Անդրօվկիանյան կրքերը` ադրբեջանական պոռթկումներով


Մինչ Հայաստանում ու, իհարկե, նաև Թուրքիայում մարզա-քաղաքականացված ֆուտբոլային եռուզեռն էր սաստկանում, հենց սեպտեմբերի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը պոռթկաց հանկարծ` ատելության ժայթքումով: Այն էլ` …ընդդեմ իր պատվար ու հենարան Թուրքիայի: Մեղմ է «ընդդեմ» ասելը: Ու առանձնակի խորագիտություն էլ անհրաժեշտ չէ` հասկանալու համար, թե ում պատվերով է Աքպեր Հասանով ստորագյալ հրապարակախոսը «շիրմաքար» դնում մի թարմ «գերեզմանի» վրա, որն անվանում է ադրբեջանա-թուրքական բարեկամություն: Իհարկե, կարելի էր նաև սոսկ զվարճանալ ադրբեջանցի այդ հրապարակախոսի կամ քաղաքագետի խիզախությամբ` ինչպես փղի վրա հաչող կռիլովյան շնիկի «քաջութ յունն» ենք ծաղրել: Սակայն արդյո՞ք անդրօվկիանյան կամ արևմտյան հերթական արյունահեղության նոր սցենարի «կոկոնները» չեն նման հրապարակումները, բնականաբար` ռազմատենչ ադրբեջանցիներին հրահրող: «Սեպտեմբերի 6. Երեվան, Աբդուլլա Գյուլ. ծաղիկներ` պատրանքների գերեզմանին» վերնագրով հրապարակումը ինքնամեծար մի ենթավերնագիր էլ ունի` «Մնաս բարով, Թուրքիա°» Պարզվում է` ռուս-վրացական պատերազմը ազերիներին հիասթափեցրել է Ռուսաստանից: Հիշենք, որ բախումների օրերին ադրբեջանցիները «չքմեղանում» էին, թե ռուսների հետ իրենք էլ երբևէ բարեկամներ չեն եղել. հրադադարից հետո սկսեցին փառաբանել ռուս-ադրբեջանական բարեկամությունը` «մենք ռուսներին ենք պետք, ռուսները` մեզ» լեյթմոտիվով: Հիմա էլ նույն պատերազմի պրիզմայով նրանք «դիմակազերծում» են Թուրքիային` - Ավաղ, անջատողական ինքնակազմավորումներին անկախություն տալու շքերթին զուգընթաց, Ռուսաստանի ռազմական նվաճողականությունը մեզ հնարավորություն ընձեռեց տեսնել մեր տարածաշրջանում քաղաքական բոլոր հիմնական խաղամոլների իրական դեմքը: Եվ այսօր ես խոսելու եմ, թե ինչպիսին է ռուս-վրացական պատերազմից հետո մեզ համար բացահայտված իրական դեմքը Թուրքիայի,- գրում է Հասանովը: Շարունակությունն ավելի կատաղի է. - Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակման արդյունքում բացահայտվեց նաև Թուրքիայի կայսերական պատվամոլությունը: Իսկ Թուրքիան մինչև վերջերս գոհանում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը լինելու իր դերով: Կատարվածը գնահատելով որպես Ռուսաստանի հետ պայքարում ԱՄՆ-ի պարտություն, Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նախընտրեց քիփլինգյան Շեր Խանի («Մաուգլի» հեքիաթից-խմբ.) ուղին, որը հույս ուներ օգտվել Աքելլայի վրիպումներից: Նա մտադրվել է իր հսկողության տակ առնել ողջ Հարավային Կովկասը` որոշելով նախապես միամտեցնել Կրեմլին` խաղաղության ու համագործակցության Կովկասյան ծրագրի մեռելածին նախագծի մասին խոսակցություներով: Ահա թե հատկապես ում և ինչն է անհանգստացնում: Նոր գերտերության ինքնահաստատումը Նահանգների քիմքին դուր գալ չի կարող, իհարկե: Եվ փաստորեն այս տարածաշրջանում նա փորձելու է հենակետ դարձնել Ադրբեջանը` վրացական խայտառակ ձախողումից հետո: Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մշտապես հակազդել է ԽՍՀՄ-ին, ասել է թե` Ռուսաստանին, հրապարակախոսը ծիծաղելի է համարում այն խոսակցությունները, որ ժամանակակից Թուրքիան ու ՌԴ-ն կարող են գործընկերներ դառնալ: Առավել ևս` - Չափազանց մեծ է գենետիկ հիշողությունը` ցարական Ռուսաստանի ու Օսմանյան Թուրքիայի միջև պատմական հակամարտությունների, Անկարայի ու Մոսկվայի պահանջատիրությունները` իրենց կայսրությունները վերականգնելու և, ինչու չէ, Ադրբեջանում ու Հարավային Կովկասի ողջ տարածքում իրենց վերահսկողությունը հաստատելու վերաբերյալ: - Թուրքիան միշտ Ադրբեջանին վերաբերել է որպես սեփական գավառի,- ինքնագիտակցությունը վերագտածի «սթափությամբ» արձանագրում է Աքպեր Հասանովն ու ամուսնալուծվողի վճռականությամբ. - Թուրքիայի ներկայիս ղեկավարության ընտրած` Ադրբեջանի հետ գործնական փոխհարաբերություններին մեր երկիրն էլ լիիրավորեն կարող է պատասխանել փոխադարձ գործնականությամբ: Մասնավորապես, վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանն իր գազը Թուրքիայում իրացնի ոչ թե տարածաշրջանային, այլ եվրոպական գներով: Եվ Ա. Գյուլի այցը Երևան պաշտոնական Բաքվի համար լիարժեք առիթ կարող է դառնալ` վերանայելու գալիք տարվա գները: Բացի այդ, Ադրբեջանը կարող է թուրքական ապրանքների առջև պարզապես փակել իր շուկան` նախապատվություն տալով ուկրաինական ու ռուսական ոչ պակաս որակյալ ապրանքներին: Իսկ դա հավասար է նրան, որ թուրքական ապրանքները չեն դիմանա եվրոպականի մրցակցությանը, ինչը Թուրքիայի համար տնտեսական լուրջ հարված կլինի: Ավելին, արդբեջանցիք գլխի են ընկել, որ թուրքական հեռուստաալիքներն ու հեռասպասարկումն առանձնապես իրենց ճաշակով չեն. - Մի խոսքով` ամբողջապես հրաժարվել թուրքական ծագմամբ ամեն տեսակի ներխուժումներից` մեր իրականություն: Առավել ևս, որ այդ քարոզչությունը դրական, լուսավոր, խելացի ոչինչ չի պարունակում: Անձամբ ինձ համար դժվար է հավատալ, որ մեր քաղաքացիների ինտելեկտը զարգանում է` թուրքական սերիալներ նայելով… - Բավակա°ն է, բարեկամներս: Ժամանակն է` հասկանանք, որ Թուրքիայից դրական ոչինչ մենք չենք սովորի: Որովհետև Թուրքիան ինքն է շատ զգում եվրոպականացվելու կարիքը և ձգտում է մտածել ու ապրել եվրոպայորեն: ԽՍՀՄ փլուզումից առաջ մենք արդեն մի քայլ առաջ էինք Թուրքիայից` մեր մտավոր, մշակութային մակարդակով: Ու հիմա, վերջնականապես ամրանալով տնտեսապես, ժամանակն է վերադարձնել մեր ստասուս-քվոն, ապրել ապագայով` առանց ետ նայելու Թուրքիային: Եվ այդ ուղղությամբ որպես առաջին քայլ, հարկավոր է ծաղիկներ դնել ադրբեջանա-թուրքական եղբայրություն կոչվող պատրանքների գերեզմանին: *** Իհարկե, այսպիսի խոսքերը պահի ազդեցությամբ ու հենց այնպես չեն ասվում: Սակայն, երբ դրանց հեղինակն ադրբեջանցի է, ուրեմն նախ նրան հրահրողի հեռահար ծրագրերից կարելի է զգուշանալ` տարածաշրջանում բախման նոր օջախ բոցավառելու հավանականությունը կանխելու առումով: