Գագաթնաժողովային շփոթմունքներ Կամ` նախագահական «բացթողումներ


Կաննում Մեծ քսանյակի գագաթնահավաքը հագեցած է եղել նաև անհարմար իրավիճակներով: Ամենասկզբում, օրինակ, կնամեծար Սիլվիո Բեռլուսկոնին երկու անգամ ննջել է` գործընկերների ուշադիր հայացքների ներքո: Իսկ ֆրանսիական Arret sur Images կայքը հաղորդել է, որ մամլո ասուլիսից հետո Ֆրանսիայի և Ամերիկայի առաջնորդներն առանձնացել են` ամփոփելու օրվա արդյունքները: Եվ զրույցն, իբր, սկսել է Օբամայի կշտամբանքներով առ այն, թե Սարկոզին չէր նախազգուշացրել, որ Ֆրանսիան մտադիր է քվեարկել ՅՈՒՆԵՍԿՕ¬ին Պաղեստինի անդամակցության օգտին: Ու դա այն դեպքում, երբ Վաշինգտոնը կտրականապես դեմ է դրան: Դրանից հետո, ասում են, նախագահներն սկսել են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի «ոսկորները լվանալ»: - Ես նրան տանել չեմ կարող: Նա ստախոս է,¬ պոռթկացել է Սարկոզին: - Դուք ասում եք, որ հոգնել եք նրանից, իսկ ես ստիպված եմ ամեն օր աշխատել նրա հետ,¬ ինքն իրեն ցավակցել է Օբաման: Նրանց այս զրույցի ակամա վկաներն են դարձել դեռևս դահլիճում գտնվող այն լրագրողները, ովքեր չէին հասցրել հանել ասուլիսում սինխրոն թարգմանության ականջակալները: - Այն պահին, երբ մամլո կենտրոնի աշխատակիցները հասկացան, թե ինչ է կատարվում, գաղտնի զրույցն ի լուր շատերի տարածվել էր մոտ 3 րոպե,¬ պատմել են ամենատես լրագրողները: Հետո՞ ինչ, որ նրանցից ստորագրություն են վերցրել, որ լեզուները կպահեն ատամների ետևում: Ի դեպ, նմանատիպ շփոթմունքներ նախկինում ևս տեղի են ունեցել: Օրինակ, 2005 թ. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան սպասում էին, թե իրենցից որի՞ մայրաքաղաքը կհայտարարվի 2012 թ. Օլիմպիական խաղերի անցկացման վայր: Պատվիրակության ղեկավար Ժակ Շիրակն այդ պահին եղել է Շրեդերի և Պուտինի կողքին: Չկասկածելով, որ բարձրախոսները կարող են միացված լինել, նա իր մտածածն է բարձրաձայնել անգլիացիների մասին. - Միակ բանը, որ նրանք ներդրել են եվրոպական գյուղատնտեսության մեջ, դա կովային կատաղությունն է: Եվ ընդհանրապես, չի կարելի վստահել այն մարդկանց, ովքեր այդքան նողկալի խոհանոց ունեն: 1984¬ին էլ ԱՄՆ¬ի նախագահ Ռոնալդ Ռեյգանն է «սայթաքել»: Ռադիոյի ուղիղ եթերում ելույթ ունենալուց առաջ նրան խնդրել են մի քանի բառ ասել` ձայնի հնչեղությունը ստուգելու համար, և նա կատակել է. - Բարեկամներ, ես ուրախ եմ այսօր ձեզ տեղեկացնել, որ հրաման եմ ստորագրել, որն այսուհետ Ռուսաստանը համարում է օրենքից դուրս: 5 րոպե անց մենք կսկսենք ռմբակոծել նրանց: Նախագահը չի իմացել, որ քաղաքական իր կատակը հեռարձակվում է ուղիղ եթերով: Բարձրախոսները նաև Ջորջ Բուշին են մատնել: 2000 թ. նախընտրական արշավում իր մի ելույթից հետո նա փոխնախագահ Դիկ Չեյնիին ասել է, թե «Նյու¬Յորք թայմս» թերթի լրագրողն «իսկական տխմար» է: Չեյնին էլ ծոր է տվել` - Էլ մի˜ ասա: Հետագայում Բուշը ներողություն է խնդրել և բացատրել է. - Ես ասել եմ այն, ինչ ասել եմ: Ես հասարակ մարդ եմ: