Ո՞վ կտիրանա 67-ամյա կորստին


Ընթացիկ տարին ծովային գանձեր որոնողների համար արտառոց հայտնագործությամբ նշանավորվեց: Ատլանտյան Օվկիանոսի հատակում` հարավամերիկյան ուղղութ յամբ, գտնվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին խորտակված բրիտանական նավը, որի ուղեբեռի արժեքը նախնական հաշվարկներով մոտ 4 միլիարդ դոլար է: 1942-ի հունիսին ջրասույզ եղած փոխադրամիջոցի նավամբարները լեցուն են ոսկի, պլատին և ալմաստ պարունակող արկղերով: Շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք քարերը (16 մլն կարատ) պատկանելիս են եղել Մեծ Բրիտանիային, իսկ 80 տոննա ոսկյա և պլատինե ձուլածոները` ԽՍՀՄ պետբանկին: Գանձը հայտնաբերել է ամերիկյան Sub Sea Recearch ամերիկյան մասնագիտացված ընկերությունը` 250 մետր ծովախորքերում, և առայժմ չի նշվում նավի անունն ու գտնվելու ճշգրիտ վայրը: Հետազոտողներն ակնարկում են միայն, որ «Երկնագույն բարոն» պայմանական անունով նավը իր վերջին ուղևորությունը սկսել է բրիտանական Դանդի նավահանգստից և չգիտես ինչու հայտնվել է Գայանյան ափերի մոտ: Նավը դուրս կբերվի միայն այն ժամանակ, երբ ամերիկացիները կճշգրտեն գանձի բոլոր հավակնորդներին: Ռուսաստանը, բնականաբար, փորձելու է տիրանալ ԽՍՀՄ-ի բաժնին, և այս առնչությամբ անհանգստացողներ կան: Սակայն արդեն հավակնորդների շարքում է Գայանան, թեև նավը խորտակվել է նրա սահմաններից դուրս: Ամերիկյան որոնող ընկերությունը նույնպես չի թաքցնում, որ գանձը գտել և ջրի երես են դուրս բերելու իրենք, ուրեմն փայատեր պետք է դառնան իրենք: Եվ ճարպիկ փաստաբանների ջանքերով նրանց բաժինը կարող է հասնել մինչև 90 տոկոսի: