ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՄԵԿՆԵԼ Է «ԳՈՐԾՈՒՂՄԱՆ»


«Ես լսում էի օտար խոսքը և հմայվում էի դրանով: Իսկապես, կոշտի, շիկացածի և զարմանալիորեն փափուկի, քնքուշի ինչպիսի զուգադրում»:

Ինչպես մեր մեծերի, այնպես էլ օտար ազգերի հնչեցրած զարմանա-հրաշ խոսքերը, կապված հայոց լեզվի արարչության հետ, առանձնակի տեղ ունի ռուս գրող Անդրեյ Բիտովի այս հիանալի, կարծես հայի շրթունքներից փախցրած հայերի խոսակցությունը:

Աստվածապաշտ հայ ժողովուրդը, աստվածատուր տառահնչյուններով է պարգևված` խոսելու ցանկացած երկրի լեզվով և դրան զուլալություն և մեղմիկ հեզախոսութ յուն տալով:

Յուրաքանչյուր ազգի լեզուն տվյալ ազգի բնավորության ձևավորողն է: Օրինակ.

- Գերմաներեն լեզուն կոշտ լեզու է, մարտականորեն տրամադրված, միասնական մարշով առաջ գնացող, հաղթելու և նվաճելու մեծ տենչով… 20-րդ դարի երկու պատերազմները` դրան ապացույց: Լեզուն այդպիսին չէր լինի, եթե հագեցած լիներ մի քանի մեղմիկ տառահնչյուներով…

- 19-րդ դարի վերջերին հայերի առաջին խոշոր կոտորածներից հետո Ֆրանսիայի դեսպանը գրել է.

- Եթե հայերն այդքան խաղաղասեր չլինեին, Օսմանյան մայրաքաղաքը վաղուց մոխրակույտերի վերածված կլիներ...

- Հայ ժողովուրդը «մարդ» արարածին, մանավանդ` օտար ազգի, գիտե հարգել ու հավատալ: Այդպիսին ենք, ու այդպիսին կանք:

Ադանա քաղաքի ամբողջ հայության կոտորածներից հետո այդ արյունահեղության վկան` ամերիկայի լրագրողը ասել է.

- Հայերը հազար անգամ խաբվելուց հետո խաբվում են հազարմեկերորդ անգամ օտարի տված «ազնիվ խոսքին...

Այս բոլորը լեզվի դաստիարակության արդյունքն է: Կորցրեցինք Արևմտյան Հայաստանի հայությանը: Երեք միլիոնանոց քաղաքակիրթ ժողովուրդը չկոշտացավ, չշիկացավ` Սարդարապատի և Արցախի հերոսացած հայերի նման:

Դաժան ճակատագիրը հային ցաք ու ցրիվ է արել աշխարհով մեկ` չտալով հնարավորություն հայոց լեզուն ծառայեցնելու իրեն, զրկելով նրան ամենօրյա հոգեկան սնունդից... 100-տարի առաջ, մինչ անկախությունը, ԱՄՆ տեղափոխված հայերի 10 % է հայ մնացել: Ամբողջովին ուծացվել, ձուլվել են Լեհաստանում, Հունգարիայում և Արևմտյան Ուկրաինայում ապրող հայերը: Մեծ քանակությամբ հայեր են ուծացվել նաև Ռուսաստանում:

Հայ ժողովրդի համար դարերից եկած անհանգստությունն այսօր էլ ավելի է ահագնացել և ստիպում է մտածել, կանգնեցնել ազգակործան այս ընթացքը, մանավանդ, երբ հայ սփյուռքն արդեն խոշորացած է` քան երբևէ և խոշորանում է` օր-օր: Հարցը դարձել է արդիական ու թերևս` ամենացավոտը:

Այսօրվա վիճակով մոտ երեք միլիոն հայություն է տեղավորվել ամենախոշոր հայկական գաղթօջախում` Ռուսաստանի Դաշնությունում:

Դոնի Ռոստովում հյուրընկալվեցի իմ վաղեմի ընկերոջ ընտանիքում: Նրա առաջին և երրորդ դասարաններում սովորող սևաչյա, սիրունատես թոռնիկներին գրկելուց հետո հարցրեցի անունները. Գայկ, մեծը` Տատոս: Այս աստիճանի աղավաղված անուններով հայ բալիկներ չէի պատկերացնում: Հայացքս ուղղեցի նրանց կողմը` «խոսքս» ասելու, բայց չթողեց` խոսեմ:

- Մեր ինչի՞ն է պետք այդ լեզուն, որ ոչ մի տեղ չենք օգտագործում: Ինչո՞ւ երեխաներիս ուղեղը ծանրաբեռնեմ հայերենով:

Ոչ եզակի դեպք ու կարծիք...

Ցամաքեցնելով հայոց լեզվի ակունքները` ծարավ ենք պատվելու հայ երեխային` ցանկացած լեզվով գրագետ և մաքուր խոսելու հնարավորությունից: Դա պետք է լավ հասկանա յուրաքանչյուր հայ ծնող և կարողանա իր գիտակցության մեջ արմատավորել մայրենի լեզվի անհրաժեշտությունը:

Խառնամուսնությունները հայ երիտասարդությունը չի համարում անօրինականություն և հայ եկեղեցու դեմ գնալու փորձ` մեղք Աստծո առաջ: Համբուրելով Զորավար Խաչը կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցիներում` նրանք չեն պատկերացնում, որ արդեն ոտք են դնում ոչ հայ մնալու առաջին աստիճանին` կամաց-կամաց բռնելով ուծացման ուղին:

Ռուսաստանում հայերը հայերեն գրեթե չեն կարդում:

Չկա գեթ մեկ լիարժեք դպրոց` հայերեն լեզվով:

Հայերեն լեզվով թերթ չի լույսընծայվում, եղածներն էլ` հայերեն-ռուսերեն տարբերակով: Կարծես թերթը գրաքննության է ենթարկվում: Բայց չէ՞ որ անցած տարիների իրողությունները հուշում են` որ երկրում էլ ապրելիս լինի հայը, այդ երկրի պատիվը իր պատիվն է համարում և նվիրված է տեղացուց առավել:

Ռուսերենը բարդ և դժվարին լեզու է` հիշողության վրա հիմնավորված:

Իրենց այբբենարանում չունենալով «ը», «թ», «ծ», «հ», «ձ», «ղ», «ճ», «ջ», «փ», «ք» տառահնչյունները` նրանք ստիպված օգտագործում են դրանց փոխարինող հնչյուն ները: Իսկ դա նշանակում է փոխել նույնիսկ ամբողջ միտքը: Օրինակ.- «Սա իմ ծառն է»,- ասում են` «Սա իմ ցարն է»: Դե իմացիր` ծառի՞ մասին է խոսում, թե՞ թագավորի... Ռուսաստանում ընդունված երգերից է «Ծաղիկներ, ծաղիկներ» հայկական երգը: Չունենալով «ծ» և «ղ» տառահնչյունները, առ այսօր այն հնչեցվում է «ցագիկներ, ցագիկներ»:

Ո´չ ռուսը, ո´չ ամերիկացին և ոչ էլ ֆրանսիացին ու իսպանացին չեն կարող.- «Ու նաիրյան աղջիկների հեզա-ճկուն պարն եմ սիրում» բանաստեղծական տողը ճիշտ հնչեցնել... Եվ այլն, և այլն:

Երևանում ծնված ու ապրած ռուս երեխան խոսում է մաքուր հայերենով: Ինչո՞ւ: Մանուկ հասակից վարժեցնում է իր կոկորդն ու շրթունքները մեր հնչյուններին:

Հայոց լեզուն առաջարկում է.

- Այն ռուս ծնողները, ովքեր իրենց երեխային տալու են, դիցուք, անգլերեն թեքումով դպրոց, թող դիմեն հայ մանկավարժի օգնությանը, որպեսզի նրանք հայ մանուկին վարժեցնեն «ը», «թ», «հ», «ջ», «ք» տառահնչյուններին:

Այսքանից հետո դժվար թե Ռուսաստանում ապրող հայ ընտանիքները իրենց երեխաներին հեռու պահեն հայոց լեզվից: Դա նշանակում է. հայը հայ է մնալու, որտեղ էլ ապրելիս լինի: Այս ազգապահպան գործի ներդրման մեջ իր մեծ բաժինն ունի Հայաստանը:

«Ոսկին կարող է խամրել, ժանգոտվել` երբեք...»

Վերջին երկու դարերում, մինչ մեր անկախանալը, հայոց լեզուն խամրել է, բայց չի ժանգոտվել...

Հայոց լեզուն Աստծո նվերն է հայ ժողովրդին: Այն մեր հաստությունն է, և չպետք է թույլ տանք աղավաղել:

Հայաստանի կառավարությունը` հանձին Կրթության և Արտաքին գործերի նախարարությունների, ուշա-դրության կենտրոնում պետք է պահեն այս խնդիրը: Այսօր, քան երբևիցե, ամեն ինչ անեն` հայ սփյուռքի հարյուրավոր համայնքները պահպանելու և հայեցի պահելու ուղղությամբ: Չէ՞ որ հայ սփյուռքը մեր ամուր թիկունքն է, մեր ներուժը և բարձր խոսելու տոն տվողը...

Մարտուն ՍԱՀԱԿՅԱՆ

շինարար, ճարտարագետ, գյուտարար