Պատանեկության գրչակերտ ծիածանը


Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի (տնօրեն Ռուզան Տոնոյան) և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի ( նախագահ` Դավիթ Մաթևոսյան) անմիջական նախաձեռնությամբ Հայաստանը 2013-ին անդամակցեց Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին (IBBY): 1953-ից Ցյուրիխում (Շվեյցարիա) գործող այս կառույցը հասարակական կազմակերպության պաշտոնական կարգավիճակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ում ու ՅՈՒՆԻՍԵՖ-ում և մեծ հեղինակություն է վայելում աշխարհի ավելի քան 70 երկրներում` որպես երեխաների իրավունքների պաշտպանության բարոյահոգեբանական հուսալի նեցուկ:

«Էդիթ պրինտ» հրատարակչության և «Ակտուալ արվեստ» ՀԿ-ի գործուն աջակցությամբ «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով կյանքի կոչված «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթի եռօրյա վարպետության դասերը ոչ միայն հայ երիտասարդ գրողներից 7-ի պատանեկան «7 գույն» ժողովածուի ձևավորման, այլև գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը» պատմվածքի խթան դարձան: Ստեղծագործական փուլին հաջորդեցին բելգիացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի վարպետության դասերը, որոնց 8 մասնակիցներն իրենց երևակայության թռիչքով գտան նորաստեղծ 7 պատմվածքների նկարչական կերպարը:

Մանկապատանեկան գրքի քաղաքականությունն ուղղորդող հեղինակավոր կազմակերպության ու նրա հայաստանյան մասնաճյուղի համագործակցության առաջին ծիծեռնակները` նորընծա «7 գույնն» ու «Ապակյա Արամը», օրերս հայտնվեցին մեր ազգային մանկական գրադարանում: Բազմամարդ շնորհանդեսի մտերմիկ մթնոլորտում գրասերներն անկեղծորեն բարձրաձայնում էին թե´ իրենց գոհունակությունը գրահրատարակչական ճգնաժամից գտնված նոր ելքով, թե´ դասական ընթերցասիրության կտրուկ նվազմամբ պայմանավորված հնարմատ մտավախությունները: Այդուհանդերձ, ստեղծագործական այս մրցույթի մասնակիցների ու աջակիցների հետ ունեցած անմիջական փոխ-շփումներով, բարյացակամ լավատեսությամբ էին համակվում: Այս հարկի ներքո անցկացված գրող-ընթերցող խարխլված կապի վերականգնմանը միտված բազմաթիվ տարամասշտաբ միջոցառումների մասնակիցները համոզված էին, որ «Դարձ առ գիրքը» միջազգային ամենամյա փառատոնով կարելի կլինի էապես խթանել «համացան ցային դարաշրջանի» մատաղ սերնդի դասական ընթերցասիրությունը:

Խնամքով թերթում ես «7 գույնը» ժողովածուն, տպավորվում նկարազարդումների մի մասով: Մյուս մասը, որպես մանկան անվարժ ձեռքի գունագծումներ, ընդունում ես ներողամիտ ժպիտով: Տարվում ես առաջին պատմվածքի ` Ալլա Սերոբյանի «Վասիլի» ընթերցանությամբ: «Լեդի» մկրտված նորածին քոթոթի հանդեպ «Վայրենի» մականունը ստացած ծեր կատվի «մայրական սիրո» դրսևորումները անակնկալի են բերում, սրում հետաքրքրությունդ պատումի հետագա ընթացքի հանդեպ: Սևեռվելով հեղինակի անսահման հետաքրքրասեր փոքրիկ հերոսի պատումի դրամատիկ զարգացումների վրա` համակարծիք ես դառնում արտասովոր կենսադեպի նրա զարմանքը մեղմելուն միտված մեծերի պատասխանին.

- Աշխարհը հրաշքով լի է ու բարի, ի՞նչ կա զարմանալու»:

Երբ շնագայլերի գիշերային հարձակումից Լեդիին փրկելու համար մահացու վիրավորվում է Վասիլը և անհետ կորչում է Լեդին, տխրում ես պատանեկան անկեղծութ յամբ, ուզում ես կոնկրետ օրինակով հակառակվել մեծերին` հապա ինչու՞ է հաճախ Չարը հաղթում... Բայց, քանի որ Սերոբյանը, վերջաբանի փոխարեն, խոստանում է նոր` «Լեդիի վերադարձը» պատմվածքով ամրապնդել Բարու հավատդ, կլանվում ես ժողովածուի մյուս պատմվածքների ընթերցանությամբ:

Համացանցային խաղերի սիրահարներին սրտամոտ է Կարինե Աշուղյանի «Երկրի Կանաչ ժամից յոթ օր առաջ» պատմվածքը: «Աստղային ճամփորդությունների» մոլի երկրպագուներին Աշուղյանն աննկատ վարակում է տիեզերական անսահմանության զգացողությամբ, մայրական նրբանկատությամբ հասանելի է դարձնում համազգային, համամարդկային գերխնդիրների հանգուցալուծման հրատապությունը: Առանց մերկապարանոց քարոզների ու ավելորդ խրատաբանության` Նոյի, Արամի և Անիի վարքագիծն ուղղորդում է ի նպաստ Երկիր մոլորակի Կանաչ ժամի մոտալուտ գալստյան:

90-ականների մղձավանջով փլուզված ընտանեկան դրամայի վերջին ողբերգական ակորդներն է, ասես, ամփոփում Լիլիթ Հակոբյանի «Լուռ երգը»: Մեծահասակ ընթերցողները միայն պատանեկան ընկալմանը փոքր-ինչ խորթ այս պատմվածքի ենթաշերտերում կգտնեն իրենց ապրած մութ ու ցուրտ տարիների հստակ արձագանքները: Հեքիաթային խաբկանքով կերտված մի հատու քաղաքական պամֆլետ է Էլֆիք Զոհրաբյանի «Ամոթի գույնը»` մերօրյա թափանցիկ շեշտադրումներով առլեցուն: Հովհաննես Թեքգյոզյանի «Ֆիզ-կուլտ-ուռա˜» պատմվածքը անցյալ դարի 80-ականների դպրոցական առօրյայի, իրականության ինչ-ինչ մերժելի դրսևորումների գրոտեսկային երանգավորումն է, զավեշտախառն կծու հեգնանքը: Երազիկ Գրիգորյանի «Դինոզավրի համաստեղությունը» նույնպես կրթական նախկին համակարգի որոշ նրբերանգներն է փորձում մռայլագույն վերակերպավորել. դասամատյանի համարների վերածված անուններով աշակերտներ, երբեմնի տեր-թոդիկյան մանկավարժության մնացուկներ... Սարկաստիկ ծաղրով ներկայացված «Կոկորդիլոս»-ուսուցչի ընդհանուր նկարագրում խտացված են պեդանտ մանկավարժներին բնորոշ հատկանիշները: Կենսաբանության դասը չսերտած 8 համարի` զարմանքից քարացած Ռոկո դինոզավրի հեքիաթը նրա դասընկերներին իրենց օրվա թեմայից` դինոզավրի «պատմական» ճշգրիտ նկարագրից ավելի է հետաքրքրում:

Մի սրտառուչ ընտանեկան դրամա է պարփակված Մհեր Բեյլերյանի «Ամենահզոր տանկը» պատմվածքում: Որքա˜ն սեր, կարեկցանք կա Ղարաբաղյան պատերազմում հերոսաբար հաշմված, «տանկ»-անվասայլակին գամված երբեմնի քաջարի զորահրամանատար Վարդանի անարև ներկայում: Ինչպիսի˜ անչար համակերպությամբ է ներկայացնում հեքիաթների աշխարհում սավառնող 12-ամյա որդուն իր երիտասարդ կնոջ` Մարիի դավաճանությունը, սեփական անմխիթար գոյատևումը.

- Այդպիսին է բոլոր տանկերի ճակատագիրը, երբ պատերազմն ավարտվում է, նրանք կանգնեցվում են պահեստում:

«Ամենահզոր տանկ»-հոր անձնական ողբերգությունն այնպիսի անմիջականությամբ է վերապրում հեղինակը, որ թվում է, թե 12-ամյա Արամի օրագրի էջերն ես ծածուկ ընթերցում: Եվ ուզում ես հավատալ մեծահոգի, բարեգութ «տանկի» հորինած հեքիաթին, թե, իբր, հետախուզական նկատառումներով, նրա նմանակին հուղարկավորելուց հետո Արամը միառժամանակ ստիպված կլինի ապրել մոր ու նրա «հետախույզի» հետ, բայց շուտով օդաչու կդառնա ու մի օր կգտնի սիրելի հայրիկին:

Նորընծա պատմվածքների ժողովածուի «7 գույներին» ծանոթանալուց հետո ձեռքդ ես վերցնում Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը»: Կազմի վրա դաջված է նորաոճ համարվող ձևավորման հանրածանոթ ախտանիշը` գրքի վերնագրի փոքրատառերով գրությունը (խե˜ղճ Մեսրոպ Մաշտոց...): Ոչ մի կերպ չհամակերպվելով տեսածիդ` կարդում ես թայզենյան Արամի պատմությունը: Զարմանում ես, թե առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած գերմանացին ինչպես է կարողացել մի քանի օրում ներթափանցել հայի նկարագրի խորքերն ու ամենաբնութագրական գծերով ներկայացնել պատանեկան առաջին սիրո մի ուշագրավ հայահենք պատմություն:

Համակարգում ես նորընծա պատմվածքների ընթերցանությունից քաղածդ տպավորությունները, և հոռետեսությունդ սկսում է տեղի տալ: Գուցե իսկապե՞ս հնարավոր լինի հաղթահարել հայտնի հեղաբեկումներով խորացած գրող-ընթերցող անջրպետը: Այս պահին, IBBY Հայաստանի մասնաճյուղի երկամյա գործունեությամբ, իրատեսական 1 այգաբաց է ուրվագծվում ընթերցասիրության զանգվածային վերադարձի մառախլապատ հորիզոնում` ՀՀ 15 «պատվիրակներ» Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակի հավակնորդ կդառնան, երբ «7 գույնը» լույս կընծայվի անգլերեն և կներկայացվի «Փոքր Նոբելյան մրցանակի»: Ինչպես ասում են` Ժամանակից առաջ չընկնենք: Լիահույս ողջունենք առաջին ծիծեռնակների գալուստը և հավատով սպասենք համազգային հոգևոր զարթոնքի նորաբաց արշալույսներին: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ