Հարձակում լրագրողների վրա


Հարձակում ամենաիսկական` ռազմական առումով: Իսրայելում արտասահմանյան ժուռնալիստների ասոցիացիան (FPA) մեղադրել է իսրայելական բանակին` ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակվելու համար: Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունն ահազանգում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին պաղեստինյան Քոլանդիա գյուղում տեղի արմատական երիտասարդների և իսրայելցի զինվորների միջև ծագած ընդհարումը նկարելու պահին զինվորականները ժուռնալիստների վրա լուսաձայնային նռնակներ են նետել:

Ինչպես պատմել է «Ֆրանս-Պրես» գործակալության լուսանկարիչ Մարկո Լոնգարին, լրագրողները 20 մետր հեռու են գտնվել պաղեստինցիներից, ովքեր իսրայելցի ների վրա քարեր էին նետում: Նրա խոսքերով` զինծառայողներն, ի պատասխան, առանց նախազգուշացման սկսել են կրակել ռետինե փամփուշտներով: Ֆոտոլրագրողների պնդմամբ` զինվորականները կրակել են ոչ թե ոտքերին (ինչպես արվում է սովորաբար), այլ աչքերի ուղղությամբ: Ռետինե փամփուշտներից մեկը դիպել է իտալացի լրագրողի ֆոտոխցիկին:

FPA-ն նշում է, որ լրագրողները հատուկ տարբերանշումով բաճկոններ ու սաղավարտներ են կրել, որ իրենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Բացի այդ, բարձրացրել են ձեռքերը` ի նշան, որ պայքարող կողմ չեն և վտանգ չեն ներկայացնում: Այս ամենը կարևորելով` պաշտպան կազմակերպությունն այլևս չի կասկածում, որ զինվորական ները նշանառության տակ են առել հենց լրագրողներին:

Վերջին 2 տարում FPA-ն բանակից պահանջել է հետաքննել շուրջ տասը նման միջադեպեր: Սակայն քննության է առնվել ընդամենը 2 դեպք, որոնք դատարան չեն էլ հասցվել:

Թել-Ավիվում տեղակայված` Իսրայելում արտասահմանյան ժուռնալիստների միավորումը հիմնադրվել է 1957 թ. և ընդգրկում է ԶԼՄ-ների շուրջ 480 ներկայացուցիչներ` աշխարհի 32 երկրներից: Կազմակերպության հիմնական նպատակը մերձավորարևելյան բախումների լուսաբանումն է և այդ տարածաշրջանում լրագրողների աշխատանքային պայմանների թեթևացումը: