1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


OOO Պետեկամուտների կոմիտեն հրատարակել է այս տարվա ինն ամիսների առաջատար հարկատուների ցանկը: Նախորդ տարվա համեմատ` հատկապես կտրուկ ավելացել են թիվ 1 հարկատուի վճարած հարկերը: Ցանկը գլխավորում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս կառույցի հարկային վճարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ երեք անգամ: Ակնհայտ է, որ համաշխահային ճգնաժամի հաղթահարման արդյունքում գունավոր մետաղների գների կայունացումը (երբեմն էլ աճը) բարերար ազդեցություն է ունեցել ոլորտի վրա` հանգեցնելով արտահանման ծավալների կտրուկ աճի: Հանքարդյունաբերության մոտակա հեռանկարներին սակայն դժվար է նույն լավատեսությամբ նայել, քանի որ եթե հաջորդ տարի աշխարհում դարձյալ տնտեսական ճգնաժամ մոլեգնի, ապա գունավոր մետաղների համաշխարհային շուկայում առաջացած լճացումն ու գնանկումը անխուսափելիորեն հարվածելու են նաև մեր հանքարդյունաբերության առաջընթացին: Մյուս հարկատուների վճարումները գրեթե անփոփոխ են մնացել: Ոմանց հաջողվել է որոշ չափով աճ գրանցել, ոմանք էլ նահանջ են արձանագրել: Ինչպես միշտ, խոշորների տասնյակում իրենց անփոփոխ դարձած տեղերն են զբաղեցրել բենզինի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաև «Հայռուսգազարդն» ու «Հայկական Էլցանցերը»: Բջջային կապի օպերատորների պարագայում նույնիսկ հերթականությունը չի փոխվել. «Ղ Տելեկոմին» հաջորդում են «ԱրմենՏելն» ու «Օրանժը»: Ինչ¬որ առումով «անհետաքրքիր» դարձած խոշորների ցուցակին դրականորեն կարելի է վերաբերվել: Այս ցանկում գերիշխող դարձող միապաղաղությունը տնտեսության կայունացման կարևորագույն արտահայտություններից կարելի է համարել: Մյուս կողմից` վճարաչափերի պահպանումը վկայում է, որ ՊԵԿ հաջորդ հրապարակումներում նույնպես ցնցող փոփոխությունների չարժե սպասել: Եվ այս պարագայում շարունակում է կասկածելի մնալ, թե հաջորդ տարվա գերխնդիր` ավելի քան 100 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային հավաքագրումների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու: OOO Գյուղատնտեսական վարկերի թեման մոռացվել է: Այդ մասին սովորաբար մարտ¬ապրիլ ամիսներին են հիշում, սակայն դա չի նշանակում, թե կուտակված պարտքերն այս շրջանում հաջողությամբ մարվում են: Բանկերի աչքը լույս` «որքան պարտք, այնքան տոկոս ու շահույթ: Այս տարի առաջին անգամ, գյուղոլորտը փրկելու մտահոգությունից դրդված, կառավարությունն աննխադեպ քայլի դիմեց. մինչև 10 տոկոս արժողությամբ այսպես կոչված էժան գյուղվարկերը փրկօղակ դարձան խոշոր պարտքեր ունեցող ու նոր վարկեր վերցնելու հնարը չունեցող հողագործների համար: Բայց նաև ամենաուղիղ կերպով հարվածեցին բանկային բիզնեսին: 20-25 տոկոսանոց անմատչելի պարտքային տոկոսն ըստ էության անցյալում մնաց` ապացուցելով, որ տարիներ շարունակ բանկերը կեղեքել են հողագործներին և վերջակետ դնելով ամեն գարնանամուտի ճարահատյալ դրանց «բարեհաճությանն» ապավինելու ավանդույթին: Բանկերն, իհարկե, ֆինանսական համաներում չհայտարարեցին` ձգտելով հին պարտքերն ու տոկոսները լումա առ լումա հետ ստանալ: Այլ հարց է, որ, չգիտես ինչու` գոնե հիմա որևէ տվյալ չի հրապարակվում ոչ տարեսկզբին հողագործների ունեցած ընդհանուր պարտքի, ոչ էլ դրանց մարման ընթացքի վերաբերյալ: Դատելով համեմատաբար բերքառատ տարվա մասին գյուղնախա րարության կողմից պարբերաբար հրապարակվող տվյալներից, մնում է կարծել, որ ստացված եկամուտների մի մասը գյուղացիները հաստատ պարտքերի ու տոկոսների մարման նպատակին հատկացրած կլինեն: Ինչևէ, աննախադեպ որոշման` էժան գյուղվարկեր տրամադրելու նախաձեռնությանը զուգընթաց գործադիրը հայտարարեց, որ պետական աջակցության ծավալներն ու աշխարհագրությունը տարեցտարի ավելանալու են: Այսինքն, դիցուք, առաջիկա գարնանը հատկացվելիք գումարի չափն ավելի մեծ է լինելու, ինչն էլ ենթադրաբար հնարավորություն է ստեղծելու ավելի մեծ թվով հողագործների ընդգծել էժան գյուղվարկեր ստացողների ցուցակներում: Չի բացառվում իհարկե, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ` շատ բանկեր հայտարարեն գյուղվարկերի տոկոսադրույքների էժանացման մասին` փորձելով պետության մրցակիցը դառնալ: Այս կանխատեսելի նախաձեռնությանն, իհարկե, կարելի է դրականորեն վերաբերվել: Մանավանդ` չի բացառվում, որ մի օր էլ գործադիրի ու վերջիններիս միջև պայմանավորվածություն ձեռք բերվի` մինչև 10 տոկոսի սահմաններում վարկային գործառույթը միմիայն բանկերին թողնելու: Ի վերջո, ոմանք գուցե անբնական համարեն, որ կառավարությունն է բանկի ու վարկատուի դերում հայտնվում, սակայն երաշտի հետևանքով ճգնաժամում հայտնված գյուղոլորտը փրկելու այլ եղանակ տվյալ դեպքում դժվար էր գտնել: