Հասարակությունն ինքն է ձևավորում իր ժամանակը


Թատերարվեստի ու մտավորականության մասին է զրույցը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Նելլի ԽԵՐԱՆՅԱՆԻ հետ:

- Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այսօրը:Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասանուհի:

- Եթե հայացքս ետ շրջեմ, պիտի փաստեմ, որ դժվար ճանապարհ ենք անցել բոլորի պես, սակայն յուրաքանչյուրս` մեր զգացումներով, մեր ձեռքբերումներով և պարտություններով: Սա է մեր ժամանակը: Դժգոհել կարող ենք, բայց ժամանակը հավերժ չէ. պետք է աշխատել ու ստեղծել: Դերասանուհի դարձա, որովհետև ուզում էի, ու փառք Աստծո, իմ ընտանիքում ոչ ոք դեմ չէր:

- Արդյո՞ք հեշտ է խաղալ ներկայիս պայմաններում:

- Ես իրավունք չունեմ դժգոհելու ճակատագրից, ժամանակից, սակայն չկա դերասան, ով լիովին բավարարված է: Բացառությամբ, թերևս, հերթական պրեմիերային հաջորդող մեկ շաբաթը: Ես էլ դերասանական ընտանիքի մի մասնիկն եմ և զերծ չեմ դրանից: Խաղալ միշտ է դժվար, ընդհանրապես մեր գործը բարդ է, տանջալի: Այն խլում է քո ուժերը, նյարդերը, միտքդ ու հանգիստդ: Ցավոք, մենք կորցնում ենք ավելին, քան ձեռք ենք բերել, և էս կորուստների շքերթում կորցրել ենք նաև գնահատելու կարողությունը:

- Մշակույթը տվյալ ժողովրդի դիմագիծն է. կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր այդ դիմագծով:

- Մեր մշակույթը մենք ենք ստեղծում, և այն նման է մեզ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Ու թե ինչպիսին է այն այսօր` կարելի է գլխի ընկնել: Սակայն ինչպես մնացած ոլորտներում, այստեղ էլ երբեմն մեծ, երբեմն փոքր փայլատակումներ ունենում ենք:

- Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցել եք լույս ու մութ տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս հեռուստատե սության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը

-Հեռուստատեսության հետ ժամանակ առ ժամանակ մտերմանում եմ, սակայն այն իմ տունը չի դառնում: Մի պարզ պատճառով` թատրոնը սիրում է նրանց, ովքեր հավատարիմ են: Բայց միշտ հաճելի է հեռուստատեսությունում և դա արել եմ հաճույքով: Հեռուստատեսությունը հզոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել, ինչը մենք ոչ միշտ ենք անում: Ինձ համար այն շատ կարևոր մարտավարական օղակ է` ճաշակի ձևավորման գործում

- Ձեր ամենասիրելի գործընկերը հեռուստատեսության ոլորտում, թատրոնում:

- Միայն հաճելի հիշողություններ են մնացել բոլոր նրանցից, ում հետ աշխատել եմ հեռուստատեսությունում: Այս պահին աշխատում եմ Հ3 հեռուստատեսությունում. հենց դա էլ վկայում է իմ ջերմ վերաբերմունքը: Ես սովորաբար աշխատում եմ նրանց հետ, ովքեր ինձ գնահատում են: Ինձ համար կարևոր նախապայման է հարգանքը. հակառակ պարագայում ես հեռանում եմ` երբեմն «անգլիական» ձևով:

- Ի՞նչը կարող է միավորել դերասաններին և ընդհանրապես` մտավորականներին:

- Միավորվել ինչ-որ բանի շո՞ւրջ... շատ դժվար է մեր օրերում: Ընդհակառակը, մենք վարպետ ենք իրար վրա ցեխ շպրտելու, քարկոծելու, ոչնչացնելու կոչեր անել, իսկ միավորման խնդիրը մնում է բարդ ու անլուծելի:

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

- Ժամանակը դուրս է եկել իր շառավղից. մեր ժամանակի մասին է ասվել` այլ ժամանակում: Հասարակությունն ինքն է ձևավորում իր ժամանակը: Սակայն հասարակության ու մտավորականի միջև անջրպետ է ստեղծվել, որը տարիների ընթացքում լայնացել է: Թույլ տվեք հոռետեսորեն նշել, սա սուբյեկտիվ մոտեցում է, մտավորականի կարծիքն ու դիրքորոշումը ոչ մեկին հետաքրքիր չէ, բացի մի քանիսից, ովքեր միշտ պատրաստ են պատվերով հարձակվել ու կեղտ շպրտել սրա-նրա վրա: Այդպիսիներն հենց այդ պահերին են արդարացված զգում իրենց անգույն գոյությունը:

- Ո՞րն է դերասանի տեղը հասարակության մեջ:

- Դերասան լինելու համար նախ կրթություն է պետք, գիտակցում, թե ուր ես գնում, ինչ ունես ասելու, ինչ կռիվ ունես աշխարհի հետ, ինչ երազներ ունես: Հենց այնպես դերասան չեն դառնում. աշխատասիրություն է պետք, կամք է պետք, հարուստ ներաշխարհ, ժամանակը զգալու կարողություն, երևակայություն: Շատ շատ բաներ, որոնց գիտակցումը երբեմն բացակայում է, և մասնագիտությունն ընկալվում է որպես հայտնի դառնալու գործիք: Գուցե ժամանակն է կրկին մեղավոր, բայց ժամանակը նաև դաժան դասեր է տալիս:

- Ո՞րն է Ձեր խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

- Քանի դեռ երիտասարդ ես, քեզ թվում է` դեռ շատ ժամանակ կա ու ամեն ինչ կհասցնես, միջին տարիքում շտապում ես ամեն բան հասցնելու համար, վստահ եմ` ծերությունը ամեն բան իր տեղն է գցում, պարզապես ժամանակ այլևս չունես: Սա էլ խորհուրդս երիտասարդներին. այդ սրիկային, որ կոչվում է ժամանակ, ժամանակ չտալ շունչ քաշելու: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ