Երբ ուզում ես նվիրվել...


Աստված շնորհներ պարգևում է հավանաբար նրանց, ովքեր յուրացնում կամ ի ծնե ունենում են սկզբում առանցքայինն ու ամենապարտավորեցնողը` անհատակա նություն կոչված արվեստը: Եվ զանազան առաքինությունների համար Բարձրյալին երախտագիտություն հայտնելու լավագույն եղանակն էլ այդ ընծաներն ուրիշ մարդկանց շռայլորեն բաշխելն է... Վաղուց արդեն ճանաչում վայելող դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ, ըստ ամենայնի, մեկն է եզակիներից, ով և´ շնորհալի է, և´ երախտապարտ Աստծուն: Ամենակարևորը` հաջողություններից երբեք Նազենին գլխապտույտ չի ապրում և առանց ինքնաբավության «խոստովանում» է. - Ավելի շատ ինձ հաջողակ եմ համարում. շատ կարևոր է հաջողակ լինելու գործոնը, որովհետև հազարավոր աշխատասեր ու տաղանդավոր մարդիկ գոյություն ունեն, ովքեր մնում են ճամփեզրին` էդպես էլ իրենց տեղը չգտնելով: Չնայած նրանց մոտ էլ ուրեմն ինչ¬որ գծի, «խազի» պակաս լինում է: Երբ ինստիտուտում էի, ուսուցչիս առաջին ուղղորդումն այն էր, որ աշխատող մարդն իր տեղը կգտնի. «տաշած քարը գետնին չի մնա»: Սակայն այս պարագայում էլ ողջ հարցն այն է, թե որ պահին ես քեզ արդեն «տաշած» համարում և երբ է ինքնակատարելացման ցանկությունդ դադարում: Հաճախ մարդիկ մոռանում են` որտեղից են եկել և կուրանում են` թե ուր են գնալու: Խոսքը փառքի ու հաջողության կուրացնող հատկության մասին է, ինչն ի զորու է շղարշել հենց հաջողությունը: - Հաջողությունն ի՞նչ գին ունի: - Ինքնազոհաբերման գին… Երբ մարդ դառնում է հաջողակ ու հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում (ոչ թե ճանաչված անհատը, այլ ուղղակի հաջողակ անձը), սկսում է սահմանափակել իր ազատությունները. լինի ճարտարապետ, թե քիմիկոս` միայն հաջողակներն են ուշադրության կենտրոնում: Եթե սովորական քաղաքացին իրեն կարող է թույլ տալ ցանկացած արարք, ապա արդեն որոշակի ճանաչում ունեցողները պարտադիր հաշվի պետք է նստեն հասարակության կարծիքի հետ. այս առումով զոհությունը մեծ է: Իր ճանապարհը սեփական հոգու պայծառությամբ լուսավորած երիտասարդ արվեստագետն առանձնակի փիլիսոփայությամբ է ապրում ու գործում` իրերն ու երևույթ ները երբևիցե չդիտելով աստղային «վերևներից»… - Հասարակությունն ինչպե՞ս է ընկալում արվեստագետի ազատությունը: - Ցավոք սրտի, թե բարեբախտաբար` մեր հասարակությունը թելադրում է` ինչպիսին լինել: Ես չեմ ասում, որ կուլ եմ գնում, սակայն ստիպված եմ որոշակի կաղապարներ կրել: Այլ կերպ չես կարող. դա հասարակական պահանջ է: Սակայն ընտանիքում հայրս երեք դուստրերին էլ այնպես է դաստիարակել, որ ձևավորվեն ազատ միտք ու խոսք ունեցող և անձնական ընտրության իրավունքի արժեքը գիտակցող կանայք: Նազենին իր «կերտած» Նենեի («Խաչագողի հիշատակարանը») նման ի սրտե անկեղծ է, Սառայի («Սպանված աղավնին») պես էլ` խորաթափանց ու անմեկնելի… - Ձեզ համար ի՞նչն է անհնարին: - Անհնարին է ալարելը, չհավատալն ու չզարմանալը: Անհավատ մարդը դատապարտված է: Հենց դադարեմ հավատալ, զարմանալ և սկսեմ ալարել` ուրեմն ես վերջացած եմ… Իսկ առհասարակ` (ասեմ, որ «անհնարին»¬ն այդքան էլ լավ բառ չէ) մարդկային կորստի վերադարձելիությունից բացի` անհնարին այլ բան չկա: - Ինչի՞ց կարելի է հիասթափվել: - Եթե ունի ճշմարիտ հավատք, մարդը չպիտի հիասթափվի… Հիասթափությունը հանգեցնում է հուսահատության, իսկ դա ոչնչացնում է ապրելու և զարգանալու բնական ցանկությունը: Հիասթափվում ես երևույթից, որից ունես մեծ սպասելիքներ: Երբ ունես մեծ սպասելիքներ, չես էլ նկատում, որ պատասխանատվություն ես ստանձնում` գնահատելու իրավիճակը: Մինչդեռ իրականում չես կարող գնահատել իրավիճակը: Դա նույնն է, ինչ արթնանաս համոզմամբ, որ օրն արևոտ է լինելու. իսկ եթե անձրև լինի՞… Թեև դրա հետ հաշտվելու տարբերակ` «համապատասխան հագուստ» էլ կա: - Ինչի՞ց եք հիասթափված: - Խիստ հիասթափված եմ իմ մասնագիտությունից` դերասանի արվեստից: Մեր այդ դաշտը բավական սահմանափակ է, մինչդեռ ունես ասելիք: Այս պարագայում ևս հանդիպում ես կաղապարների: - Կա՞ համարձակ լինելու բանաձև: - Կա´: Պետք է դրա համար նախ հիմք ունենալ (դա ֆինանսականի հետ բացարձակապես կապ չունի): Այդ բանաձևը կրթվածությունն է: Ասեմ, որ թանգարանների շատ պահակներ իրավունք ունեն գիդերից էլ ավելի համարձակ լինել: - Ի՞նչ է սերը: - Երբ քեզ զգում ես այն անկրկնելին… Երբ ուզում ես նվիրվել նրան, ով քեզ համար միակն է ու դարձյալ անկրկնել… Եվ ուզում ես լինել նրա ստրուկը, թագավորը, աստվածուհին, աղախինը… Երբ մի րոպե անգամ չես պատկերացնում կյանքն առանց նրա: Նազենի Հովհաննիսյանը տիրապետում է նաև «Երջանկության մեխանիկա» բացահայտելու արվեստին: Եվ իր բացահայտումները նա առանձնակի արվեստի է վերածել ևս: Շատերի համար, թերևս, անչափ բարդ է հենց նրա երջանկության մեխանիկան ընկալելը, որովհետև դրա շարժիչ ուժը մարդկանց սիրելն ու մարդկանց կողմից սիրված լինելն է:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ