1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Երևան քաղաքի որոշ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները բաժանորդների նյարդերը հնարավորինս սղոցել, իսկ ավելի ուշ` կլորիկ գումարներով ամսավարձ մուծելու փաստի առաջ են կանգնեցրել: «Բիլայնի» րոպեակլան հաշվիչներն արդեն Երևանի ցանցային բոլոր բաժանորդներից են կորզում ամեն մի րոպեի դիմաց վճարելու պարտադրանքն իրենց կամքից անկախ «ստանձնած» հեռախոսավճարները: Իսկ հաշվիչը միանգամից ու այնքան արագ է սկսել պտտվել, որ բջջային և միջքաղաքային զանգերի դիմաց գրանցված «հավելավճարները» բազմաթիվ բաժանորդների դեպքում ամիսն ավարտելուց հետո խոշոր հաշիվների տեսքով տհաճ անակնկալ են մատուցել: Խմբագրությանը հասցեագրված նամակում թվայնացման բոլոր գործընթացները լրջագույն դժվարությունների գնով հաղթահարած ընթերցողը նշում է, որ թվայնացում կոչվող պատուհասն իր հեռախոսահամարի նկատմամբ երեք փուլով է կազմակերպվել: Եվ տարբեր ժամկետներով կապից զրկված բաժանորդը դեկտեմբեր¬հունվար ամիսներին ընդհանուր հաշվով շուրջ 12 օր հեռախոսակապից օգտվելու հնարավորություն չի ունեցել: Ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով քաղաքացին դիմում է գրել հաճախորդների սպասարկման բաժին, ու հենց բողոքի օրը դարձյալ անջատվել է նրա հեռախոսը: Հետո էլ նրան պատասխանել են, թե հեռախոսագծի չաշխատած օրերի համար կատարվել է վերահաշվարկ, և 427 դրամի չափով պակասեցվել է վճարվելիք գումարը: Ընթերցող¬նամակագիրը նշում է, թե խնդիրը բոլորովին էլ վճարելիք չնչին գումարից խուսափելը չէ, քանի որ ինքն ավելի շատ վիրավորված է հենց տոնական օրերին ոչ իր մեղքով հեռախոսակապից զրկված լինելու փաստից, ու իրեն ավելի շատ հետաքրքրում է, թե իր նման հազարավորների հասցված բարոյական վնասն ինչպե՞ս է փոխհատուցվելու… Բացի այդ, «Բիլայնի» ոչ բաժանորդաշահ (մեղմ ասած) աշխատանքից դժգոհ ոչ բոլորն են դիմում¬բողոք ներկայացնում. ուրեմն նույն պատուհասների միջով անցած քանի˜ քաղաքացու հատուցվելիք գումար է գրպանվել: Իսկ «Բիլայնում» ընդամենը զարմացան մեր հեռախոսազանգից, իսկ հետո մեր նամակագրի հեռախոսահամարը ճշտելով` տեղեկացրին, թե իրենք դեռ մի բան էլ հօգուտ տուժած բաժանորդի են հաշվարկել: