Ես ձեզ էի փնտրում, հայեր


(Ոչ ոք ու ոչինչ չպետք է մոռացվի) Ինձ հանձնարարված էր գրել հարուստ կենսագրություն ունեցող հին երևանցու մասին: Դժվար էր` օր¬օրի ազգաբնակչության գերաճ ունեցող մայրաքաղաքում գտնել ամենահնին: Որոշեցի նրան որոնել մանկական զբոսայգում, որտեղ տարեցներ էին հավաքվվում: Այգու հրապարակի առաջին նստարանին, արևի թույլ ճառագայթներից ջերմացած, ձեռնափայտին հենված մի ծերունի էր ննջում: Աշնան դեղնած տերևները շուրջպար էին բռնել, խշշում էին ու խշշում: Մոտեցող ոտնաձայնիցս սթափվեց ու շարունակեց թզբեխախաղը: Նստեցի նրա կողքին: Հարցրեց ու իմացավ, որ մշեցու տոհմից եմ: Նրա ներքին շրթունքը դողդողաց, աչքերը թրջվեցին: ¬ Ուրեմս, Մխիթարի թո՞ռն ես, բալա ջան,¬ ասաց ու մի պահ լռեց: Հետո ավելացրեց.¬ Լավ մարդ էր Մխիթարը, օղորմի նրա հոգուն, գերեզմանին: Չգիտեմ, թե ծերունին ո՞ր Մխիթարին հիշեց, բայց նա իմ նահատակված պապը չէր, որին տատիս ու գեղեցկուհի հորաքրոջ հետ թուրքերը հենց իրենց օջախում էին այրել: Այնպես որ, նրանք գերեզման չունեցան: Մեր զրույցը ընդհատվեց, երբ ծերունին իմացավ գալուս նպատակը: - Շատ համարձակ թերթ ա Ձեր «Ավանգարդը», ու լավ ժուռնալիստներ ունեք: Հետո պատրաստակամություն հայտնեց օգնել ինձ: - Հներից Հրանտ Ազիզյանն ա,¬ ասաց:¬ Ապրում ա էս այգու «զաբոռի» մյուս կողմում, «զարաբիխանի» շենքում: Բոլորը էդ գյուղատնտեսին ճանաչում են: Գնա ու նրա մասին գրի: Հեշտությամբ գտա տունը: Դուռը բացեց հենց ինքը` գյուղատնտեսը: Ներս հրավիրեց: Երբ իմացավ գալուս նպատակը, համեստորեն հրաժարվեց: - Մեր դարն անցել է արդեն,¬ ասաց:¬ Գրեք մեզ փոխարինողների մասին: Ապագան նրանցն է: Նոյը շատ բան տվեց մեր գյուղատնտեսությանը: - Իսկ Դո՞ւք,¬ հարցրի նրան: - Ես, ինչ: Հա Ղրիմից խաղողի մատեր եմ բերել: Դրանցից մեկը շատ լավ ընտելացավ մեր բնակլիմայական պայմաններին և ստացա «Սապերավի» գինին: Կիրովաբադից բերածից էլ «Մուսկատը» ստացա, որը գինիների թագուհին դարձավ և բազմաթիվ ոսկե մեդալակիրը: Գիտեք, Հայոց հողի ընդերքը շատ պատմական գանձեր ունի ու սպասում է հնագետների պրպտումների: Հա, ես հին երևանցի եմ, Կոնդ թաղամասից: Հիշում եմ, հայրս «մեյդանի» եկեղեցի տանող ճանապարհին մի փոքրիկ խանութ ուներ, որի եկամուտներով էլ կարողացավ իր ինը երեխաներին կրթության տալ: Ես իմ մասնագիտության բնագավառում վարել եմ տարբեր պաշտոններ: Հանրապետության գյուղատնտես, վետերան Հրանտ Ազիզյանի մասին շարունակեցին «խոսել» սեղանի մի անկյունում խնամքով դասավորված բազմաթիվ պատվոգրերը, շքանշանները, «Որակյալ գյուղատնտես», «Վաստակավոր գյուղատնտես» վկայականները, պարգև ստացած ռադիոընդունիչը, ձեռքի ոսկյա և պատի ժամացույցները: Հրաժեշտ տալիս նա խորհուրդ տվեց հանդիպել հին երևանցի, բժիշկ Գռոյին, որպեսզի նա կպատմի իրենց համատեղ պայքարի մասին:

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ