Պետք է ունենալ մարտունակ բանակ


- Պարո°ն Բաղունց, տարեսկզբին օրակարգային ի՞նչ հարցեր են քննարկվել, ինչպիսի՞ համալիր ծրագիր է մշակվել: Զորամասում մթնոլորտն առողջացնելու, բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը բարձրացնելու առումով ի՞նչ քայլեր են նախատեսվում: - Վերադաս հրամանատարության կողմից հաստատված 2009 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն` նախատեսվում են մի շարք համալիր-միջոցառումներ: Մարտական պատրաստության կատարելագործմանը նպաստող անհրաժեշտ զորավարժությունները լինելու են ավելի նպատակային: Ուսումնական փուլի ընթացքում ստորաբաժանումները լեռնային պատրաստության համար լինում են «Փամբակ» ուսումնական կենտրոնում: Հստակորեն մշակել ենք մարտական պատրաստության պարապմունքների ծրագիր` մարտական ոգին բարձրացնելու նպատակով: Ամեն ինչ պետք է անել` 2008 թ. ընթացքում եղած թերությունները վերացնելու համար, հետևաբար, որպեսզի պարապմունքները լինեն նպատակային, պետք է պայքարել ձևականությունների դեմ` խիստ կարևորելով զինվորական կարգապահությունն ու պատրաստականությունը: Ճիշտ չի լինի խոսել մարտունակ բանակի մասին` չկարևորելով զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը: Բանակում առողջ մթնոլորտը և հասարակության վստահությունը յուրաքանչյուր օղակի գերխնդիրն է: Այսօր բոլոր զորամասերում փորձում են զինծառայողների հետ բարոյահոգեբանական անհատական աշխատանք տանել: Նախատեսել ենք համալիր ծրագիր` ուղղված ընդհանուր մթնոլորտի կայունացմանը: Գերագույն նպատակը` չկորցնել հասարակության կողմից ձեռք բերված վստահությունը: - Ուսումնական փուլի ընթացքում կա՞ն բացթողումներ, զինվորի ֆիզիկական պատրաստությունը պահանջվո՞ղ մակարդակի վրա է: - Առանձին դեպքերում մարտական պատրաստության պարապմունքներն անցնում են ձևականորեն. պատճառներ շատ կան, նախ` լուրջ ուշադրություն պետք է դարձնել սպայի մակարդակի վրա. նա ոչ մի հարցում չպիտի թերանա: Անհրաժեշտ միջոցառումները նախատեսել ենք` բացթողումները շտկելու համար: Մարտունակ բանակը պետության վահանն է: Բացթողումներ, անշուշտ, լինում են: Կատարված սխալներն անկողմնակալ վերլուծություն ու շտկում են պահանջում: Ասեմ, որ 2008 թ.-ի մարտական պատրաստությամբ մեր զորամասը լավագույնն է ճանաչվել և արժանացել պատվադրոշի, իսկ ձմեռային ու ամառային ուսումնական փուլերի ընթացքում` լավ գնահատականների: Ինչ խոսք, սա չի նշանակում, որ ազատագրվել ենք թերություններից: Հատուկ նշանակության մեր զորամասն ավելի ուշադիր պետք է լինի ներքին կարգապահական խնդիրներին, հոգեբանական ու ֆիզիկական պատրաստականությանը: Մեր անձնակազմը խորապես գիտակցում է իր առջև դրված խնդիրների կարևորութ յունը, պատրաստ ենք պատվով հաղթահարել դժվարությունները: Եթե նորակոչիկներին բնութագրենք, ապա կարձանագրենք` դպրոցում, ընտանիքում բացթողումներ շատ կան, դա էլ ազդում է բանակի որակի վրա: Մարտական ճիշտ պատրաստության պարապմունքների շնորհիվ մի քանի ամիս անց նորակոչիկը կոփված զինվոր է դառնում: Չեմ թաքցնում, ցանկալի է` ավելի պատրաստված նորակոչիկ ունենանք: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այսօր հայ երիտասարդն ավելի կայացած է, նա ծույլ կամ թույլ չէ: Մեր զորամասը նորակոչիկներ ընտրելու հնարավորություն ունի: Ընտրում ենք լավագույններին ու հայրենիքի համար իսկական զինվոր դարձնում: Մեր զորամասից հեռանում են արդեն կայացած անհատներ: Նորից կրկնում եմ` անելիքներ շատ կան: Մենք դատապարտված ենք ունենալ մարտունակ բանակ: ՊՆ և ԿԳ նախարարությունը համատեղ ծրագիր են մշակել` դպրոցականին լիովին նախապատրաստել զինծառայությանը: Այսօր հասարակության վերաբերմունքը փոխվել է բանակի հանդեպ. ձևավորվում է փոխադարձ վստահություն: Ծնողն առաջվա պես իր որդուն վախվորած չի ուղարկում ծառայության` համոզվելով` իրենց զավակը կայանում է զինծառայության ընթացքում: Ընտանիքը, դպրոցը, զորամասը պետք է ջանք գործադրեն` մեր զինվորին լավագույնը դարձնելու համար: - Ունենալով իրավական պետություն` կունենանք հզոր բանակ: Գերակա ի՞նչ խնդիրներ կան: - Բանակը հասարակության զարկերակն է, հայելին: Իրավական պետությունը ենթադրում է արդար հարաբերություններ: Երկրում պետք է իշխեն արդարությունն ու օրենքը, օրինապահությունը կատարելություն է: Այսօր ակնհայտ են դրական տեղաշարժերը: Բարեփոխումները կայունացնում են մթնոլորտը: Լուրջ քայլեր են ձեռնարկվել վերադաս հրամանատարության կողմից: Մեր զորամասը կրնկակոխ հետևում է բարեփոխումներին: Զինծառայողը և հասարակությունը զգում են, որ փոխվել են հարաբերությունները, բարեխիղճ զինվորը խրախուսվում է: Նրա և° բարոյահոգեբանական վիճակը, և° ֆիզիկական պատրաստությունը բարձր մակարդակի վրա են: Իհարկե, կան խնդիրներ, մեր զորամասն էլ մի մեծ ընտանիք է: Արտակարգ պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ սպաներն ինչ-որ տեղ թերանում են` իրենց պարտականությունները կատարելիս: Պարապության մատնված զինվորն արդեն պոտենցիալ կարգազանց է: Ամեն ինչ արվում է զորամասում կյանքը հագեցած դարձնելու առումով: - Սովորաբար, երևույթները հասարակությունը վերլուծում է` հաշվի առնելով պաշտոնյաների կողմից օրենքի խախտման դեպքերը: Ինչպե՞ս ձեռք բերել նրա վստահությունը: - Պետք է բաց լինել հասարակության համար. վստահել նրան, որպեսզի նա էլ մեզ վստահի: Հաշվի նստել հասարակության հետ, փոխհամաձայնության գալ: Նրանից չթաքցնենք թերությունները: Քողարկելով դրանք` առաջ կգան ավելի մեծ խնդիրներ, կկորցնենք վստահությունը, կտուժի բանակի մարտունակությունը: - Զինվորի համար ինքնադրսևորման ինչպիսի՞ հնարավորություններ են ստեղծվել զորամասում: - Ինչպես վերևում նշեցի, առաջնայինը մարտական պատրաստության որակն է: Զինվորի ազատ ժամանակն արդյունավետ պետք է օգտագործել` դարձնելով բովանդակալից ու հետաքրքիր: Շնորհալի զինծառայողներ շատ ունենք` գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, շախմատիստներ… Զորամասում գործում է գեղարվեստական ինքնագործունեութ յան խումբ: Շատ են կազմակերպվում արտազորամասային հանդիպումներ` այցելություններ մշակութային օջախներ. վերջերս հանդիպում եղավ գրողների միության անդամների հետ: - Զորամասը համալրվա՞ծ է որակյալ բուժաշխատողներով, վերազինվա՞ծ է անհրաժեշտ սարքավորումներով: - Ունենք լավ բժիշկ-մասնագետներ, կա հոգատար սպասարկում, ինչը խիստ կարևոր է, բայց, ցավոք, սարքավորումների պակասը զգալի է: Շատ զորամասերում առկա է ա°յդ խնդիրը: - Ո՞վ է հայ զինվորը, ինչպե՞ս կբնութագրեք նրան: - Ասում են` ասպետ եղի°ր նախ անձիդ հանդեպ: Ինքնաճանաչման, ինքնագնահատման պահին ասպետ պետք է լինել. գոռոզությունը տկարություն է, իսկ սեփական ուժերի հանդեպ անվստահությունը` թուլություն: Քչերը կարող են հպարտանալ իրենց հզոր կամքի ուժի հաղթանակով. առյուծածին ազգ ենք և հպարտ ենք հայ լինելու համար: Ո՞վ է հայ զինվորը… Այն մարտիկը, որ օրհասական պահին չի հապաղում` երկրի պաշտպանությունը բարձր դասելով ամեն ինչից: Վկա 90-ական թվականները, մեր պատմությունը, իսկ այսօր հայ զինվորն անտրտունջ թրծվում է մեր բանակում (տրտունջը թուլակամների համար է), պատրաստակամ է ու ինքնավստահ: Հիմա վստահ կարող եմ ասել` շուտով կունենանք ավելի մարտունակ, խելացի ու անպարտ բանակ: Զրուցեցինք զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր ԲԱՂՈՒՆՑԻ հետ

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ