Հյուրասրահ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ


ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ազգային դերասանական արվեստի ճանաչված դեմքերից մեկն է: Դերասանուհի, ով քառասուն տարի աշխատելով Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` իր կյանքի վերջին 20 տարիները կապել է լոնդոնահայ համայնքի հետ, այստեղ աշխատել որպես Թայթայան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, հանդես եկել անգլիական ներկայացումներում, իսկ հիմա էլ հարազատ թատրոնի բեմում խաղում է Լյուսի Կուպեր` «Հիշիր վաղվա օրդ» պիեսի բեմադրության մեջ: - 1995-ին Դուք հեռացաք Հայաստանից և սիրելի թատրոնից: Ինչո՞ւ: Ի՞նչը ստիպեց մոռացության մատնել անցած ճանապարհն ու հայտնվել նոր իրականության մեջ: - Ես իմ անցած ճանապարհից ու իմ կենսագրությունից չհեռացա: Ծանր ու դժվարին տարիներ էին, ամեն ինչ կարծես կանգ էր առել, անհնար էր ապրելը: Սակայն կար մի ուրիշ հանգամանք ևս. աղջիկս ապրում էր Լոնդոնում, հարկավոր էր նրան օգնել, աջակցել… Ու ես հայտնվեցի այնտեղ: Շատերին թվում է, թե արտասահմանում գտնվելը բախտավորություն է, թե այնտեղ կյանքը հեշտ է… Ես մեծ դժվարությունների միջով անցա, կարողացա հաղթահարել վախս, անվստահությունս… Միայն երջանիկ ապրելու համար չէ, որ մարդիկ հեռանում են հայրենիքից: Բազմաթիվ խնդիրներ կան, հոգսեր: Սակայն թե´ ես, թե´ շատերն ապրել ենք դրսում` տուն դառնալու մշտական սպասմամբ: Ես ավելի մեծ կարոտ ունեի` բեմը: Ուրեմն, իմ կենսագրությունը միշտ ինձ հետ է եղել` որքան էլ զատված եմ եղել իմ թատրոնից: - Գիտեմ, որ ազատ չեք եղել, հանգիստ չեք նստել. Լոնդոնում անգամ մասնակցել եք ներկայացումների: - Իհարկե: 1996-ին ճակատագիրը բախեց իմ դուռը. մասնակցեցի անգլերեն լեզվով մի ներկայացման: Ես անգլերեն չգիտեի, նոր էի հաճախում քոլեջ` լեզվին ծանոթանալու համար: Մի օր զանգահարեցին մեր տուն և ասացին, թե տեղյակ են, որ Հայաստանից դերասանուհի է եկել, ուզում են նրան դեր առաջարկել: Խոսակցությունը վարողը աղջիկս էր` Հասմիկը: Ես նրան ասացի` փոխանցի պիեսի հեղինակին, որ կարող եմ խաղալ… Խաղացի, իսկ մեկ տարի անց նորից հրավիրվեցի` այժմ արդեն լիարժեք բեմադրության մեջ Եղեռնի սարսափներն ապրած ընտանիքի մոր` Մարիամի դերը խաղալու: Լեզվի իմացությունը շատ է օգնում կերպարի մարմնավորման ժամանակ, սակայն կան նաև զգացմունքներ, «դրամատիկական հեկեկոցներ», որոնք կարծես լեզվի կարիք չեն զգում: Բայց ես արդեն տիրապետում էի անգլերենին, ուստի առաջին իսկ հանդիպման ժամանակ բեմադրիչին ասացի, որ երազում եմ խաղալ Մարիամի դերը… Հիմա այդ պիեսը, որը չափազանց հուզիչ պատմություն է ինքնությունն ու հայությունը պահպանել ձգտող հայ ընտանիքի մասին, դստերս հետ թարգմանել ենք հայերեն: Եվ Հակոբ Ղազանչյանը խոստացել է այն բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում: -Ասում են, որ Ձեր հայրը դեմ է եղել դերասանուհի դառնալու Ձեր որոշմանը: - Այո´, դեմ է եղել: Ես դեռ 12-13 տարեկան` հաճախում էի Ղուկասյանի անվան պիոներ պալատի ասմունքի խմբակ: Մեր ասմունքի ուսուցչուհին հայ մեծ դերասանուհի Արուս Ոսկանյանն էր: Նա էլ սեր արթնացրեց թատրոնի հանդեպ: 1949-ին, դպրոցն ավարտելուց հետո, դիմեցի Թատերական ինստիտուտ: Ընդունելության քննությունների համար էլ պատրաստել էի… Զամբախովի մենախոսությունը «Խաթաբալա» կատակերգությունից: Երբ հանձնաժողովի նախագահ Դավիթ Մալյանն իմացավ այս մասին, ասաց. «Աղջիկս, դա տղամարդու տեքստ է, դու ինչո՞ւ ես այն ընտրել»: Ասացի, որ շատ եմ սիրում: Հանձնաժողովի սեղանի մոտ նստած գանգրահեր մի մարդ ասաց. «Թող կարդա, լսենք»: Կարդացի…. Ընդունվեցի ինստիտուտ: Հետո իմացա, որ իմ մեջ բնութագրականություն նշմարած մարդը հայ հանճարեղ բեմադրիչ Վարդան Աճեմյանն էր: Երբ հայրս իմացավ, որ ընդունվել եմ Թատերական, պարտադրեց, որ հեռանամ այնտեղից և գնամ համալսարան: Քանի որ համալսարանի քննություններն ավելի ուշ էին` ընդունվեցի բանասիրա կան ֆակուլտետ: Այստեղ էլ ակադեմիկոս Մկրտիչ Մկրյանը լսեց իմ ասմունքն ու պարտադրեց գնալ Թատերական ինստիտուտ: Երբ մեկ ամիս անց վերադարձա թատերական, արվեստանոցի ղեկավար Վավիկ Վարդանյանը հարցրեց. «Ո՞ւր էիր այս մեկ ամիսը»… Ամաչեցի ասել ճշմարտությունը, իսկ հայրս համակերպվեց իմ ընտրության հետ… 1953-ին, երբ ավարտեցի ինստիտուտը, Հրաչյա Ղափլանյանը հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոն: - Շատ երկար տարիներ խաղացել եք այս թատրոնում, Ձեր դերասանական կենսագրությունը հյուսվել է 100-ից ավելի բեմական հերոսուհիներով, հանդես եք եկել նաև հեռուստաթատրոնում... Ո՞րն է եղել Ձեր հավատամքը: - Հավատամքս ամբարված է ընտրությանս մեջ: Ես որոշեցի դերասանուհի դառնալ, նվիրվել բեմին: Ու նվիրվեցի: Դյուրին չէ լինել դերասան: Դերասանը կարող է ապրել առանց փողի, առանց ընկերների, նույնիսկ` առանց սիրո, սակայն առանց ստեղծագործելու նա շնչահեղձ կլինի: Սա նաև երջանիկ լինելու իմ բանաձևն է, չնայած ես միշտ ունեցել եմ և ունեմ ընկերներ, սերն էլ պակաս չի եղել իմ կյանքում… Իմ հավատամքն առավել ցայտուն ներկայացնելու համար` հիշեմ իսպանացի փիլիսոփա Բալթասար Մորալեսի մի միտքը. «Վերաստեղծիր քո փայլը սքանչելի փյունիկի պես: Այդ առավելությունը տրված է միմիայն ընտրյալներին: Գերազանցությունը, ինչպես նաև հռչակը, թոշնում են ժամանակի հետ: Ամենամիջակ նորույթը կարող է հաղթանակ տանել ամենանշանավոր մեծության դեմ` իր ծերության օրոք: Ուրեմն, վերածնունդ ապրիր քաջության մեջ, մտքի մեջ, երջանկության մեջ»: - Ի՞նչը Ձեզ ստիպեց վերադառնալ Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն: - Մի քանի տարի առաջ իմ թատրոնը հյուրախաղերով գտնվում էր Լոնդոնում: Ես բոլորին հրավիրեցի իմ նեղլիկ բնակարան: Հենց այդտեղ էլ Հակոբ Ղազանչյանն ասաց. «Ժենո, դու դեռ անելիք ունես մեր թատրոնում»: Ու ես վերադարձա: Վերադարձս ստիպողաբար չէր, դա հոգու պահանջ էր, բեմի կարոտ էր: Ոչ ոք չի պատկերացնում, թե դերասանի համար ինչ է նշանակում բեմի կարոտը: Ես, իհարկե, այս բոլոր տարիներին խաղացել եմ, հանդես եմ եկել Հայաստանում, մասնակցել եմ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, սակայն անսամբլային թատրոնի հմայքն ուրիշ է… Հիմա խաղում եմ խաղացանկային ներկայացման մեջ, երջանիկ եմ զգում ինձ: - Օրեր առաջ նշվեց Ձեր ծննդյան 80-ամյակը: Ի՞նչ զգացումներ ունեցաք հոբելյանի ժամանակ: - Բեմից ինձ նվիրված ջերմ խոսքեր հնչեցին, հաճոյախոսություններ եղան, խաղացի մի քանի հատվածներ, կարդացի բանաստեղծություն… Հասկացա, որ ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում: Հասկացա նաև, որ ուժերս տեղն են, կարող եմ շարունակել ստեղծագործել: Իսկ երբ քո մեջ ստեղծագործելու ուժ ես գտնում, նշանակում է` դեռ ապրում ես: Ապրելը միայն շնչելը չէ, միայն գոյությունը չէ: Ապրելը մեծ իմաստի ու մեծ զգացմունքի ներդաշնությունն է: - Թույլ տվեք միանալ բոլոր շնորհավորանքներին և հաղորդել նաև մեր ընթերցողների շնորհավորանքի խոսքերը: - Շատ շնորհակալ եմ: «Ավանգարդ» թերթը շատ եմ սիրել, մեր թատրոնի բոլոր բեմադրություններին անդրադարձել է այս թերթը: Կարելի է ասել, որ այն ամենամշակու թայինն է: Ուրեմն` ձեզ էլ հաջողություն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ