ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արա ՇԻՐԱԶ. քանդակագործ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ «Չբարձրաձայնված եմ համարում ծնողներիս հանդեպ ունեցածս սերը» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Միանգամից ասել, թե ինչն է կյանքում եղել ամենադժվարը` հեշտ չէ, որովհետև խնդիրներ կան, որոնք մեկը մեկից դժվար են թվում: Դժվար էր այս 15-20 տարիների ընթացքում մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը հանդուրժելը: Նկատի ունեմ արտագաղթը, որի զոհերից է նաև իմ ընտանիքը: Գուցե ես ամեն ինչ չարեցի, որ դա տեղի չունենար: Ծանր` մութ ու ցուրտ օրերին այնպես ստացվեց, որ կինս երեխաների հետ որոշ ժամանակով մեկնեցին ԱՄՆ: Բայց այդ ժամանակը երկար տևեց, ու հիմա միայն կարծես թե մտադրություն ունեն վերադառնալ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Կարող է և զարմանաք, որ ասեմ չինացի: Նրանց ներդրումը մարդկության զարգացման մեջ մեծ է: Ինձ համար անգնահատելի է չինական փիլիսոփայությունը, պոեզիան և առհասարակ մշակույթը: Գիտական ասպարեզում էլ չինացիների դերը փոքր չէ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ես էլ կյանքում չեմ կարողացել խուսափել վատ արարք թույլ տալուց, որն իմ գաղտնիքն է: Սակայն այժմ էլ չեմ կարող բացել այն: Իսկ չբարձրաձայնված եմ համարում ծնողներիս հանդեպ ունեցածս սերը: Իրենց կյանքի ընթացքում պատշաճ ձևով չեմ բարձրաձայնել այդ մասին: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Առանց մտածելու կարող եմ ասել` մեր ժողովրդի ճակատագիրը` իր հերոսական և պարտության էջերով: Որոշ գծեր ունենք, որոնք, կուզենայի, որ չլինեին: Օրինակ` մեզանում հաճախ են լինում դեպքեր, երբ մարդիկ հիասթափված դժգոհում են նախանձի մթնոլորտից: Իսկ դա պառակտություն է առաջացնում, ինչն էլ խաթարում է ազգի միաբանությունը: Ինձ համար առեղծվածային է դարերի խորքից եկող հայրենալքումը: Ճիշտ է, օբյեկտիվ պատճառները գիտենք, բայց, այնուամենայնիվ, ինձ համար անբացատրելի է այդ երևույթը, ինչպես և այսօրվա մեր գոյությունը. պատմական փաստերին նայելիս` հասկանում ես, որ որպես ազգ այժմ կարող է և չլինեինք: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից: - Զավեշտալի են ամուսնությանս դեպքերը: Տարիներ հետո միայն հասկացա, որ ամուսնությունս չկանխամտածված է եղել, որովհետև այդ քայլին եմ գնացել` չճանաչելով այն մարդուն, ում հետ ամուսնացել եմ: Ծիծաղելի է… - Մանկության այն հուշը, որ մինչ այԺմ ուղեկցում է Ձեզ: - Հիշում եմ, որ փոքր ժամանակ չէի սիրում նոր շոր հագնել: Խեղճ մայրս իր ձեռքով ինձ համար զգեստ էր կարում, իսկ ես ամաչում էի հագնել այն: Եվ մինչև հիմա կամակորությանս պատճառն էլ եմ հիշում. չէի ուզում մեր բակի երեխաներից տարբերվել նոր շորերով:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ