ՄՈՌԱՑՎՈՂ ՄԱՐԶԵՐ


Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ցավով ու հիասթափությամբ արձանագրում են, որ մեր երկրում ձևավորվել է երկու իրականություն, երկու Հայաստան` այսպես տարանջատելով մայրաքաղաքը մարզերից, երբեմն խոր ու անհաղթահարելի անջրպետ ձևավորելով մարզերի և Երևանի միջև: Այս տարաբաժանումը, որը բնորոշ է միայն թերզարգացած, քաղաքակրթության ճշմարիտ պատկերացումներից հեռու երկրներին, հետևանք է ոչ թե մարդկանց միջև ձևավորված հարաբերությունների և հանրային գիտակցության, այլ, առաջին հերթին, տարվող պետական քաղաքականության, որի արմատները 1990-ականների սկզբներում են: Այն տարիներում, երբ ստեղծվեց անկախ հանրապետությունը, որի իշխանավորներն ամեն ինչ արեցին` մարզեր և մայրաքաղաք հակամարտությունը սրելու, զարգացման բոլորովին այլ, իրար հակասող ծրագրեր առաջադրելու համար: Դեռևս խորհրդային իշխանության տարիներին հրամայական էր դարձել հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը, ներդաշնակ ծրագրերի ներդրումը: Մինչդեռ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ մեկուսացվեց Երևանը մարզերից, ամեն ինչ հանգեցնելով չարդարացված կենտրոնացման: Այս հանգամանքն էլ խթան եղավ, որպեսզի օրավուր մարզերը դուրս մղվեն ուշադրությունից, վերածվեն անկենդան կղզյակների: Նշված վիճակն իր ցավագին արտահայտությունն է գտել հատկապես մշակույթում, որը, ինչպես հավատացնում կամ հրապարակային սիրապարար հայտարարութ յուններ են անում ոմանք` մեր գոյության կերպի և ինքնության տեսակն է, մեզ աշխարհում հետաքրքիր դարձնող գործոնը: Դատելով մեզանում իրականացվող մշակութային քաղաքականությունից, մշակույթի ազգային հայեցակարգից` սրանք պարապ ու ոչինչ չասող հայտարարություններ են, սովորական հռետորաբանություն, որը տարիներ շարունակ միայն իր անպտղությունն է ցուցադրել: Եթե մշակույթն է մեր գոյության հիմնառանցքը, ապա դրա երակներն ու արմատները գտնվում են ոչ թե մայրաքաղաքում, այլ` մարզերում, բազմաճյուղ և բազմաշերտ կուտակումներ ունեցող այն բնակավայրերում, որոնք մշակութային յուրատեսակ պահուստարաններ են, գանձարաններ: Հարյուրամյակներ շարունակ հենց տարբեր բնակավայրերն են սնել մշակույթը, այն դարձրել հետաքրքիր, կենսունակ, հարստացրել տեսակներն ու ինքնատիպ դարձրել նրա դրսևորումները: Այսօր, սակայն, մարզերի հանդեպ քմահաճ վերաբերմունքը երևանյան մշակույթը վերածել է ինքնաբավ ու ինքնասնուցվող ինչ¬որ երևույթի, ինչը դեպի աղքատացում է տանում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մինչև այսօր գոյություն չունի մարզային մշակույթի զարգացման որևէ ծրագիր, չկա պետական քաղաքականություն: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է անուշադրության մատնել այս կարևորագույն ոլորտը` մարզերում առկա մշակութային իրողություններին պարտադրելով աստիճանաբար մղվել դեպի ինքնապարպում, դեպի տարերային գոյություն: Նման դեպքերում սովորաբար մատնանշում են Մշակույթի նախարարությունը: Սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ մի նախարարություն, մեծագույն ցանկութ յան դեպքում անգամ, չի կարող լուծել ձևավորված հիմնահարցերը, քանզի համալիր մոտեցումներ են պահանջվում: Տարածքային կառավարման նախարարությունն, օրինակ, համակարգում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և, ըստ էության` արտամայրաքաղաքային կառուցվածքների պատասխանատուն է: Ուրեմն, հենց այս գերատեսչությունն ու մարզպետարաններն են առաջին հերթին պատասխանատվություն կրում մարզային մշակույթի պահպանման ու խրախուսման, նոր ծրագրերի ներդրման համար: Մինչդեռ մինչև հիմա ոչ մի մարզպետարան չի մշակել մշակութային զարգացման համապատասխան հայեցադրույթներ և ծրագրեր, չի ներկայացրել մշակութային առաջնահերթությունների ցանկը: Զանգվածային միջոցառումները մշակութային իրողություններ են, իսկ ահա մշակույթը լայն ու համապարփակ հասկացություն է: Այս հասկացության անըմբռնողության պատճառով էլ գրեթե անուշադրության է մատնված Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնը, պատշաճ վերաբերմունք չկա Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնների հանդեպ: Շատ թանգարաններ և նախկինում գործող պատկերասրահներ փակել են իրենց դռները, լուծարվել են գեղարվեստական ինքնագործունեության բազմաթիվ կոլեկտիվներ, չկան կինոդահլիճներ, մայրաքաղաքի հետ կապը դարձել է բացառիկ… Ուրեմն, իսկապես առկա է հիմնախնդիրը, իսկապես բարձիթողի վիճակ է տիրում, որի խորացումը կարող է աղետալի լինել ազգային մշակույթի` ասել է թե` բոլորիս համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ