Ադրբեջանական բանակը «խեղդամահ» է լինում


Երբ մենք խոսում ենք ադրբեջանական բանակի անմխիթար վիճակի մասին` երևան հանելով այդ պետության զինված ուժերի բոլոր թերությունները, այդ թվում` կոռումպացված գեներալիտետի ամլությունը, շատերին թվում է, թե սա միտված է քարոզչական դաշտում հարձակումներ կատարելուն, կամ էլ հայ հասարակությանը համոզելուն, թե տեսեք-տեսեք այլ երկրներում բանակները ինչպիսի վատ վիճակում եմ գտնվում: Մինչդեռ Ադրբեջանի բանակը իսկապես ծանր կացության մեջ է, հակառակ դեպքում հայ լրագրողների և փորձագետների համար անհնարին կլիներ մատնացույց անել դրա թույլ կողմերը: «Ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում» Հարևան երկրի բանակում այս տարի գրանցվել են բռնաբարությունների և դեդովշչինայի բազմաթիվ դեպքեր: Սպաների կողմից բռնաբարության զոհ են դարձել ինչպես շարքային զինվորներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Օրինակ` այս տարվա մարտ ամսին զինված ուժերի զորմասերից մեկում ավագ լեյտենանտ Անար Ազիզովը երկար ժամանակ բռնաբարել է նորակոչիկներից մեկին, ով այդ մասին պատմել է իր ծառայակից ընկերներին: Խոսակցության ընթացքում պարզվել է, որ ավագ լեյտենանտը բռնաբարել է ևս 6 զինծառայողների, գրում է criminalazerbaijan.com-ը` եզրահանգելով, որ «ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում»: Հոկտեմբեր ամսին էլ ադրբեջանական բանակի 4 սպաներ մի կնոջ խաբեությամբ տարել էին զորանոց, բռնաբարել ու ծեծել: Սակայն տուժողը կարողացել էր փախչել ու ամեն ինչ պատմել ոստիկանության աշխատակիցներին: Երկրի բանակի ղեկավարությանը բնորոշ է նաև զինվորներին որպես բանվորական ուժ օգտագործելը: Այս առնչությամբ «Ենի Մուսավաթ» թերթը վերջերս գրել էր. - Իրականում նման երևույթները ադրբեջանական բանակում մեծ տարածում ունեն: Բարձրաստիճան սպաները ստիպում են զինվորներին կատարել խոզ պահողների աշխատանք, խնամել ոչխարներին և կառուցել ցանկապատեր սեփական ագարակներում ու շքեղ առանձնատներում: Այս երևույթը հատկապես տարածված է Նախիջևանում: Թերթը նաև հավելել է, որ ԶՈՒ-ում բազմաթիվ դեպքեր կան, երբ զինվորներին որպես աշխատուժ արտահանել են Իրան: Այս բոլոր դեպքերի վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը կամ մեկնաբանություններ բացարձակապես չի արել, կամ էլ հաղորդել է, որ «այդ տեղեկությունները տարածում են հայերը»: