ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՀԱԳՆՎՈՒՄ, ԵՐԻՏԱՍԱՐԴ


Ռուս մեծ գրող Անտոն Չեխովի հերոսներից մեկը` բժիշկ Աստրովը, երազում էր. «Կգա ժամանակ, երբ մարդու մոտ ամեն ինչ գեղեցիկ կլինի. և´ հագուստը, և´ արտաքինը, և´ մտքերը»: Արտաքուստ կարող է չափազանց պարզունակ թվալ այս միտքը, անգամ` ճակատային, սակայն գիտենալով չեխովյան հերոսների մտածողության բացառիկության մասին, այն մասին, որ ռուս գրողը նախընտրում էր ենթատեքստերի սկզբունքը, չենք կարող ասվածին վերաբերել որպես սովորական մտքի, միայն ու միայն հայտնի ճշմարտության: Հագուստը մարդու «այցեքարտն» է, նրա ու հասարակության շփման երաշխավորը, առաջին տպավորությունը, որն հետո բեռնավորվում է նոր գործոններով և բացահայտում մարդուն` իր ներաշխարհի բազմազանությամբ ու հարստությամբ: Հագուստը նաև բնավորություն է և մտավոր պատրաստվածության ցուցիչ: Եթե թերթենք գրականության համաշխարհային դասականների գրքերը, ապա մարդու և հագուստի, հագուստի և միջավայրի ներդաշնակության մասին բազում մտքեր կգտնենք: Բայց առաջնորդվենք մեր տպավորություններով, շրջապատին բնորոշ պատկերներով, որոնք էլ հաճախ, մեղմ ասած, ոչ հաճելի տպավորություն են թողնում: Չէ, հանկարծ այն տպավորությունը չստեղծվի, թե ծերունական քրթմնջոցների և արդեն ռետրո պատկերացումների դիրքերից ենք ուզում խոսել. այն էլ` երիտասարդության` հագնվելու մշակույթի մասին: Քավ լիցի: Ժամանակները բոլորիս էլ պարտադրում են փոխվել, նոր դիրքորոշումներ որդեգրել, շրջափոխել մեր հայացքները, քանզի առաջադիմությունը, ուզենք թե չուզենք, գալիս ու հաստատում է իր տեղը… 20-րդ դարավերջը եկավ ու հաստատեց ջինսե տաբատների գերիշխանությունը` այսպիսով բոլորիս տանելով դեպի գործնականությունն ու հանգստավետությունը, թեթևությունը: Եվ անգամ անչափ հաճելի է տեսնել թեթև ու անկաշկանդ շարժվող տղաների և հատկապես աղջիկների` ջինսե տաբատներով: Եվ ոչ միայն ջինսե: Տաբատն առհասարակ որոշակի ազատություն տվեց մեր աղջիկներին ու կանանց, հնարավորություն` պարտակելու ոտքերի որոշ արատներ և երևալու սլացիկ ու գեղեցիկ: Այս տաբատները որոշակի պայքար հայտարարեցին նաև 1990-ականներին մեր զգեստապահարաններ մտած թուրքական և սիրիական զգեստներին, որոնք արևելյանի արտացոլումն էին` փոքր-ինչ մոդեռնացված: Եթե այդ զգեստները նորաձև ու գործնական էին համարվում արևելքում, նշված երկրներում, ապա մեզ մոտ դրանք հետադիմության, եվրոպական արժեհամակարգերը ժխտելու արտահայտությունն էին: Բարեբախտաբար, հետզհետե մենք ազատագրվեցինք դրանցից` այժմ էլ մղվելով դեպի համընդհանուր «տաբատացումը»` առաջնությունը տալով ջինսին: Բայց որտե՞ղ է ընդունելի ջինսը և ի՞նչ պայմաններում: Փողոցում, ուսանողական լսարանում, անպայմանորեն, այն ձուլվում է միջավայրին, ստեղծում ներդաշնակություն, բայց տհաճ ու աններդաշնակ է թատրոնում ու համերգասրահում (էլ ո˜ւր մնաց` հենց բեմում), ռեստորանում ու պաշտոնական-հանդիսավոր արարողությունների ժամանակ: Սակայն մենք այս մասին մոռանում ու նշված վայրերում էլ հայտնվում ենք ջինսերով` այսպես կարծես մեզ վանելով այն միջավայրից, որը սիրում է հագուստի դասականությունն ու պատշաճությունը: Որքա˜ն հաճելի կլինի նշված վայրերում աղջիկներին ու կանանց տեսնել երեկոյան զգեստներով, երկարափեշ, թող որ ոչ թանկարժեք, բայց ճաշակով մատուցված զգեստներով, իսկ տղաներին ու տղամարդկանց` կոստյումներով, որոնց տեսակների բազմազանությունն այսօր արդեն հասանելի է շատերին: Թատրոնն ու համերգասրահն ավելի են վեհանում, երբ այնտեղ են գալիս հենց նման հագուստներով մարդիկ` ուրույն խորհրդավորություն ու շուք հաղորդելով միջավայրին: Նաև մարդն է փոխվում իր քայլքով, շարժմունքով… Կարծես փոխվում են նաև արտահայտչամիջոցները, լեզվամթերքը: Մեզ մոտ, գուցեև մեքենաբար ու ակամայից, նախընտրելի է դարձել սևաթույր հանդերձը, որը, ինչպես համոզված ենք, ավելի հարիր է հանդիսավոր արարողություն ների և մշակութային օջախներ այցելելու համար: Մինչդեռ երիտասարդության համար սևը դարձել է պաշտամունք, մենթալիտետին ձուլված մի բան, որից կարծես ազատում չկա: Ձմռանը` սև վերարկուներ, սև բաճկոններ, ամռանը` սև վերնաշապիկներ… Առաջին հերթին երիտասարդ տղաների շրջանում, որոնց մեջ հայտնված փոքր-ինչ վառ գույնի հագուստ կրողն անմիջապես զատվում-առանձնանում է: Երիտասարդության համար առավել ցանկալի պիտի լինեն այն գույները, որոնք իրենց մեջ զվարթություն և խանդավառություն են պարունակում, մինչդեռ Երևանն ու հանրապետության մյուս քաղաքները հատկապես ձմռանը վերածվում են մռայլ ու սևազգեստ մարդկանց բնակավայրերի… Վերջերս մտնում էի պետական Ճարտարապետաշինարարական համալսարան: Ինձ ընդառաջ եկող երիտասարդներն այն տպավորությունն էին թողնում, թե սևով ներկված մի զանգված է շարժվում` անդեմ ու անհետաքրքիր… Գուցե մեր դատողությունների և ընդհանրացումների մեջ ծայրահեղականություն կա, սակայն մեր միտումը մեկն է. խոսել մեր հագուստի մասին, այն ճաշակի մասին, որին գերվում ենք` մոռանալով մեր անհատային հատկանիշներն ու բնավորությունը, տարիքն ու նախասիրությունները… ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Տպագրելով այս հրապարակումը, նպատակ ունենք մեր ընթերցողների հետ սկսել անկեղծ ու օգտակար խոսակցություն: Ուրեմն, սպասում ենք արձագանքների, կարծիքների և մտորումների:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ