Ընդամենը 60 տարեկան


Այդպես է` իմաստավորված կյանքով ապրողը տարիների սլացքը չի էլ նկատում: Ու այդ տարիները ոչ թե շրջանցում, այլ միջոց են ծառայում` նպատակներն իրագործելու: Ահա թե ինչու է ժողովուրդը վստահ, որ մարդն այնքան տարեկան է, որքան ինքն է զգում: Ճանաչված դերասան, ասմունքող, «Մենախոսություն» ֆիլմաշարի («Ար» հ/ը) նախագծի հեղինակ և վարող Ամիրան ԳԱԼՍՏՅԱՆԸ 60 տարեկան է: Պարզվում է` դա անակնկալ է ոչ միայն առույգ, մշտազբաղ Ամիրանին ճանաչողների, այլ` մի քիչ էլ հենց իր համար: - Այդ ե՞րբ հասցրիր 60 դառնալ,- հարցնում եմ: - Թվաբանությունն է այդ հուշում, բայց չեմ կարողանում պատկերացնել: Ոչ թե չեմ հաշտվում տարիքիս հետ… Չէ°, ինչպես ասում են` տեր եմ ապրածս բոլոր օրերին, կյանքս վերապրելու դեպքում կրկնելու էի գրեթե այն ամենը, ինչով հրապուրվել եմ, ոգևորվել… Պարզապես` երևի 6 տասնամյակը մեզ ավելի երկար ժամանակահատված է թվում, քան կա իրականում: - Իսկապես` ամենաթանկն ու անդառնալին ժամանակն է. ինչպե՞ս ես «վարվում» քո ժամանակի հետ: - Մեծերից մեկը դիպուկ է ասել` կյանքը ժամանակի մի պողոտա է, որով պիտի քայլեն ազգեր, անհատներ: Ոմանք շեղվում են այդ պողոտայից, ոմանք գնում են մինչև վերջ` կենսագրություն կերտելով: Կարևորը` այդ ճանապարհին հետք թողնելն է: Ինքնագնահատանքով երբևէ չեմ տարվել, բայց ոնց որ թե ինչ-որ բան արել եմ իմ գործունեության ոլորտներում: - Թատրոն, ասմունք, Արցախյան ազատամարտ, հեռուստատեսություն. այս «քառանկյունում» դու հասցրել ես բարի համբավ վաստակել: Բայց իրականում հատկապես ո՞րն է քոնը: - Բոլորն էլ հոգեհարազատ են ինձ: Իհարկե` մանկությանս երազանքը թատրոնն է եղել, սակայն ժամանակը նաև նախասիրություններն է ճշգրտում, նոր հետաքրքրություն ներ հուշում: Օրինակ, ասմունքն ինձ գերեց մի դիպվածի շնորհիվ: Ա. Էլբակյանի հետ անցնում էինք Կարապի լճի կողքով. այնտեղ նկարահանում կատարող ռեժիսորն Արմենին առաջարկեց Տերյանից ինչ-որ բան արտասանել: Արմենը պատճառաբանեց, թե պատրաստ չէ և ինձ մղեց դեպի տեսախցնիկը: Հեռարձակումից հետո ասմունքելու բազմաթիվ առաջարկ-հրավերներ ունեցա, և այն մեկեն հոգու պահանջ դարձավ: - Արցախյան գոյամարտն էլ քեզ անտարբեր չթողեց: - Իսկ որևէ մտավորական անտարբեր մնա՞ց` եթե նույնիսկ անձամբ ռազմաճակատ չմեկնեց: Այո, իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել այդ պայքարում` «Խաչակիրներ» ջոկատի հետ նաև մարտական գործողություններին մասնակցելով: Ի սկզբանե գիտեի, թե որքան ծանր է մահվան աչքերին նայել, սգալ կողքիդ զոհված ընկերոջ կորուստը, պայթող արկերի աղմուկից խուճապի չմատնվել ու վարժվել վառոդի հոտին: Այդքանից հետո տուն դառնալ և փորձել որդեկորույս մայրերի կսկիծը սփոփել կամ որբացած զավակների աչքերին նայել… Իմ կռիվը, սակայն, այդքանով չի ավարտվել: - Խաղաղ օրերում էլ, այո, դու շարունակում ես անմոռաց պահել մեր նահատակների անունն ու սխրանքը: - Այս գլոբալիզացիա կոչվածը, կեղծ ժողովրդավարությունը կարող են նաև ստվերել ազգիս պատմության որոշ էջերը: Ազգայնականություն, այլ ոչ` ազգամոլություն. այսինքն` արմատներին հենվելով կայացնել, զարգացնել, հղկել սեփական դիմագիծը, բայց ոչ թե բացասել ու ատել այլ ազգերին: Այս առումով ինձ գործելու լայն ասպարեզ է տալիս «Ար» հեռուստաընկերությունը: Շնորհիվ Վարդանյանների ընտանիքի, ու հատկապես` Կարեն Վարդանյանի, «Ար» և «Հայրենիք» հեռուստաընկերությունները հենց ազգային մտածողություն են սերմանում` անաղարտ լեզվամտածողությամբ: - Ի դեպ` «Գրանդ հոլդինգի» նույնիսկ գովազդներն առանձնանում են թե° ճաշակով, թե° գրավչությամբ: - «Ար»-ը հետևողականորեն և բարձր մակարդակով մշակութային քաղաքականություն է վարում, և հեռարձակվող բազմապիսի հաղորդաշարերը մեծ արձագանքներ են բերում: Ասել է թե` ծառայում են իրենց նպատակին: - Այսպես թե այնպես` դու 60 տարեկան ես, սիրելի Ամիրան: Ընդամե°նը 60: Ու լավ է, որ տարիների բեռ կոչվածը չի ծանրանում քո ուսերին: Նշանակում է` բոլոր օրերդ սիրով ես ապրել: Կարևորը` մաքուր խղճով: Նորանոր հոբելյաններ ենք մաղթում, ու թող դրանք նույնքան աննկատ սահեն քո կողքով` քեզ թողնելով միայն իրենցով ճշգրտելու ապրածդ ու ապրելիք ժամանակդ:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ