ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏ.

այնուամենայնիվ, կա


Արդեն տասը տարուց ավելի է` Հայաստանի քաղաքական կյանքի ամենաշատ օգտագործվող բնութագրիչը «լղոզված» բառն է: Այն արդեն չափից դուրս մաշվել է ու, թերևս, վաղուց պետք է աղբաման նետվեր: Բայց արի ու տես մինչ այսօր որևէ այլ գնահատական դժվար է գտնել, քան նույն այդ «լղոզված» ածականն է, որն իր բովանդակությամբ, իմաստով շարունակում է լիովին համընկնել մեր քաղաքական կյանքի նկարագրին:

Ընդդիմադիր ճամբարում միասնության բացակայությունը, համախմբվելու անընդունակությունը վաղուց վերածվել է քրոնիկ հիվանդության: Եվ ինչպես երևում է, նաև` անբուժելի: Կուսակցությունների ներսում էլ առաջվա պես առկա են տարաձայնություններ, որոնք (որքան էլ փորձ է արվում խնամքով քողարկել), ժամանակ առ ժամանակ դառնում են ակնհայտ: Ընդդիմադիր ուժերի գաղափարների, կեցվածքի, պայքարի ձևերի մեջ ոչ մի թարմություն, նորություն, փոփոխություն այդպես էլ ի հայտ չեն գալիս: Պասիվության փուլերը, որոնք հատկապես սկսվում են և շարունակվում համապետական ընտրություններից հետո, տարեցտարի ավելի երկար, ձգձգվող ընթացք են ստանում:

ՀԱԿ-ը «քլնգող», կիսահայհոյախառն, դեգլարատիպ հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Այս կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների միջև անզեն աչքով էլ նկատելի են տարաձայնություններ և հակասություններ: Ինչպես ժամանակին ենթադրում էինք, Լևոն Տեր-Պետրոսյանը մտնում է իր երկրորդ տասնամյա լռության փուլի մեջ: Իսկ առանց լիդերի ՀԱԿ ակտիվիստներն իրենց «ինքնագլուխ» կեցվածքով վերջնականապես պատառ-պատառ կանեն, կփոշիացնեն առանց այդ էլ ջլատված ՀԱԿ-ը:

ՀՅԴ-ն շարունակում է մնալ կայուն, այդ բառի բոլորովին էլ ոչ դրական իմաստով: Այս կուսակցությունը վաղուց իրեն հռչակած կլիներ կառուցողական ընդդիմություն, եթե հասարակության մեջ այդ կառուցողական բառը չընկալվեր որպես իշխանությունների խամաճիկ լինելու խորհրդանիշ: Իշխանություններին թույլից-չափավոր հակադրվելը, հիմնականում սոցիալական նշանակություն ունեցող հարցերում կառավարությանը քննադատելը, մի տեսակ կիսատ-պռատության, անատամության տարրեր է պարունակում: Համենայնդեպս, այսօր դաշնակցությանը նույնպես ոչ մի կերպ չի կարելի որակել որպես արմատական ընդդիմություն: Բացի, իհարկե, նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածներից, դժվար է հիշել, որ ՀՅԴ-ն որևէ կարևոր խնդրի շուրջ հանրահավաք կազմակերպի:

Ընդդիմադիր դաշտի ամբողջ հակասականությունը իր մեջ խտացնում է «Ժառանգությունը»: Յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո քաղաքական ասպարեզից անհետանում է կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանը: Եվ բավական երկար ժամանակով: Որտե՞ղ է այսօր նա և ինչո՞ւ: Ի՞նչ կարևոր խնդիրներով է զբաղված, որ չի արձագանքում այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսին, օրինակ, Հայաստանի Եվրոպայի ասոցացման պայմանագրից հրաժարումն է ու Մաքսային միության մեջ մտնելու պատրաստակամությունը: Նույնիսկ ամենամիամիտները հասկանում են, որ Ստեփան Սաֆարյանի, կամ առավել ևս Զարուհի Փոստանջյանի հնչեցրած կարծիքներն ու գնահատականները, ինչպես հաճախ է պատահել, կարող է չհամընկնեն Ր. Հովհաննիսյանի դիրքորոշումներին: Նույնիսկ չի բացառվում, որ Րաֆֆին «հայտնվելուն» պես հայտարարի, որ հրաժարվում է կուսակցությունը ղեկավարելուց և այդ «ղեկը» հանձնի մի այնպիսի մարդու, որ շատերի բերանը զարմանքից բաց մնա…

Մեր քաղաքական դաշտի տխուր կոլորիտը լիարժեք ու լիաշունչ ամբողջացնում է ԲՀԿ-ն: Այդպես էլ «այլընտրանքայինի» թիկնոցը ուսերից չհանած քաղաքական ուժը ինչպես կար, այնպես էլ մնում է «գորշ կարդինալի» կարգավիճակում: Թերևս, միայն Նաիրա Զոհրաբյանն է երբեմն-երբեմն սուր քննադատություններ հնչեցնում: Իսկ Գագիկ Ծառուկյանի քաղաքական մոտեցումները եղել և մնում են վերացական ու անորոշ: Տպավորությունն այնպիսինն է, որ ԲՀԿ-ի թիրախը միայն կառավարությունն է` վարչապետով հանդերձ: Հենց այդ պարագան էլ մշտապես կասկածներ է ծնում, որ ԲՀ կուսակցության պայքարը կանխորոշված է խիստ որոշակի ու կոնկրետ նպատակ իրագործելուն:

Ընդհանրացնելով` կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը: Մեր քաղաքական դաշտը լղոզված է մնում շատ պարզ ու հասկանալի մեկ պատճառով: Անընդհատ խոսելով երկրի ու ժողովրդի շահերի մասին, վեհ ու բարձր գաղափարների դրոշակակիր ձևանալով, միևնույն է, ընդդիմադիր ուժերը առաջնորդված են նեղ կուսակցական հավակնություններով և մեծամասամբ` իշխանության գալու խնդիր լուծելով: Հակառակ դեպքում նրանք վաղուց համախմբված կլինեին և ոչ թե միմյանց նկատմամբ` վատ քողարկված չարությամբ ու նախանձով լցված:

Այս բոլորով հանդերձ չի կարելի շրջանցել մի շատ լուսավոր կետ մեր հասարակական քաղաքական կյանքում, որը նոր է ի հայտ եկել: Դա այն ինքնաբուխ քաղաքացիական շարժումներն են, որ աստիճանաբար ավելի հաճախակի, «բազմաժանր» և հետևողական են դառնում: Ամենակարևորն այն է, որ ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքացիական ակցիաների, նախաձեռնությունների հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, ինչն ինքնին շատ հուսադրող է և հավատ է ներշնչում ապագայի հանդեպ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ