Թուրք-ադրբեջանական տանդեմի ձախողումը


Հայաստանին մեկուսացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերը, կարծես թե ջուրն են լցվում: Հայաստանը ոչ միայն չի մեկուսացվում, այլ աստիճանաբար և հաստատուն քայլերով սկսում է կարևորվել և ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում: Դա փաստող իրադարձության ականատեսը եղանք օրեր առաջ, երբ գրեթե միաժամանակ Երևան այցելեցին մեր երկու հարևանների` Վրաստանի և Իրանի արտգործնախարարները: Նրանցից առաջինի այցը նպատակ ուներ նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, իսկ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Երևանում քննարկելու քիչ բան չուներ (Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության, ինչպես նաև էներգետիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր): Թվում էր, թե պահն այնքան էլ հարմար չէր` Իրանի հետ սերտ հարաբերությունների էլ ավելի զարգացման համար` հաշվի առնելով վերջինիս և Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ խորացող հակասությունները: Իրանի հետ Հայաստանի բարեկամությունը կարող էր առաջացնել Վաշինգտոնի խանդը: Սակայն պաշտոնական Երևանին առայժմ հաջողվում է աշխարհաքաղաքական կենտրոնների` տարածաշրջանում ունեցած շահերը համադրել իր հարևանների և իր սեփական հետաքրքրությունների հետ: Այս առումով հետաքրքիր է Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունները: Մեր այս անմիջական հարևանի և մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումները տարբեր են, տարբեր են նաև մեր նախընտրած անվտանգության համակարգերը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարում երկու հարևանների երկխոսութ յանը նաև տնտեսական ոլորտում: Վրացիները Երևանում խոսում էին Մեղրի-Բաթումի ավտոմայրուղի կառուցելու մասին: Հաշվի առնելով, որ Վրաստանին հովանավորում է Արևմուտքը, կարելի է հասկանալ, որ հիշյալ ճանապարհի կառուցումով հետաքրքրված է նաև վերջինս, որ այդ ճանապարհի կառուցումը նաև նրա ծրագրերի մաս է կազմում: Եվ մասնակցելով դրան, Հայաստանը փաստորեն ընդգրկվում է Եվրոպայի` մեր տարածաշրջանին վերաբերող ծրագրերի իրագործման մեջ: 90-ականներին, երբ սկսվեց քննարկվել ադրբեջանական նավթի արտահանման երթուղին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գտնում էր, որ Հայաստանով անցնելու դեպքում նավթատարը կարող է խաղաղարարի դեր ունենալ: Երևանն առաջարկում էր տնտեսական ոլորտում համագործակցելով` նորմալ դրացիական հարաբերությունների սկիզբ դնել: Սակայն Բաքուն և Անկարան ընտրեցին «սկզբից Ղարաբաղի հարցի լուծում, հետո միայն տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին Հայաստանի մասնակցություն» բանաձևը: Հասկանալի է` նրանք Ադրբեջանի օգտին Ղարաբաղի հարցի լուծումը նկատի ունեին: Թուրք-ադրբեջանական տանդեմը համոզված էր, որ շրջափակելով Հայաստանը` կհաջողեն նաև նրա քաղաքական մեկուսացման գործում: Սակայն կարճ ժամանակ անց` արդեն այսօր, պարզվում է, որ ոչ միայն այդ մեկուսացման ծրագրերն են ջուրն ընկել, այլև ինքը` Ադրբեջանին սատարող նրա ավագ եղբայրն է հայտնվել մեկուսացման գործընթացի ճիրաններում: Արդեն 2003 թվականից սկսվեց Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցումը, երբ վերջինս մերժեց ԱՄՆ-ի զինուժին իր տարածքը տրամադրել` Իրաք ներխուժման համար: Այսօր արդեն Միացյալ Նահանգների քաղաքական նախագծողները Թուրքիային փոխարինող են փնտրում տարածաշրջանում` որպես դաշնակցի: Իսկ Դավութօղլուի հռչակած` «զրո խնդիր հարևանների հետ» բանաձևն, ըստ էության, տրամագծորեն հակառակ զարգացում ստացավ: Այսօր Անկարան թշնամացել է տարածաշրջանում իր երբեմնի դաշնակցի` Իսրայելի հետ: Հարաբերությունները բարվոք չեն նաև Սիրիայի հետ: Վերջինս և Իրանը անհրաժեշտության դեպքում համատեղ պատասխան հարվածի պլան են մշակել, և նրանց հավանական թիրախների թվում է նաև Թուրքիան: Իսկ Հայաստանը հաջողությամբ կարողանում է համատեղել աշխարհի հզորների և իր շահերը: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Երևանում անհիմն չհայտարարեց, թե տարածաշրջանում Հայաստանը հատուկ դիրք ունի: Խնդիրը նաև այն է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը մասնակցության ցանկություն է հայտնել նաև Ռուսաստանը: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան նույնպես շահագրգռություն ունի այս հարցում: Հայաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 4-5 ամսից արդեն կսկսվի երկաթուղու շինարարությունը: Ավելին, Ալի Աքբար Սալեհին հուսով է, որ երկու երկրների միջև շուտով վիզային ռեժիմը կվերացվի: Իսկ մինչ այդ, մինչև տարեվերջ Երևանում սպասում են Իրանի նախագահ Ահմադինեժադին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ