«Իմ սրտի և հոգու մի մասնիկը»


Թամանյանական Երևանի դիմագիծը մի նոր նրբաերանգով էլ ամբողջացավ: Ու դա` շնորհիվ հայրենաբաղձ հայորդու` օտար ափերում զորացած, բայց մայր Հայաստանի տեսլականը հոգում անխամր պահած Ջերարդ Լ. Գաֆեսճեանի: Մայրաքաղաքի կենտրոնն ու հյուսիսային հատվածը կամրջող հոյակերտ կառույցը հյուրընկալ դռներն է բացել բոլորի առջև: Անցյալ դարի 80-ականներից մեկնարկած Կասկադի շինարարությունը վերածնունդ ապրեց 2002-ից ու այսօր հառնել է որպես Գաֆեսճեան արվեստի կենտրոն: - Այս կենտրոնի կառուցման գաղափարը արվեստի նկատմամբ ունեցած իմ անսահման սիրո և արվեստի իմ հավաքածուի համար լավագույն ապագայի որոնման տրամաբանական շարունակությունն է: Տասնամյակներ շարունակ ես համալրել եմ իմ հավաքածուն` իմ միտքն ու հոգին դնելով յուրաքանչյուրի ստեղծագործության մեջ: Թանգարանի ստեղծման ժամանակ ես ուսումնասիրեցի բազմաթիվ առաջնակարգ միջազգային թանգարանների գործունեությունը, որի ընթացքում պարզ դարձավ, որ որոշ հայեր նույնպես ունեն արվեստի խոշոր հավաքածուներ, որոնք չեն հանգրվանել Հայաստանում: Ստանալով բազմաթիվ առաջարկներ տարբեր քաղաքներից` ես ընտրեցի Երևանը` որպես արժանի հանգրվան իմ հավաքածուի ցուցադրության համար: Ես շատ շոյված եմ Հայաստանի Կառավարության` իմ և Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ստեղծման գաղափարի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքից: Իմ հավաքածուն իմ սրտի և հոգու մի մասնիկն է, և ես մեծ նվիրումով եմ կիսում այն ձեզ հետ այս արվեստի կենտրոնում: Հուսով եմ, որ այն ձեզ կպարգևի բացահայտման այն նույն ուրախությունը, ինչը պարգևել է ինձ: Մեծ հայրենասերի անկեղծ այս խոսքերում ամեն ինչ ասված է: Թերևս մնում է հավելել, որ բարերարի անձնական հավաքածուն (ավելի քան 5.000 գործեր) աշխարհում ամենաընդգրկունն է` գեղարվեստական ապակեգործության նմուշներով: Կենտրոնի` խնամքով մշակված ծրագրերն արդեն իսկ հուշում են, թե որքան հագեցած ժամեր են սպասվում` գեղեցիկի, արվեստի հետ հաղորդակցվել ցանկացող յուրաքանչյուրին: