզ հետ` ռազմավարական մեր միակ դաշնակից Թուրքիայի հետ մեկտեղ: Ո՞րն է Թուրքիայի օգուտը: Համաշխարհային հայերի հրաժարո՞ւմը «ցեղասպանության» ճանաչման գաղափարից: Կյանքում` երբեþք: Նրանք դրանով ապրում ու ապրելու են: Հայերն առանց կպչուն այդ գաղափարի` նույնն է, թե Սիկտիվկարի դիսկոտեկում տեսնել բարեկամաբար ողջագուրվող Պուտինին ու Սահակաշվիլուն: Այսինքն` պրակտիկորեն դա անկարելի է: Մտածել, որ հետո ողջ աշխարհով մեկ կարելի կլինի PR-արշավ անցկացնել, թե, իբր, տեսնում եք, ինքս անձամբ Երևան եմ մեկնել` նույնպես սակավազդեցիկ է: Հայերն այդ ամենը կխեղաթյուրեն, կհակաքարոզեն և, ճանաչելով հայերին` չի բացառվում, որ կասեն, թե Աբդուլլա Գյուլը ընդմիջմանը լուծողական է լցրել Սերժ Սարգսյանի սուրճի մեջ, և միայն ուժեղ կամքի շնորհիվ է վերջինս նայել երկրորդ խաղակեսը… Չէ¯, մանկամտությունը լափել է ադրբեջանցոց ուղեղը: Այսինքն` մտածելու ունակությամբ երբևէ աչքի չընկած մեր «խե¯ղճ» դրացիները սեփական պարտություններից հետո վրացական բախտախնդրությունից է°լ ավելի են մոլորվել տգիտության մացառներում: Նույնիսկ իրենց թույլ են տալիս նկատել, որ` «քարոզչության մեջ հայերը բոլոր պարամետրերով բացահայտորեն հաղթում են թուրքերին»: «Մարտնչող» խարդախության կամ նենգ հրահրումի դասական օրինակ… Ինչ վերաբերում է լուծողականին` ուրեմն թուրք ու ադրբեջանցի նախագահներն այդ կանեին: Մինչդեռ Հայաստանի նախագահի ու անգամ սուրճ մատուցողի մտքերով իսկ նման նենգություն չէր անցնի: Հայ արքաները դավեր չեն նյութել ողջ պատմության ընթացքում: Բայց շարունակենք արձանագրել խորհրդարանական «պայծառատեսի» ճամարտակումները. - Պատկերացնել, թե հայերը պատրաստ են ազգային հաշտության` պարզամտություն է: Ռուսաստանի ազդեցությունից հրաժարվելը կրկնակի միամտություն է: Ես, թերևս, կմտածեի, որ գուցե առկա են տնտեսակա՞ն ակնառու շահեր: Հայաստանի համար` բնականաբար, բայց, այ, թուրքերի համար` էական ոչինչ: Կան որոշ ենթադրություններ, որ դա թուրքերին պետք է` ԵԽ մտնելու համար: Սակայն այս ենթադրություններն էլ որևէ քննադատության չեն դիմանում, որովհետև, եթե նույնիսկ թուրքերը հայերին վերադարձնեն (ընդգծումը` խմբ) Կարսը, Էրզրումն ու Անթալիայի երեք հյուրանոցնե՞ր և այդ ամենով հանդերձ Թուրքիայի քաղաքական ողջ վերնախավը կադրիլ պարի ԵԽ անդամ երկրների ղեկավարների առջև, դարյձալ ԵԽ դիրքորոշումը չի մեղմանա: Սա ուրիշ զրույցի թեմա է, բայց ԵԽ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը հուսալ կարելի է առնվազն 30 տարուց ոչ շուտ: Ամուսնանալն ու ամուսնություն խոստանալը, որքան գիտեմ` տարբեր բաներ են: Երևակայական (թվացյալ) պլյուսների կողքին ակնհայտ են մինուսները: Նախ` Ադրբեջանի արձագանքը: Երկրորդ` թուրքերի հետ հաջող բանակցությունների արդյունքում (սահմանների բացում, դիվանագիտական և առևտրա-տնտեսական հարաբերություններ) հայերը հազիվ թե երբևէ զորքերը հաշտ ու խաղաղ դուրս բերեն գրավյալ տարածքնե րից. մեր երկրի հետ հարաբերությունները եթե չփչանան էլ, ապա` կսառչեն: Երրորդ. ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի միակ հաղթաթուղթը, ի հակակշիռ հայկական կողմի հաղթաթղթերի (գրավյալ տարածքների ու այսպես կոչված «ցեղասպանությունը» ճանաչելու առնչությամբ Թուրքիայի վրա ճնշումների), սահմանների փակումն է. այսինքն` տնտեսական ճնշումը: Եվ Թուրքիան ինքը, գուցեև ի°ր ձեռքով կարող է այդ հաղթաթուղթն էլ տալ հայերին: Պարզ է, որ եթե դա հասկանում եմ ես, ուրեմն հասկանում են նաև Անկարայում… Իհարկե, ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային հետաքրքրություններով: Թուրքիան էլ բացառություն չէ: Բայց թե ո՞րն է այդ հետաքրքրությունը` որևէ մեկն այդպես էլ համոզիչ պատասխան չի տվել… Զվարճալի՞ է: Չշտապե°նք սակայն: Արձանագրենք միայն, որ հայկական դիվանագիտական առաջընթացը հակառակորդն էլ է նկատում: