ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԵՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵԼԻՆ Է ՑԵՂԻՆ


«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Դանիել Երաժիշտը իր խմբով հայ հոգևոր երաժշտությունը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում:

Դանիել Երաժիշտը վերջերս է վերադարձել Ավստրիայից, որտեղ մեր երաժշտության գոհարներն է ներկայացրել ավստրիացի երաժշտասերներին:

- Վարպե´տ, ինչպե՞ս ստեղծվեց Ձեր համույթը:

- Մեր ոսկեղենիկ երաժշտությունը` հոգևոր երգերը, հայտնի է, որ հիմնականում կատարվել են եկեղեցում:

Երբ 1964 թ. Կոմպոզիտորների տանը տեղադրեցին երգեհոն, Վահագն Ստամբոլցյանը սկսեց կատարել Եկմալյանի ստեղծագործությունները: Այնուհետև նա հանդես եկավ Լուսինե Զաքարյանի հետ` պարբերաբար ներկայացնելով շարականներ, տաղեր: Լսելով դրանք` ոգեշնչվեցի և մտադրվեցի ստեղծել «Շարական» համույթը:

- Հե՞շտ է համադրել հայ ազգային երաժշտությունը դասականի հետ:

- Դիպուկ է ասել Կոմիտասը, որ մեր ժողովրդական և հոգևոր երգերը քույր և եղբայր են: Մենք էլ ընտրում ենք այնպիսի երգեր, որոնք համատեղելի են: Բացի այդ, մեր երգացանկում չէին կարող չընդգրկվել ազգային-հայրենասիրական երգեր: Ըստ Կոմիտասի` «երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին», և մեր նպատակն է պայծառեցնել այդ հայելին, հայի հոգու պատկերը: Հնչեցնել երգեր, որոնք պարունակում են մի ամբողջ քաղաքակրթություն և պատկերացում են տալիս համաշխարհային մշակույթում հայկական արվեստի դերի, նշանակության մասին:

- Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել, որպեսզի այսօր, այս շոու-բիզնեսյան ժամանակաշրջանում երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն արթնանա հոգևոր երաժշտության հանդեպ, և, ի՞նչ է առհասարակ շոու-բիզնեսը:

- Շոու-բիզնեսն իր շոշափուկներն այնքան խորն է մտցրել մեր կենցաղի մեջ, որ երկար ժամանակ կպահանջվի` դուրս հանելու համար:

Նշենք նաև բջջային համաճարակը. այդ սարքերը լցված են անբարո երգերով և այլ աղբով ու պղտորում են նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաների հոգիները: Ցավն այն է, որ տեխնիկայի շնորհիվ դրանք հեշտ փոխանցվում են և շատ արագ տարածվում: Այդ գործընթացը արգելել հնարավոր չէ: Վերջապես, այդ ոլորտը առևտրականացված է ու քաղաքականացված:

- Ովքե՞ր են եղել Ձեր առաջին ուսուցիչները, և ի՞նչ եք քաղել նրանցից` երաժշտական գիտելիքներից զատ:

- Երջանիկ եմ, քանի որ ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ: Նրանց շողշողուն անուններն արդեն ամեն ինչ ասում են: Իմ կյանքում նրանց գոյությունն արդեն բավական է, որպեսզի հավատամ, որ ես երջանիկ եմ. մեծ ջութակահար Ժան Տեր-Մերերյան, հռչակավոր դիրիժորներ Միքայել Միրզոյան, Գենադի Ռոժդեստվենսկի…

Նրանք են ինձ ուղղորդել գեղեցիկի, բարու, ներդաշնակության արքայություն:

- Դուք նաև հաղորդում եք վարում «Վեմ» ռադիոկայանով, իսկ ինչպե՞ս եք ընտրում թեմաները:

- Նախ` աշխատում եմ պահպանել ժամանակագրությունը` սկսելով վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: Սակայն պարբերաբար «ներխուժում» են ընթացիկ հարցեր` անվանի երաժիշտների հյուրախաղեր, հարցազրույցներ, հոբելյաններ և այլ օրախնդրի թեմաներ:

- Կպատմե՞ք վերջերս Վիեննայում տեղի ունեցած հյուրախաղերի մասին:

- Վիեննայում կազմակերպված համերգն իրականացվել է Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության օժանդակությամբ: Կազմակերպել էր «Կանադա» երաժշտական կենտրոնի նախագահ Նիկա Բաբայանը:

Վիեննայում հատկապես ուրախություն պարգևեց այն փաստը, որ Մոցարտի, Շուբերտի հայրենիքում այդքան մեծ խանդավառությամբ ընդունեցին Կոմիտասի, Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի, ինչպես նաև մեր ազգային-ազատագրական երգերը:

«Նրբաճաշակների Համերգ»` այսպես բնորոշեց մեր միջոցառումը մի ավստրիացի, իսկ սլովենացի մի պրոդյուսեր հնչած կատարումներն անվանեց «Հրեշտակային երգեր»:

- Անցյալ տարի «Շարական» համույթը հոգևոր երաժշտության պետական կենտրոնի օժանդակությամբ ունեցել է մի շարք հիշարժան ելույթներ, ի՞նչ ծրագրերով եք հանդես եկել:

- Հայաստանում առաջին անգամ կատարվեց ավստրիացի կոմպոզիտոր Ռայնիխ Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» ծրագիրը, իրականացրեց Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոսի համաշխարհային պրեմիերան:

- Իսկ ի՞նչ նորություններ են սպասում երաժշտասերներին առաջիկայում:

- Պատրաստվել ենք մի նոր համերգի, որում կհնչի Յոզեֆ Հայդնի «Մեր Խաչված Փրկչի յոթ խոսքերը» ստեղծագործությունը, որի կամերային տարբերակը Հայաստանում կներկայացվի առաջին անգամ: