«Հավատարիմ 400-ամյա ուխտին»


Արվեստի մարդկանց, մշակութարար անհատներին հանրությանը ներկայացնելու անկաշառ նախանձախնդրությամբ, արվեստասեր-արվեստագետ կապն է վերստին ամրապնդում լրագրող Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ` (Նահապետյան) «400-ամյա վկան» գիրք-ալբոմով: Իրանահայ գեղանկարիչ Արշալույս Աղայանի արվեստն ու անցած ուղին ներկայացնելով, շնորհալի հեղինակն ընթերցողին «ուղեկցում» է նաև հայ-իրանական դարավոր հարաբերությունները և փաստում` - …հայրենի հողից կտրված որդատունկի պես օտար երկնքի տակ ծլարձակեց հայության այդ կարևոր հատվածը: Իրեն ի վերուստ տրված շնորհների համար վայելեց Իրանի շահերի հարգանքն ու հովանավորությունը` կնքված արքայական ֆերմաններով: Հավատարիմ իր կրոնին, լեզվին ու ավանդույթներին` իրանահայությունը իր մեջ անթեղված պահեց հայրենասիրության զգացումը: Այո, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Արմինեն համոզվել է` - Հարաբերակցության նման հարթակների վրա կարող են կանգնել հնագույն քաղաքակրթություն ստեղծած ազգերը թերևս... Իրանահայության համար Իրանը դարձավ ծննդավայր, որը, գաղափարապես համազոր չլինելով հայրենիքին, այնուամենայնիվ այն ստնտուի դերում էր հայտնվելու, ում հանդեպ լցվում են երախտագիտության զգացումով: Միայն այն իրողությունը, որ, ապրելով ոչ սեփական երկրում, հայ ազգը ձուլման կամ ոչնչացման չենթարկվեց` անկախ դրան նպաստող հանգամանքներին, ստիպում է գնահատել փաստը, վկան` Իրանի գունեղ մշակույթին ու արևելյան հմայքին արտասովոր փայլ փոխանցող հայկական եկեղեցիներն են` կառուցված 16-ից 17-րդ դարերում, որոնց պատմաճարտարապետական արժեքը գնահատող Իրանի կառավարությունն ու ժողովուրդը հոգում են նրանց պահպանության խնդիրները` արժանանալով տեղի հայ համայնքի և ողջ հայ ժողովրդի հարգանքին ու բարձր գնահատականին: Այդ քաղաքակրթության կրողներից է Բուրվարիի շրջանի Ֆարաջաբադ գյուղում ծնված Արշալույս Աղայանը, ում կտավներում իր ժողովրդի ապրածն է` գեղարվեստի տարբեր ժանրերով գալիքին պահ տրված` - Երբ հորս հետ դեռ Իրանում կազմում էինք մեր գերդաստանի տոհմածառը` ես մտովի տեղափոխվում էի դարերի խորքը և այդ տանջալից ճանապարհորդությունից հետո իմ իղձերի իղձը մնում էր հայրենիք վերադառնալը: ...Իմ վերադարձը իմ պապերի վերադարձն էր` հոգևոր առումով, որն այսօր իրականություն է դարձել, թե ի՞նչ ջանքերի շնորհիվ` նրանք չգիտեն... Նրանց հոգին թող մնա խաղաղության մեջ,- իղձերի իրականացման վավերականությունը հաստատելով ասում է գեղանկարիչ Արշալույս Աղայանը, ում ստեղծագործական աշխարհում պոռթկում են ապրումների, հույզերի ու նոր երազանքների փոթորիկները` սպիտակ պաստառներն ունենալով իբրև առագաստներ, որոնք առաջնորդում են նրա միտքը դեպի նոր աշխարհներ, որոնք և° հայտնություն են և° լավ մոռացված անցյալի մասունքներ... Ասելիքի խորությունից, հյութեղ պատկերներից ու հայեցի շարադրանքից զատ, գիրքն առանձնանում է նաև խոսուն ենթավերնագրերով` «Մենք ու մեր պատմությունը», «Հայի 11-րդ պատվիրանը», «Հավատարիմ 400-ամյա ուխտին»… Ինչպես «400-ամյա վկան» խոսուն վերնագիրն է հուշում ի սկզբանե` Արմինեի այս գիրք-ալբոմն, հիրավի, Հայ Մարդու (այս անգամ` Արշալույս Աղայան անվանյալ) ինքնահաստատման ճանապարհի, ակունքներով զորանալու վկայության արձանագրերից է` վկայություն վկայությանց:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ