Օբաման առաջարկում է կրճատել


ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է բոլորովին այլ փոխհարաբերություններ առաջարկել Ռուսաստանին: Մոսկվան էլ իր հերթին կարծես հույսեր է փայփայում, որ կվերանայվի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման ծրագիրը, և, ինչպես նշեց Պուտինը` դրական առաջին ազդանշաններն արդեն ակնհայտ են: Սպիտակ տունը չի շտապում կյանքի կոչել Բուշ-կրտսերի թանկարժեք ծրագիրը` խորհրդածելով դրա իրական արդյունավետության մասին: Ու մինչ ՀՀՊ հարցը մնում է անորոշության մեջ, Օբաման Ռուսաստանի համար հանդիպական առաջարկություն է նախապատրաստել` 80 %-ով կրճատել միջուկային սպառազինումը: Այդպիսով ՌԴ և ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկներն առավելագույնը պետք է կազմեն 1000 միավոր: - Մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ պայմանավորվել հետագա զինաթափման մասին և ծավալուն երկխոսություն վարել ռուսներին հուզող բոլոր հարցերի շուրջ,- The Times-ին ասել են Բարաք Օբամայի վարչախմբում: Այս նպատակով Նահանգների 44-րդ նախագահը ստեղծելու է միջուկային զինաթափման կոմիտե, որը կգլխավորի Քլինթոնի վարչախմբում այդ հարցերի խնամատար Հերի Սեյմուրը, իսկ բանակցությունները կվարի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչ վերաբերում է Պուտինի ակնարկած դրական ազդանշաններին, ապա լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ՌԴ վարչապետը մասնավորեցրել է. - Երբ հակաօդային պաշտպանությանը վերաբերող որոշակի ազդանշան լսեցինք, մենք ուշադրություն դարձրինք, որ պարոն Օբամայի շրջապատում արդեն խոսում են, որ շտապել պետք չէ, և դա ենթակա է լրացուցիչ վերլուծության: Մենք ողջունում ենք այդպիսի հայտարարությունները… Մենք դրական ազդանշաններ ենք լսում նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ: Արդեն ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ նոր նախագահի շրջապատում խոսում են այն մասին, որ Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունը կարելի է ապահովել տարբեր եղանակներով ու պարտադիր չէ` ՆԱՏՕ-ի ուժերով: Մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք մասնակցել միջազգային անվտանգությունն ապահովող առավել իրատեսական տարբերակների մշակմանը վերաբերող ցանկացած բանավեճի: