Սուրբ Վալենտին ՉԿԱ´


Փետրվարի 14¬ն աշխարհում տոնվում է որպես սիրահարների միջազգային օր, Սուրբ Վալենտինն էլ համարվում է «սիրող սրտերի» հովանավոր և պահապան... Ո՞վ է Սուրբ Վալենտինը: Կաթոլիկ քահանային ավանդաբար վերագրվող հատկանիշներով սուրբ գոյություն չի ունեցել պարզապես` հավաստում է Տեր Շահե քահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ. - Սուրբ Վալենտին չկա. նրա անձի հետ կապվող պատումները ընդամենը ժողովրդի երևակայության արգասիքն են: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի խոսքով` այս սուրբը բանահյուսական կերպար է: Վալենտինի տոնը ո´չ ռուսական է, ո´չ ամերիկյան ու, առավել ևս, ո´չ հայկական: - Մեր իրական «Սուրբ Սարգիսը» թողած` «Սուրբ Վալենտին» ենք փնտրում. վերջինս արդեն ավելորդ է,¬ ընդգծում է Տեր Շահեն: Ըստ հայտնի պատմության միջնադարյան մի ժամանակահատվածում, երբ մարտիկների ուշադրությունը չապակենտրոնացնելու նպատակով բանակայինների ամուսնություններն արգելված են եղել, Վալենտին անվամբ մի զինվորական բժիշկ հովանավորել է զորքի սիրահարվածներին` գաղտնի ամուսնացնելով նրանց: Լեգենդը, թերևս, գեղեցիկ է, սակայն, փաստորեն մտացածին է նաև այն կերպավորող սուրբը: Այդուհանդերձ, «Սուրբ Վալենտին» Հայաստանում շատերն են տոնում, ինչը, ցավոք, օտարամոլության հերթական դրսևորումն է: Մերոնք, կարծես, սիրեցին կրկնակի տոները: Ու եթե Մարտի 8-Ապրիլի 7¬ը ընկալելի է` հատկապես մորը, կնոջը մեծարելու առումով, ապա «Սուրբ Սարգսի» ու «Սուրբ Վալենտինի» նույնականացումն անթույլատրելի է նույնիսկ: Ընդ որում` ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու համար: ՌԴ Բելգորոդի մարզի իշխանություններն, օրինակ, արգելել են նշել այդ տոնը` հիմնավորելով, որ այն հակասում է ռուսական ավանդական մշակույթին: Իսկ մեզանում` առավել ևս դրա անհրաժեշտությունը չկա. նույն ամսում, ամենաշատը մի քանի օրվա տարբերությամբ արժե՞ սիրահարների օր նշել: Ինչ խոսք, սիրահարների համար տոն է տարվա բոլոր օրերը: Խոսքը միայն օտարամուտ սովորույթները կուրորեն վերարտադրելու անցանկալիության մասին է:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ