ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՔԵՖ ԵՆ ԱՆՈՒՄ


Միանգամայն ճշտված աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստան-Հորդանան չարթերային չվերթից, որը գործում է միայն Ամանորի նախամուտին, գլխավորապես օգտվում են Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչները, նախկին ու ներկա համայնքապետեր, ԵՊՀ հարուստ դասախոսներ և դեկաններ... Անցած տարի, օրինակ, այս չվերթից օգտվել է Գյումրու պաշտոնանկ արված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով Հորդանան էր մեկնել 16 հոգուց բաղկացած «արքայազորով», ծախսել մի քանի հարյուր հազար դոլար և կայֆերով դիմավորել Ամանորը:

Քաղաքապետին ուղեկցել են փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը և նախկին քաղաքապետի «ստվերը»` Հովհաննես Գրքիկյանը… Թե որտեղից համայնքային պաշտոնյաներին այնքան ֆինանսական միջոցներ, որպեսզի հյուրանոցային մեկ գիշերվա համար վճարեն 750 ԱՄՆ դոլար, հավանաբար կիմանան նրանք, ովքեր զբաղվում են հաշվարկներով, ովքեր մշտապես թաքցրել են պետական պաշտոնյաների գործողությունները…

Հիմա էլ շատերն են կամենում իրենց Ամանորը նշել սուրբ երկրում, լողանալ Հորդանան գետում և իրենց զգալ Քրիստոսի կարգավիճակում` մոռանալով, որ Քրիստոսը ոչ թե թալանում ու գռփում էր, այլ իր վերջին ունեցածն էր տալիս աղքատներին: Մենք տեղեկացանք, որ այս տարի խիստ սահմանափակ դարձած տեղերն արդեն սպառված են, իհարկե, վերջին պահին հրաժարվել են մեկնել ԵՊՀ ֆակուլտետներից մեկի դեկանի երեք ընկեր, բայց անմիջապես այդ տեղերը զբաղեցվել են, քանի որ հարուստները կամենում են մի լավ քեֆ անել և իրենց սրտի ուզածով դիմավորել Նոր տարին… Նշենք, որ ինքնաթիռի տոմսի, հյուրանոցի համար Հորդանան մեկնել ցանկացողները վճարում են ոչ պակաս, քան 20 հազար ԱՄՆ դոլար… Էլ չենք հաշվում ռեստորանների ծախսերը, որոնք, միասին վերցված, անցնում են երեսուն հազար դոլարի սահմանները: Նշանակում է, Հայաստանը բնավ էլ աղքատ երկիր չէ, քանզի այստեղ կան մեծաթիվ մարդիկ, ովքեր Ամանորի տոների համար պատրաստ են ծախսել 30 հազար ԱՄՆ դոլարից ավելի:

Մենք միայն ներկայացրեցինք Հորդանանի հարցը, բայց ահա ավիաընկերություններից տեղեկացանք, որ մոտ 3 հազար հայաստանցի արդեն պատվիրել է տոմսեր տարբեր չվերթերի համար` մինչև 50 հազար ԱՄՆ դոլար ծախսելով Ամանորի տոները նշելու համար…

Ընդամենը 15-20 հազար դոլարով Գյումրիում կարելի է բնակարաններ գնել անօթևանների համար, կարելի է այդքան գումարով ապահովել գիտության առնվազն տասը դոկտորի մեկ տարվա ապրուստը, 50 հազար դոլարով կարելի է պահել մի հզոր մշակութային կառույց մի ամբողջ տարի… Բայց պետությունից ու մեզանից յուրացրած փողերը հարուստները ծախսում են օտար երկրներում` ծիծաղելով երկրի ու բոլորիս վրա: