«ԵՍ ԵՐԳՈՎ ՊԻՏԻ ԵԼՆԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ»


Երգչուհի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ապրում է Միացյալ Նահանգներում, սակայն հեռավորությունը չխանգարեց` զրուցելու հեռախոսով, քննարկելու մի շարք հարցեր, որոնք այսօր հետաքրքրում են շատերին: - Սիրելի Ֆլորա, հաճախակի դարձած Ձեր հայաստանյան համերգներն օգնում են մեզ` մշտապես սերտ լինելու ազգային երգի հետ, նաև` չմոռանալու Ձեզ… Ի՞նչ է Ձեզ համար հայ երգը: - Ես ծնվել ու մեծացել եմ Գյումրիում. մի քաղաքում, ուր հայ երգի հանդեպ մեծագույն պաշտամունք կար: Պատահական չէր, որ այստեղ էին ստեղծագործել մեր աշուղական դպրոցի բոլոր դասականները, այստեղ են ապրել Ջիվանին ու Շերամը… Մեր տանը միշտ հնչում էին հայկական երգեր, ես մեծանում էի դրանց ուղեկցությամբ ու ազդեցություններով: Հետո ես սկսեցի երգել Աղասի Շաբոյանի գլխավորած նշանավոր անսամբլում` գլխավորապես կատարելով հայ կոմպոզիտորների և աշուղների երգեր: Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում էլ սովորելու ժամանակ սևեռված էի ազգային երգին: Ուրեմն, ազգային երգն ինձ համար մանկության ձայնն է, որը միշտ ինձ հետ է: Նաև` կենսագրություն է ու ճակատագիր: Ես աշխարհի շատ երկրներում եմ երգել, ամենուրեք կատարել եմ հայկական երգը` կարծես սիրտս ու հոգիս, մեր ժողովրդի ճակատագիրը ներկայացնելով: Ես չեմ ընդունում այն կատարողներին, ովքեր հեոռւ են մնում ազգայինից. ազգայինը սկիզբ է, հենարան է, արմատների կանչ է: - Ես հիշում եմ 1978-ին Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում «Արարատյան հովտի մեղեդիներ» խորագրով համերգը, ուր դուք կատարում էիք Դանիել Ղազարյանի երգերը, «Դլե յամանը»… Դահլիճն իսկապես ցնցված էր… - Այս համերգաշարն իմ կյանքում ամենանշանավորներից էր, որովհետև մենք Մոսկվայում հանդես էինք գալիս այն օրերին, երբ տեղի էին ունենում լեգենդար «Բոնի Մ» խմբի համերգները: Սաստիկ սառնամանիքը չէր խանգարում մարդկանց` լցնելու 1000 տեղանոց դահլիճը: Համերգներից մեկի ավարտից հետո կուլիսներ եկավ Առնո Բաբաջանյանը, գրկեց ինձ ու ասաց, որ իր համար հայտնություն էին Դանիել Ղազարյանի երգերը… Մենք այսօր կարծես մոռացել ենք թե´ այս հրաշալի երգահանին, թե´ Ռոմանոս Մելիքյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, խորհրդային շրջանի մեր մյուս երգաստեղծ կոմպոզիտորներին: Ուրախ եմ, որ կա «Երգ երգոց» հաղորդաշարը, սակայն մենք պիտի նախանձախնդիր լինենք վերականգնելու անցյալի երգերն ու ստեղծելու այսօրվա հայ երգը, որը, ցավոք, դեռ շատ է աղավաղված: Մենք շատ ավերածութ յուններ գործեցինք, փորձելով ստեղծել ժամանակի ու երգի կապը` կորցրեցինք ճշմարիտ ուղին, տարվեցինք արաբական ու թուրքական մեղեդիներով: Դրանք արևելյան են, մինչդեռ մեր երգային հարստությունը շատ քիչ է իր վրա կրել արևելքի ազդեցությունը. մեր ժողովրդական ու աշուղական երգը եվրոպականի ու քաղաքայինի միաձուլվածքն է: Երբ օտար բեմերում ես կատարում եմ մեր երգերը` զգում եմ, թե մարդիկ ինչպես են լսում, ինչպես են թափանցում մեր մեղեդային հարստության մեջ: - Ձեր կատարած երգերից շատերը մի տեսակ մելամաղձոտ են, տխուր… Ինչու՞ եք նախընտրում այդ ստեղծագործությունները: - Ցանկացած երգիչ իր երգացանկը կազմելիս հենվում է մի շարք գործոնների վրա. ձայնային տվյալներ և տեմբր, նախասիրություններ, թեմատիկ ընդհանրացումներ… Ես առաջնորդվում եմ այդ ամենով, երբեք չեմ կատարում այնպիսի ստեղծագործություններ, որոնք հեռու են իմ նախասիրություններից ու ձայնային տեմբրից, իմ նկարագրից: Ես չէի ասի, թե իմ կատարած երգերը մելամաղձոտ են. դրանք բալլադներ են, որոնք բխում են մեր ժողովրդի հոգուց ու պատմությունից: Ինձ համար «Քելե լաո» երգը մի ամբողջ ասք է, եղերական ու լավատեսական պատմություն է: «Դլե յամանն» ու Վլադիլեն Բալյանի «Քնարականը» տարբեր զգացումների ու զգացողությունների դրսևորումներն են… Կարծում եմ, որ ամեն մի հայ սիրում է այդ երգերը: - Ապրելով Միացյալ Նահանգներում` Ձեզ օտարված չե՞ք զգում հայրենիքից: - Ես գնացել եմ հայրենիքից ոչ այն պատճառով, որ չեմ սիրում հայրենիքս, կամ հոգնել եմ հայրենիքից… Հայրենիքը զգեստ չէ, որ հագնես, իսկ հետո այլևս դեն նետես, ոչ էլ նկար է, որ նայես, սիրես, հետո անցնես մեկ ուրիշ նկարի… Ես գնացել եմ Նահանգներ, որովհետև ճակատագիրն է այդպես թելադրել: Բայց սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ես հեռացել եմ: Ես տարվա մեծ մասն անց եմ կացնում Հայաստանում, իսկ Նահանգներում էլ իմ Հայաստանն եմ ստեղծել, իմ դպրոցը, որտեղ երեխաներին հայեցի երգեր եմ սովորեցնում: Իհարկե, ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե հայրենիքը սիրելու համար պետք է հեռվում ապրել: Գուցե դա էլ ճիշտ է, բայց իմ փիլիսոփայությունը չէ: Ես նաև սիրում եմ այն հայրենիքը, որն իմ սաների աչքերի ու նրանց կատարած երգերի մեջ է… Դժվար հոգեվիճակ է, դժվար կացություն, բառերով չես բացատրի… Բայց ասեմ, որ դեռ վերադառնալու ցանկություն չունեմ, որովհետև ես հիմա մեծ ծրագիր եմ նախաձեռնել: - Ես գիտեմ այդ ծրագրի մասին: Մանրամասն կներկայացնե՞ք: - Իհարկե: Ես նախաձեռնել եմ մեծ համերգային շրջագայություն Ամերիկայում և Եվրոպայում: Այդ շրջագայությանը կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ ամերիկյան երգիչներ: Մեր նպատակն է մեր երգերի միջոցով աշխարհին ճանաչել տալ Ցեղասպանությունը: Ես երգով պիտի ելնեմ անարդարության դեմ, երգով պիտի ստիպեմ ճանաչել մեր ժողովրդին, այն տառապանքները, որոնց միջով անցել ենք մենք… Գիտեմ, որ արվեստի ներգործուն ուժը մեծ է, դրա համար էլ այս նախաձեռնությունն եմ հեղինակել… Ցեղասպանության 100-ամյակին է նվիրված այս ակցիան, որն արդեն բազմաթիվ քաջալերողներ ունի: Հիմա աշխարհը փոխվել է, շատերն են փոխել իրենց պատկերացում ներն ու վերաբերմունքը, ուստի համոզված եմ, որ մեզ կհաջողվի ճշմարտությունը տեղ հասցնել: Ես քաղաքական գործիչ չեմ, անգամ ազգային գործիչ էլ չեմ, բայց կան պահեր, երբ քեզ էլ պատասխանատու ես զգում: Հիմա ես համոզված եմ, որ իմ երգն, առավել քան երբևէ, անհրաժեշտ է: - Գիտեմ, որ մեր թերթի էլեկտրոնային տարբերակը կարդում են նաև Նահանգներում: Ուստի, ի՞նչ կասեք մեր ընթերցողին: - Պետք է մի շատ կարևոր բան ասեմ. Հայաստանը մեկն է ու միակը, պետք է աչքի լույսի պես պահենք այն, գուրգուրենք: Կարևոր չէ, թե որտեղ ես ապրում, կարևորն այն է, որ Հայաստանի հետ լինես, նրա համար օգտակար գործ անես:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ