Դարավոր կարծրատիպ


Խոսելով կաշառակերության` որպես սոցիալական չարիքի մասին, սովորաբար արձանագրվում է միայն դրա վնասակար ազդեցությունը: Պարբերաբար ձեռնարկվում են քայլեր այս արատավոր երևույթը փոքր-ինչ զսպելու համար: Հայաստանում այսօր, իհարկե, անհերքելիորեն ձեռնարկվում են բարեփոխիչ աշխատանքներ այն ոլորտներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերն առավել բարձր են: Օրինակ, դատավորների աշխատավարձերի բարձրացումը: Դեմ չենք, որ մեր դատավորները նախկին x գումարի փոխարեն ստանան x+y գումար, բայց ոչ մեկը վստահ չէ, թե դա լիարժեք խթան է` նրանց ետ պահելու կողմնակի նվիրատվություններից: Տարատեսակ պատիժները նույնպես, ըստ էության, միտված են երևույթը սաստելուն: Բայց, դժբախտաբար, սաստողները նույնպես «անմեղ» չեն (մեղմ ասած): Կաշառակերության մասին խոսելիս շատ անգամ անտեսում ենք դրա հոգեբանական ասպեկտները: Դրա կանխման համար նախ պետք է գործուն դառնան Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության սկզբունքները: Այսինքն` պետք է ապահովվի արժանապատիվ կյանք, սահմանվի բարեկեցության գոնե նվազագույն մակարդակ: Կամ` պետք է փոխվի հասարակության մտածելակերպը, բարձրանա նրա իրավագիտակցությունը: Ցավոք, մեզանում դեռևս բացակայում են այս նախահիմքերը: Փոխարենը` մարդկանց ենթագիտակցության մեջ ամրանում է ուրիշների հաշվին հարստանալու մարմաջը, և անընդհատ թարմացվում են չարաշահումները քողարկող զանազան մեթոդները: Հավատընծա չեն այն պնդումները, թե սոցիալական դրության բարելավումը կսահմանափակի կաշառք վերցնելու մարմաջը: Քանի դեռ կան կաշառք տվողներ, կլինեն և վերցնողներ: Դա մարդու էության մեջ այնքան հիմնավոր է արմատավորված, որ նույնիսկ ֆինանսական ապահովվածությունը բավարար չէ` այն կանխելու, հրաժարվելու, տվածը չվերցնելու կամ «փողի տեսքով շնորհակալություն» պահանջելու համար: Ինչ խոսք, թյուր է նաև այն ըմբռնումը, թե պայքարելն անիմաստ է: Պայքարել միշտ էլ պետք է, բայց ոչ թե 1-2¬ի կամ ինչ¬որ կառույցի կողմից: Կաշառք չտալն իսկ` պայքար է: Օրինակ, մեր հարևան Վրաստանը վերջին տարիների համառ պայքարից հետո արձանագրում է կաշառակերության շոշափելի նվազում: «Transparency international» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով` 2009 թ. Վրաստանը 66¬րդն է` 180 երկրների շարքում: Եվրոպայի մասին խոսելն ավելորդ է, որտեղ կաշառակերության մակարդակը շատ ցածր է, իսկ բուհական համակարգերում այն իսպառ վերացել է: Մեզանում բուհական համակարգում կաշառակերությունը սկսվում է անգրագետներին բուհ ընդունելուց: Հետագայում նման ուսանողների ուսումը շարունակելու այլընտրանքային տարբերակը մնում է կաշառքը: Կաշառատվությամբ բուհ ավարտողը, նույն կերպ ինչ¬որ պաշտոն ձեռք բերողը չի կարող ուրիշներից նույնը չպահանջել:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ