Արձանը գուցե չզոհաբերեն. այն «բարեկամությանն» է


Էրզրումի վարչական դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կարսում տեղադրված «Մարդկության հուշարձանի» քանդումը` մինչ կընդունվի վերջնական վճիռ: Հիշեցնենք, որ առժամանակ առաջ Կարսի քաղաքային խորհուրդը որոշել էր մաս¬մաս քանդել հայ¬թուրքական բարեկամության արձանը և տեղափոխել «հարմար մի վայր»: Վերջինիս ապամոնտաժումը կանխելու նպատակով էլ Էրզրումի վարչական դատարան հայց է ներկայացվել: Հուշարձաններ քանդելու ուղղակի «տարերք» ունեցող թուրքերն ինչո՞ւ հապաղեցին… Անտարակույս, «Մարդկության հուշարձանի» պարագայում նրանց «ձեռքը բռնողը» ամենևին էլ մարդկայնության գործոնը չէր: Հայտնի է, որ թուրքական քաղաքական մեքենան հայատյացության «չափաբաժինը» վերջերս հաճախ է գերազանցում: Խոսուն օրինակներից է հենց հիշյալ հուշարձանին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակավ հնչեցրած` «հրեշավոր» որակավորումն ու այն հիմնահան անելու հրահանգը: Գուցե Թայիփը «շրթունքն է կծել»` այդ «բուռն» որոշումից փոշմանած, և վճռել է մի լավ ծանրութեթև անել ապամոնտաժման «անհրաժեշտությունը»… Խնդիրն այն է, որ վերջերս թուրքական պետությունն իրեն նաև մշակութային արժեքներ գնահատողի տեղ է դրել` ջանալով ներկայանալի լինել այնպիսի համաշխարհային կառույցների, ինչպիսին է ասենք` ՅՈՒՆԵՍԿՕ¬ն: Չէ՞ որ այդ ամենը եվրոպական հանրության աչքը «սողոսկելու» ևս հարմար առիթ է… Հուշարձանի քանդումը կանխելու նպատակով Էրզրումի վարչական դատարան ներկայացված հայցի համաձայն` «հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյի ստեղծած գործը ժամանակակից թուրքական արվեստի նմուշներից մեկն է: Աքսոյի կերտած հուշարձանները զարդարում են Բեռլինի, Ստամբուլի և այլ քաղաքների տեսարժան վայրերը»: Ահա և ոչ նյութական արժեքներ գնահատելու ու մշակութասիրության խաբկանքի փայլուն դրսևորում… Հայ¬թուրքական բարեկամության հուշարձանի պատմության այս ոդիսականը թուրքական կառավարության անկայունության, անհուսալիության ու հեղհեղուկության հերթական ապացույցն է: Բայց, այդուհանդերձ, վերջինս ձգտում է «երկու երանի» մի տեղում հարմարացնել և շարունակելով Հայաստանի հանդեպ խարդախ քաղաքականությունը` միջազգային ատյաններում էլ հեղինակություն ձեռք բերել: Ավա˜ղ, երանիներն անհամատեղելի են... Ի դեպ, «Մարդկության հուշարձանի» հնարավոր տխուր ճակատագիրը բավական նման է դրա վերախոյացումը նախաձեռնողի քաղաքական «բախտին»: Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր իբր հայ¬թուրքական բարեկամությունն ու խաղաղությունը խորհրդանշող հսկա կոթողի ստեղծումը: Սակայն 2009¬ի քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանն էլ տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում: Ինչևէ: Հուշարձանն ի վերջո կանգուն կմնա, թե` ոչ, դրանից հայ¬թուրքական հարաբերություններում ձնհալ, թերևս դժվար թե նշմարվի. երկկողմ բարեկամությունը վաղուց է «ապամոնտաժված»: Մնում է միայն` պատմությունն արձանագրի հայերի հանդեպ թրքաձեռագիր հերթական «յալանչիությունը»:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ