«Չարտասանված Նոբելյան ճառեր» 

Հետմահու... մենախոսություններ

 Երբ 2015-ի մեր գլխավոր ասելիքը դեռևս ամբողջ լրջությամբ և խորությամբ չի ընկալվում Երկիր մոլորակի ներկա  ճակատագրի  կարծրասիրտ տնօրինողների կողմից, երբ հայերիս նախաձեռնած բազմաբազում բովանդակալից  միջոցառումները, նախագծերը հարկավոր չափով չեն կոտրում  բարբարոսների հետնորդների համառության սառցալեռը, երբ մեր 100 տարի շարունակ արնածորող վերքերի ապաքինման  թեկուզ  հանիրավի ժամկետանց համարվող, եղծվող ու պղծվող պատմական  ճշմարտության   պատշաճ  համընդհանուր ճանաչումը, կարևորումը  միտումնավոր ստվերվում,  մոռացության է տրվում, երբ...

Մնում է կրկին ու նորից ապավինել անհերքելի վավերագրերի բարձրաձայնմանը` մշակութային հնամենի ու նորաստեղծ արժեքների հոգևոր ներուժի մեկտեղված հզորացմամբ շեշտադրելով հատկապես գերտերությունների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Մնում է  առավել ներազդու հնարքներ պրպտել, գտնել իրենց գազանաբարո նախնիների հայադավ ոճրագործությունը սրբագործելով արդարացնելու գիտակցությամբ ի ծնե  տոգորված  սերունդների միտքն ու սիրտը շարժելու համար: Մնում է մարդացման թույլ երևակված կայծեր անդադրում բորբոքելուց չհոգնել մինչև արդարության բոցը բռնկվի վերջապես և մոխրացնի Չարի, Չարիքի արմատները, դարավոր թմբիրից արթնանա Համամարդկային Խիղճը... Մնո˜ւմ է... Մեր 100-ամյա սգո սքեմից առանց մահագույժ զենք ու զրահի բարեկրթորեն  ազատվելու համար, պարզվում է,  դեռ շատ բան է մնում անելու: Հանուն  համա˜յն մարդկության լազուր արշալույսների, հանուն Սիրո և Կյանքի, Բարու և Գեղեցիկի լիակատար հաղթանակի ...

Եվ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լուսաբանմանը միտված  նորանոր նախագծեր են կյանքի ուղեգիր ստանում առանձին անհատների, պետական ու հասարակական կառույցների և ՀՀ նախագահի աշխատակազմի նպատակասլաց նախանձախնդրությամբ: Դրանցից մեկի`  ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհով «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության նկարահանած «Չարտասանված Նոբելյան ճառերի» (բեմադրիչ` Արթուր Բախտամյան)  առաջին  ցուցադրությունը կայացավ օրերս:

    Հետմահու... մենախոսություններ

Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի կամերային սրահի հավաքական տպավորությամբ` Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի և Սիամանթոյի ապրածի ու զգացածի  սրտառուչ վերակերտումն է  այս եղերերգ-տեսաֆիլմը: Ոչ թե գրական ժառանգության գիտական վերլուծությամբ,  դրանց բազմաթիվ էջեր են նիրհում հայ գրականագիտության ստվար աշխատություններում,  այլ դրա խորքերում անթեղված հոգեկան  պոռթկուն բանաստեղծական ներուժի (տեքստի հեղինակ` Լևոն Գալստյան) անսովոր նուրբ, միաժամանակ խոշոր վրձնահպումներով, որոնք հընթացս թանձրանում ենկոմպոզիտոր Սեմուիլ Բարնետի աներևույթ միջնորդությամբ: 

   ...Գրամեքենայի կտկտոցի դադարելուն պես ճնշող խավարը, որպես լույսի շող,  ծանրաքայլ  ճեղքում է  Նոբելյան  առաջին մրցանակակիրը (ինչու` ոչ, նույնիսկ դահիճներն էին կանխազգում արժանավորությունը...): Թիկնադարձ  դիմում է համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության, իրականում` Համամարդկային Խղճի, երևակայական  հանձնախմբի անդամներին: Ռուբեն Սևակն է.

 -Ահա ձեր առջև կանգնած մտածում եմ` ի՞նչն է ինձ մխիթարում: Գրելը: Ինձ համար գրելը ելք է, ամբողջ սփոփանքս այս երկաթե փոքրիկ գրչի մեջ է: Եվ մենավոր ապաստանի մեջ ձմռան գիշերներին ինձանից ավելի երջանիկ մարդ դժվար է երևակայել, երբ ավարտում եմ բանաստեղծությունս: Այդ պահին մտածում եմ նաև, իսկ ո՞ւմ է պետք կյանքը...

     Թուրքական դրոշի  երևալուն պես հեղինակային ձայնը հնչում է կադրից դուրս: Կիսալուսնի կեռ յաթաղանով հոշոտված հայերի արյան կարմի՞րն է դաջված այդ դրոշին: Միլիոնավոր մորթազերծված հոգիների լուսեղեն երազներով ու անլուր տառապանքներով կրակված անխամրելի քանքարի  բյուր լուսատունե՞րն   են միաձույլ աստղ դարձած խարանվել  կարմիր երկնակամարում: Կամա-ակամա այսպիսի մտորումների տեղիք է տալիս այդ  արնաներկ դրոշի ինքնագոհ շարժապատկերը, քանի որ ֆիլմի հեղինակները դրա  ծածանմամբ են քեզ հրամցնում արևմտահայ  4 գրողների երբեմնի հայրենիքում  իրենց անցած Գողգոթայի նորօրյա  ճանապարհը: Մունջ արտահայտչականությամբ համադրվում են  բանաստեղծի  հուզառատ խոսքն ու  ծննդավայրի ներկա կենսակերպի պատկերները: Պահպանված իրեղեն ինչ-ինչ մասունքներում փորձում ես 1915-ին աքսորի ճանապարհին սպանված 34-ամյա բժիշկ բանաստեղծի կենդանի շունչը գտնել` ականջդ  նրա էությանն այնքան հարազատ մորմոքուն խոսքին.

-...Երբ թուրքերն 1909-ին Ադանայում 30 հազար հայ կոտորեցին, ես հասկացա, որ Աստված վաղուց մեռել է, և նրա վիթխարի ժահրից ապականվել է Ծիր կաթինների անապակ երազը, և այս հին աշխարհում տեղ չի թողել նաև ամենազո˜ր Սիրո համար:

     Տեսադաշտումդ ամենևին օտար մի աշխարհ է` իր վարք ու բարքով, նիստ ու կացով:  «Չարտասանված ճառի» վերջնահանգում էկրանին հայտնվում է  հոգին սրբացնող Սիրո հավատավոր բանաստեղծի  գովերգած անվերջ ընթացող  Հին ասպետի  մերօրյա կերպարով մի հեծյալ, որը դանդաղընթաց վարգում է իր նժույգի ընթացքը դեպի սրբազան Արարատ լեռը, դեպի իր տապանը` չիմանալով, թե իրականում որտեղ է այն գտնվում: Կրակոցով վերջակետվում է ենթադրյալ ճառը արև երազող  «հին ու բարի արքայի ծաղրածու» բանաստեղծի, որի արցունքները հորդանում են`  միախառնվելով գուցե թե վերահաս կործանման հստակվող տեսիլքից ընկճված իր արքայի արցունքներին:1915-ի նախճիրի  կանխազգացու՞մն էր հետապնդում արդյոք «մոլորված մեծ անուրջ, տապալված աստվածե պոետին, իր չքնաղ հայրենիքի բնավերության տագնա՞պը...  Վերահաստատվում է համատարած խավարը, որում ջանում են աղճատել Սևակի թողած հետագիծը: 

Նույն գեղարվեստական հնարքով` գրամեքենայի կտկտոցով, խավարից դեպի աղոտ լույս առաջաքայլով է ներկայացվում Գրիգոր Զոհրապի «Նոբելյան ճառը»:

     Կյանքի և մահվան մասին իր խոհերով  բազմաքանքար հայ մտավորականը վերահաստատում է «մարդուց ելնող ու մարդուն հանգող» իր գրականության մնայուն արժեքը: «Ապրեմ, թե մեռնեմ», «սիրում է, թե  չի սիրում» «ավանդական գուշակ» և «անանց մանկության» խորհրդանիշ  ծաղիկների` երիցուկի և էդելվեյսի ալեգորիկ համեմատությամբ էկրանին «սելֆիամոլ բարբիներն» են երևում: Փոթորկվում է  այլադավան, տարազգի մեղադրյալների բազմաթիվ դատեր շահած փայլուն փաստաբանի նրբազգաց ներաշխարհը: Ընդվզում է այն հավերժամնա  ծաղիկների դեմ, որոնք գույն ու հիշատակ չեն թողնում աշխարհին: Սիրարժան է համարում ինչպես մարդկանց, այնպես էլ  բանաստեղծների քամահրած երիցուկը, նախապատվելի, չնայած  զարմանալի նմանությանն «այն քաղաքին, որն իր գերեզմանոցն իր ծոցում է զետեղել, փոխանակ հեռո˜ւ, անմատչելի մի վայր տեղափոխեր»:  (Մեր Երևանն էլ, չէ՞, ցավոք, գրկաբաց մի «երիցուկ» է, որն »ապրելու մեջ մեռնելն է անթեղել»...): Մի ակնթարթ Թուրքիայի Ազգային Ժողովի պատգամավոր Զոհրապի աշխատասեղանին երևում է «Իթթիհաթի» առաջին էջը:  Ամեն ինչ ասված է: Առանց ավելորդ մեկնաբանությունների էլ  իրարամերժ զգացողություններ են արթնանում ներսումդ: Գուցե թե հենց այս յուրատիպ երիցուկի պոկոտած թերթիկներու՞մ էր ակնկալում գտնել իր  «ձախորդության հաշիվների պատասխանը»: Այդքա˜ն իմաստուն և այդքան դյուրահավա՞տ: Շնորհառատ հայի  գթասիրտ նկարագրի կատարելատիպն է «նորավեպի իշխանըե, ով կարող էր խույս տալ Դիարբեքիրի ճանապարհին խոշտանգվելուց, բայց գերադասեց կիսել իր ժողովրդի ճակատագիրը` մինչև վերջին շունչն էլ մնալով դյուրահավատ իմաստուն: 

-Հարգարժան բարեկամներ, իմ մանկությունն օրորել են հայրենի գյուղի գետեզերքին թախծող ուռիները,- իր ենթադրյալ մրցանակը հետմահու ստանալիս ասում է Թունեյի ձորում սպանված 31-ամյա մանկավարժ, «հին դարերի փառքի» բանաստեղծ Դանիել Վարուժանը:- Ինչ ցանկացել եմ պատանի տարիքից, մրրիկների դեմ մաքառել և գլխով զարնվել Աստծո գաղտնիքներին...

    «Ցեղին հերոսական  սրտի»  մունետիկի  չարտասանած ճառում  խորին իմացությամբ պարզաբանվում է «բառերի ճիշտ իմաստն ըմբռնելու և դրանց միմյանց հետ ունեցած կապը գիտնալու արվեստը»` ոճը, որն ինքը մարդկային մտքի արտահայտման կերպն է: Ակնածանք են ներշնչում արվեստի էության վարուժանյան մեկնությունները` «մի խենթություն, որը վեր է հեղափոխություններից. յուրատեսակ կրոնական մոլեռանդություն` վեր  ամեն մի կրոնից». «գրականությունը երկու թշնամի ունի` դարանակալ  լրագրությունը և քաղաքականությունը, որոնք փորձում են գրականության անունով ներկայանալ կամ այդ գրականությունը զենք դարձնել իրենց  նպատակների համար»: Իր թողած գրական ժառանգության պատկերավոր սպառիչ բնութագիրն է նաև տալիս. «Մայր լինել և բանաստեղծ լինել նույն բանն է, երկուսն էլ արյունով են բաժանվում և անմահանում ուրիշ էակների մեջ: Այլ հարց է, որ մեկն ապրում է տասը հոգու մեջ, մյուսը` միլիոնների»: «Ուղեղներ կան, որոնք ադամանդներ են, առանց մեկ ուրիշից լույս խլելու, լույս են սփռում շուրջը: Դրանք ոչ թե ծռվում են, այլ փշրվում և չեն մարում, դրանք բանաստեղծների ուղեղներն են»: Իմաստության կաճառ վարուժանյան խորհրդածությունների շարժապատկերներում մի պահ հայտնվում է ամենահնաբնակ պոլսահայը` Արա Գյուլլերը, խոսուն խորհրդանիշը ինքնության խառուղիներում խճճված, մոլորված արդի թուրքահայերի: Եվ խզվում է «աստղերից ճշմարտության լույս քաղող» հայ  բանաստեղծներից ևս մեկի ընթացքը դեպի  ադամանադակուռ մտքի արարչական ներշնչանքի հոգևոր սափորը սնուցող տիեզերական անեղծ աղբյուր:

-Մեծահարգ լսարան, պիտի հայցեմ ձեր ներողամտությունը, քանի որ այս ճառը ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ  այնքան գրականության, այլև նրա ակունքներից մեկի`  մեզ շրջապատող աշխարհի մասին է,- Սևակի, Զոհրապի և Վարուժանի ասելիքն յուրովի խորագնա տխրությամբ ամբողջացնում է Սիամանթոն:-... Միակ արդարացումս թող լինի ժողովրդիս ու հայրենիքիս ճակատագիրը, որ մարմին առած կանգնած է ձեր առջև:

Եվ ծավալվում է սեփական տառապանքի զոհ և երազանքների հերոս բանաստեղծի հետմահու մենախոսությունը, ով հայրենիքի վրեժն ու տառապանքը ուղեղի մեջ քայլել է արյան քաղաքներից ուրիշ քաղաքներ և գյուղերից ուրիշ գյուղեր, քայլել է հոգնած ու ըմբոստ, ճշմարտախնդիր ու մենակ` ամենուր տեսնելով լռություն ու ավերակներ... Չկան, մտապատրանք էին  հայրենիքի արյան գետերով անցած Սիամանթոյի ճամփան ուղղորդող հուսավառ  փարոսները: Կինոժապավենի հանդարտ պտույտը, ներկա իրականության օբյեկտիվում ամրագրվող ամբողջ պատկերաշարով, խորացնում է ողբերգաշունչ խոսքերից ինքնաբուխ ծորող հուսահատ տրտմությունդ: Ձկնորսության սովորական թվացող տեսարաններում պատմական անարդարության դեմ լուռ ընդվզման ենթիմաստներ ես  գտնում.  «Ո˜վ մարդկային արդարություն...»: Սիամանթոյի ապրածի ու զգացածի խորագետ ընդհանրացմամբ,  ֆիլմի հեղինակը, պատմական իրողություններից բխեցված դաժան անկեղծությամբ, հարատևելու, ճշմարիտ հայրենասիրության  ուղերձ է հղում  «մահվան արգանդից նորից արարվող որբերին», պոետի 21-րդ դարասկզբի հայրենակիցներին: Մտահղացված լինելով Հայոց հավատո հանգանակ ավետարանի ներգործուն հնարքով` դիմակազերծ է անում աշխարհի հին ու նոր տերերի «մարդասիրական» միջամտությունը, սթափության, զգոնության մղում առանց ամպագոռգոռ ճառերի, պարզ ու անկեղծ զրույցով: Վերջակետվում է  Այաշի ճանապարհին խոշտանգված 37-ամյա բանաստեղծի չարտասանած Նոբելյան ճառը կենսահաստատ լավատեսությամբ, «իմ անունն է պայքար և վախճանս հաղթանակ» հավատամքին համարժեք շեշտադրությամբ.

-Ահա և ձեզ ընծայեցի իմ ժողովրդի արյան վերջին սափորը, ըմպեցեք այն ցմրուր, եթե դրան դեռ ծարավ եք...

    Չորրորդ արնանենգ կրակոցն է պայթում: Խախտվում է 100-ամյա լռությունը   Հայոց պատմության ամենաողբերգական էջերից  4-ի սրտառուչ, բայցև միանգամայն իրատեսական այս ֆիլմաշարով ևս: 

    Արևմտահայ գրողների ենթադրյալ ճառերին ունկնդիր` աներևույթ մասնակիցն ես  դառնում պատմական հայրենիքում  մի պատկերավոր շրջագայության: Հընթացս անտեսում ես 4-ից յուրաքանչյուրի ձայնի հստակ տարբերակման ինքնաբուխ պահանջդ, քանի որ չափազանց ներգործուն է բանաստեղծաշունչ տեքստի հուզական ատաղձը, չամոքված գենետիկ ցավդ անգթորեն բորբոքելու աստիճան: Մերօրյա  համապատկերում  թուրքացված  Արևմտյան Հայաստանի  մունջ արտահայտչականությամբ հառնում են նախճիրի միլիոնավոր նահատակների խոշտանգված կյանքերն ու սերերը, խորտակված անուրջների ստվերները... Թուրքերի հայահալած քաղաքականության բազմաթիվ ահասարսուռ իրողությունների հսկայածավալ մի գերեզմանոց է սփռված այսօրվա Թուրքիայի ամբողջ տարածքում: Մի հնագիտական փոքրաթիվ արշավախումբ բավական է, որպեսզի կմախքացած ու քարեղեն բյուրավոր վկայություններ ժողովի և ցուցանի: Ամենակույրն ու ամենախուլն էլ գլխահակ կընդունեն ոչ միայն 100 տարի առաջ, այլև դարեր շարունակ աշխարհի մեծերի թողտվությամբ իրագործված հայկական ջարդերի իսկության մասին: Ինչու՞ ենք մենք այժմ մեկուկես միլիոն զոհերից միայն խոսում, նրանց անմեղ նահատակությունը միայն սգում...Ամոթահար ես լինում 100-ամյա անկարողությունիցդ ազնիվ հոգիների չարտասանված ճառերի  բանաստեղծական խտանյութի ներգործությամբ... Մի՞թե այդպես էլ չի հաջողվելու  արթնացնել մարդկության  գութը... Առանց նոր  արյունահեղության, առանց պատմական աքսիոմները վերստին  ապացուցելու  գուցե միմիայն քեզ ավելորդ թվացող ճիգերի...Հնարավո՞ր է արդյոք 100 տարի անց անարյուն լիարժեք փոխըմբռնում գտնել մեր պատմական հայրենիքի ներկա տերերի ու բնակիչների հետ: Հնարավո՞ր է արդյոք, երբ պոլսահայի մերօրյա խորհրդանիշ Արա Գյուլլերն ինքը, մթագնած ազգային հիշողությամբ, բևեռայնորեն հեռացել  է իր հնամենի հայկական արմատներից...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ