ԻՆՔՆԱԾԱՆՈՒՑՈՒՄԸ` ԱՇԽԱՏԱՈՃ


Մեր երկրի կրիմինալը հետզհետե նմանվում է մոլախոտի, որը ոչ թե արմատախիլ արվելուց հետո (ինչպես բնության մեջ) կամաց-կամաց նորից է արմատներ ձգում, այլ պարզապես այն չի բաժանվում արմատից ու անկախ պայմաններից` շարունակաբար աճում է ու փարթամանում: Իր հերթին` ոստիկանության պատասխանատուների կողմից քրեածին իրավիճակի ամեն մի նկարագրություն առաջին հերթին կրիմինալի «ջերմագին» արձագանքին է արժանանում, ինչն էլ հաջորդող շրջանում վիճակագրությանը տրամադրվող թարմ ու առատ փաստերի բազմապատկմամբ է դրսևորվում: Դիցուք, նույնիսկ ընթացիկ տարվա համար դժվար է վերհիշել, թե ոստիկանության այս կամ այն պաշտոնյան արդեն քանի՞ ասուլիս է հրավիրել ու մտահոգ և լուրջ կեցվածքով նկարագրել այն մոլախոտը, որը լրագրողների հետ իրենց հանդիպումների հաճախականությունը հաշվի չառնելով, համառորեն աճում է: Անկախ ամենից` ուսադիրավորների «մտահոգ ու լուրջ» դիրքորոշումը ցասմամբ, պոռթկմամբ չի փոխարինվում… Կտրուկ և վճռական գործելաոճից հայրենի ոստիկանութ յունը շարունակում է խուսափել` ամեն ասուլիսում ստեղծված իրավիճակը հազար ու մի պատճառով արդարացնելով, բայց համակարգն այդպես էլ անգործության մեջ չմեղադրելով ու պաշտոնաթողության ճանապարհն իբրև ուղիներից ամենաուղիղը այդպես էլ չնախընտրելով… Ավելին, ցանկացած նման հանդիպում մի ընդհանուր իրողությամբ է գերազանցապես նշանավորվում, և այն շատ ընդգրկուն ամփոփում ունի` հանցագործությունները մեր հանրապետությունում աճել ու է°լ ավելի նոր թափով են շարունակում բազմապատկվել: Ահա այն, ինչ կարելի է ակնկալել սեփական գործունեությունը տարփողող ոստիկանության ասուլիսներից: Մի կարևոր նկատառում, սակայն, ընդգծենք: Զարմանալի անկեղծությամբ ամեն անգամ նշվում է, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների գծով է հատկապես վիճակագրությունն առավել բարձր տոկոսներ գրանցել: Սա փաստ է, որն ինչքան էլ ոստիկանության իբր թափանցիկ գործունեության քարոզչության շրջանակներում հրապարակվի, բայց միաժամանակ չեզոքացնում է նաև կրիմինալի աշխուժացման սոցիալական դրդապատճառների մասին նույն աղբյուրի պնդումները… Այսինքն, ընդամենը օրվա հացի չլուծվող խնդիրը հազիվ թե մարդուն իր նմանին կյանքից զրկելուն մղի: Եվ դժվար չէ նկատել, որ այդ նույն հանապազօրյան ձեռք բերելու համեստ նպատակով, ասենք, մետաղի ջարդոն թռցնող-հանձնողները վաղուց արդեն հարկադիր պարապուրդի են մատնվել: Ակնհայտ է, որ թե° մետաղի պաշարներն են սպառվել, թե° դրա կիլոգրամի դիմաց գումարի չափերն են նվազել: Եվ ոստիկանությունից առաջ վիճակագրությունն է փաստում, որ հացի խնդիրը մարդասպանության հազվադեպ է մղում: Հանցագործությունների աճին համաներումից հետո ազատ արձակվածների բերելիք մեծագույն ավանդն էլ ենթադրելի էր սկզբից ևեթ` բոլոր համաներումների հետևանքները հաշվի առնելով: Համաներում, բնականաբար, ոչ առաջին, ոչ վերջին անգամ հայտարարվեց: Ասել է թե` բոլորովին էլ «պարտադիր» չէր, որ այն անպայմանորեն անկանխատեսելի լինելուն շատ մոտ իրավիճակի հանգեցներ: Մինչդեռ այստեղ է, որ սովորաբար հնչում է «Ունենք այն, ինչ ունենք» մտախեղ ձևակերպումը: Բայց եղածի, ստեղծված իրավիճակի հետ հաշտվելը, հարմարվելն ու սպասելն էլ իր հերթին է անհնար: Առավել ևս, որ շան գլուխը հաստատ ինչ-որ տեղ թաղված է. և դա հենց նույն տեղում է, որտեղ ժանգոտվում է իրավիճակի վերահսկման բանալին: Իսկ կարևոր դռան փականը կոտրելով բացել չարժե, քանի որ այն պահից, երբ ոստիկանությունը պաշտոնաթողության արժանապատվությունը չունենալով, գոնե պաշտոնաթողի աշխատանքային կարգավիճակից հրաժարվի, հենց այդ օրվանից էլ կարող է վիճակագրությանը մատուցվելիք առայժմ խայտառակ ցուցանիշների նվազում նկատվել: Հետևաբար, իրավիճակի փրկությունը ոչ միայն անհնարին չէ, այլև նույնիսկ տեսանելի կարելի է համարել: Չէ՞ որ դա ինչ-որ ժամանակ մեր երկրում անհամեմատ ավելի քիչ հանցագործություններ են արձանագրվել: