Լուսեղեն երգի ճամփորդը


(բանաստեղծ Աբիգ Սահակյանի նոր ժողովածուների առթիվ) Ամեն բանաստեղծ իր սիրտն է բացում աշխարհին, իր հոգու վիշտն ու խնդությունը կիսում ընթերցողի հետ, ու գիրքն ասես լուռ վկան է դառնում հեղինակ-ընթերցող յուրօրինակ երկխոսության: Ընթերցելով գիրքը, քեզ համար մի նոր էություն ես բացահայտում, մի նոր կերպար, և, եթե նրա մտքերը, խոհերն ու խորհրդածությունները քեզ հոգեհարազատ են, նա քո մտերիմն է դառնում, քո ոգեղեն, աներևույթ խորհրդատուն: Հենց այդպես, ակամա ինձ համար բացահայտեցի բանաստեղծ Աբիգին (Աբրահամ Սահակյան), որի երկու ժողովածուները` «Կյանքս այրվող կերոն» (2006 թ.) և «Հուռթի աշուն» (2008 թ.) պատահմամբ էին ձեռքս ընկել£ Չափազանց պարզ և անմիջական է նորահայտ այս բանաստեղծի խոսքը, նա բնավ չի ջանում ճոխ ու զարդարուն բառերի տարափով զարմացնել ընթերցողին և անկեղծորեն խոստովանում Է. ...Ես կուզեմ` տողս լինի հասարակ` Հեռու սուտումուտ զարդ-զարդարանքից… Բազմազան ու բազմաբնույթ են Աբիգ Աահակյանին խանդավառող-ոգեշնչող թեմաները, նա բնության հմայքով խենթացած բնանկարիչ է, առաքինություն ու վեհանձնություն փնտրող խաբված ռոմանտիկ, ծնողասեր զավակ ու հավատարիմ ընկեր: Բայց ամենից առաջ նա թերևս հայրենապաշտ-հայրենասեր է, որի կյանքի իմաստն ազգին ծառայելն Է: Այդ սերը նրան Է փոխանցվել մշեցի պապերից, ծավալվելով տարածվել ու դարձել Է նաև սեր հայրենի հող ու ջրի, հարազատ բնաշխարհի, այդ հողից հաց ու բարիք արարողի նկատմամբ: Վեհանում Է բանաստեղծը հայրենի բնության սիրով, ու նրա անկեղծ պոռթկումներն ընթերցողի հոգին ևս ջերմացնում են£ Իրենց խոհականությամբ ուշագրավ են հատկապես Աբիգի քառյակներն ու վեցնյակները, որտեղ նա հիրավի փիլիսոփայական խոր ընդհանրացումների է հասնում: «Կյանքս այրվող կերոն» ժողովածուի մեջ տեղ գտած վեցնյակներից մեկում հեղինակը խորհրդածություններ է անում փառքի ու հաջողությունների, գանձ ու գահի անցավորության ու դրան հակադրվող հանճարի հավերժականության մասին. Աբիգ Սահակյանի պոեզիայում մեծ տեղ ունեն նաև սիրային բանաստեղծությունները, որ շատ ինքնատիպ են: Սերը նրա համար գոյության ձև է, կյանքի հիմնական հմայքն ու թովչանքը: Աբիգը քնքույշ ու նուրբ սիրահար է, հավերժական սիրով տարված` պատրաստ անմնացորդ նվիրումով ու հավատարմությամբ ծառայելու սիրո աստվածուհուն: Մեր լեռնային աղբյուրների պես պարզ ու զուլալ է նրա սերը, առանց սիրած էակի, կյանքը նրան դատարկ ու անիմաստ է թվում, շրջապատող աշխարհն անգույն ու խավար. Գիտե՞ս, առանց քեզ ինչքան տխուր է, Ապրածս կյանքը կարծես թե զուր է, Թեև արևն է երկնքից ժպտում, Շուրջս խավար է, համր է ու լուռ է… Այո, որպես ստեղծագործող, Աբիգ Սահակյանն ունի իր ուրույն կերպարը, որն իր մեջ միահյուսում է մեր անցյալի մեծերի ավանդույթներն ու նոր օրերի խռովահույզ տրամադրությունները: Անցումային այս փուլում, երբ մեր գրականությունը ինքնադրսևորման նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում, փորձում է նոր գաղափարներ ու նոր բարոյականություն ձևավորել, Աբիգն ունի իր հավատն ու գաղափարները` օծված լուսեղեն լավատեսությամբ:

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ