Վտանգավոր ուշացում, թե՞ դիվանագիտական խաղ


Այսօր դժվար թե գտնվի Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, որը դեմ լինի բոլոր հարևանների, այդ թվում նաև Թուրքիայի հետ մեր երկրի բարի-դրացիական հարաբերություններ հաստատելուն: Ով, ով, բայց մենք` հայերս, խաղաղության գինը լավ գիտենք: Միաժամանակ, այսօր դարձյալ դժվար կլինի մեզանում գտնել որևէ մեկին, որը կհամաձայնի Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսության հիմքում տեսնել ղարաբաղյան հիմնախնդիրը: Պաշտոնական Երևանը միշտ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պետք է սկսել առանց նախապայմանների, ինչը դրական արձագանք է գտել հայ հանրության շրջանակներում: ՀՀ իշխանությունների` ֆուտբոլային դիվանագիտության առաջին քայլն էլ միանշանակ չընդունվեց. եղան և° դրական, և° բացասական արձագանքներ, նաև կարծիքներ հնչեցին, թե հարկավոր է աչալուրջ և զգույշ լինել Թուրքիայի հետ հարաբերություններում: Ինչևէ, քայլն արված է և շարունակությունն էլ, կարծես, անհանգստացնող ոչինչ չի պարունակում: Ավելին` երկու հարևաններն աշխատում են ցանկացած առիթ օգտագործել բարձր մակարդակով երկկողմ հանդիպումների, երկխոսության շարունակման համար: Այդպես եղավ նաև Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մանրամասների մասին հայրենի պաշտոնական լրատվությունը ոչինչ չասաց: Այս լռության ֆոնին առանձնապես անհանգստացնող է հնչում CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանի հայտարարությունը: - Մենք չենք կարող Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին միայնակ թողնել,- հայտարարել է Թուրքիայի վարչպետը` անդրադառնալով ԼՂ խնդրին: Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման շրջանակները որոշվել են Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: - Դա կարևոր է ու տրամաբանական, և այդպես շարունակվելու է նաև ապագայում,- հայտարարել է Էրդողանը և հաստատել պաշտոնական Անկարայի տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերություններում առկա առանցքային վիճահարույց խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է: «Ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուր քական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված են»,- ասել է Էրդողանը: Իհարկե, մենք` հայերս, գիտենք, հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող չանհանգստացնել Թուրքիային: Այս թեմայով բազմիցս ենք խոսել և պնդել, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Անկարան այս խնդրում հանդես գա միջնորդի դերում, քանի որ նա այստեղ շահագրգիռ կողմ է: Նաև ընդգծենք` ղարաբաղյան հիմնահարցն իր արմատներով կապված է Հայոց ցեղասպանության հետ: Առավել ևս` այս խնդրում Թուրքիան դեռևս չի հրաժարվել մերժողական դիրքորոշումից, չնայած` վերջին շրջանում այն կարծես ճաքեր է տալիս: Սակայն դա էլ կարող է թուրքական խորամանկ դիվանագիտության լարած հերթական որոգայթը լինել: Այնպես որ, չարժե կարծել, թե ահա, ուր որ է` թուրքերը կընդունեն Հայոց ցեղասպանությունը: Հայ-թուրքական երկխոսության առաջին օրերին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրավացիորեն զգուշացնում էր` չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան Ղարաբաղյան խնդրում հանդես գա միջնորդի դերում կամ նման կարծիք ձևավորի միջազգային հանրության շրջանում: Իսկ ահա, Դավոսում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ԼՂ հարցում որպես միջնորդ հանդես գալու կամ գոնե այդպիսին երևալու Թուրքիայի փորձ: Հարկավոր է հատկապես միջազգային ֆորումներում զգոն լինել և ժամանակին կանխել նման փորձերը կամ գոնե արժանի հակահարված հասցնել: Ուշացումը կարող է անշտկելի վնասներ բերել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ