«Մահվան հրեշտակը» հիմնել է «արիական երկվորյակների քաղաք»


Ավելի քան կես դար առաջ ավարտված Երկրորդ աշխարհամարտի առանձին փաստեր (իրադարձություններին ու գործող անձանց վերաբերող) պատմաբանները այսօր էլ կարողանում են գտնել: Հետազոտվում է, օրինակ, նացիստ հանցագործների` Հարավային Ամերիկա փախչելու ու նրանց հետագա ճակատագրի մանրամասները: Արդարացի պատժից կարողացել է խույս տալ նաև նշանավոր Յոզեֆ Մենգելեն, որը Աուշվից-Բիրկենաու («Օսվենցիում») համակենտրոնացման ճամբարում բժիշկ է եղել` «Մահվան հրեշտակ» մականվամբ: Նա խնդիր է հետապնդել` «բարձրացնել արիացի կանանց պտղաբերությունը» և այդ նպատակով անմարդկային փորձարկումների է ենթարկել բանտարկյալներին: Մենգելեին հատկապես հետաքրքրել են ճամբարում հայտնված երկվորյակ 1000 բանտարկյալները, որոնցից 800-ը դաժան փորձերի զոհ են դարձել: Համակենտրոնացման ճամբարից ճողոպրելով` «Մահվան հրեշտակը» 1949-ին հաստատվել է Լատինական Ամերիկայում, որտեղ էլ շարունակել է իր փորձարկումները (տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph-ը): Սակայն, երբ իսրայելյան հատուկ ծառայությունները հափշտակել են նացիստ մեկ այլ հանցագործի` Ադոլֆ Էյհմանին, «հրեշտակը» փախել է Բրազիլիա (1963): Շուտով անասնաբույժի և բժշկի անվան տակ նա սկսել է այցելել Կանդիդ Գոդոյ, և 9 ամիս հետո այստեղ վերելք է ապրել երկվորյակների ծնունդը: Ինչպես ենթադրում է պատմաբան Կամարասան` այդ քաղաքը կարող էր դառնալ լաբորատորիա, որը Մենգելեն ձգտում էր լցնել «շիկահեր, կապուտաչյա արիացիներով»: Տեղաբնակների պատմածներով` 60-ականներին իրենց մոտ հայտնված ոմն բժիշկ` Ռուդոլֆ Վայս անունով, ոչ միայն մարդկանց ու կենդանիների է բուժել, այլ նաև զբաղվել է արհեստական բեղմնավորմամբ, ինչի արդյունքում իրենց քաղաքում շատացել են կապուտաչյա շիկահեր երկվորյակները… Ի դեպ` նա ստիպել է, որպեսզի քույրերը հղիանան իրենց եղբայրներից, ստիպողաբար սեռափոխության վիրահատություններ է կատարել… Ենթադրվում է, որ նա ապրել է մինչև 1979 թվականը և խեղդվել է օվկիանոսում` Բրազիլիայի լողափերից մեկում հանգստանալիս: