«Ոգեսպառվածի մտածողությունը ժխտական է լինում»


Գ. ՆԺԴԵՀ Վերջին տարիներին բազմաթիվ հայրենակիցներ գերադասում են դեգերել օտար ափերում, քան ապրել և, ինչո՞ւ ոչ` թեկուզ մաքառել հայրենիքում: Արդարացվա՞ծ են հարազատ հողից հեռանալու պատճառները, թե ոչ, փորձեցինք պարզել` պատահական ընտրությամբ, անցորդներին ուղղելով նույն հարցը. - Հանուն ինչի՞ պատրաստ կլինեք լքել հայրենիքը: ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Աննա - Չեմ պատրաստվում այստեղից գնալ: Ես դեռ սովորում եմ, պետք է աշխատեմ, իսկ օտար երկրում աշխատելն ավելի բարդ է: ՄՈՎՍԻՍՅԱՆ Արմեն - Ժամանակավոր` մի քանի տարով գուցե և գնամ Հայաստանից, բայց ուրիշ տեղ մնալ` դժվար թե: Ես սովոր եմ այստեղի ամեն ինչին, ինձ օտարություն պետք չէ: Իսկ եթե գնում էլ են այստեղից, ապա միայն կարիքից դրդված: Ո՞վ կուզի առանց պատճառ թողնել ու հեռանալ հայրենիքից: ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լիլիթ - Ամռանը պատրաստվում եմ արդեն լքել: ԱՄՆ¬ում եմ ուզում աշխատել, իսկ նման հնարավորություն, նման աշխատանք Հայաստանում ինձ չի ընձեռվի: Չեմ ցանկանում մանրամասնել կամ փակագծեր բացել, բայց համոզված եմ` Հայաստանում նորմալ աշխատանք դժվար է գտնել: ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Կարինե - Աղջիկս արդեն Ամերիկայում է, տղաս էլ` Ռուսաստանում: Ի՞նչ ասեմ, ուրեմն կար պատճառ: Չեմ էլ մեղադրում, փառք Աստծո, լավ են ապրում, իսկ Հայաստանում կկարողանայի՞ն: Ուզում են, որ ես էլ գնամ, դեռ մտածում եմ: ԿԱՐԵՆ - Ես ունեմ լավ աշխատանք, ամուսնացած չեմ, բայց այստեղ ու միայն հայ աղջկա հետ եմ պատրաստվում ամուսնանալ: Ինչ պատճառ էլ լինի, կարծում եմ, քո հայրենիքում դու քեզ մարդ ես զգում, ոչ թե հյուր, ոչ թե օտար: Իսկ հոգեկան հանգստությունը ամենակարևորն է ինձ համար: ԱՅՎԱԶՅԱՆ Էդգար - Միանշանակ ոչ, չեմ պատրաստվում: Ոմանք էլ չցանկացան ներկայանալ: Եվ, մեծամասամբ` «թռիչքի» պատրաստ մարդիկ. նրանք, ում համար Հայրենիք ասվածն, իսկապես անըմբռնելի հասկացողություն է: Ահավասիկ այդպիսիների պատասխաններից մի քանիսը. - Բայց ինչքան անհույս մնանք այստեղ` անգործ, անբան, որ ի՞նչ: Լավ են անում, որ գնում են: Որտեղ` հաց, էնտեղ` կաց. բա իզուր չեն ասում: Մեր նմաններն են դեռ մնացել, բայց դե մի օր էլ մենք կգնանք: Մեկ է, էս երկիրը երկիր չի դառնա: Անհույս է… - Ես իմ կյանքում շատ հնարավորություններ եմ ունեցել այստեղից ընդմիշտ գնալու և արտերկրում աշխատելու համար: Մի քանի տարի առաջ դեռևս երկմտում էի, հիմա հաստատ գիտեմ, որ չեմ գնա: Իմ ամեն ինչը այստեղ է, չեմ կարող հեռանալ ու մոռանալ, ինչպես բանաստեղծության մեջ է ասվում: - Ո՞ւմ է պետք հայրենիքը, եթե չես կարողանում ընտանիք պահել, ուրեմն գնա այնտեղ, որտեղ կկարողանաս: Մեծ հաճույքով կգնայի, ուղղակի տեղ չկա, ծանոթ չկա, ո՞ւր գնամ, լեզու չգիտեմ… Բայց հաստատ հենց հիմա էլ կգնայի: - Դե դժվար է միանշանական պատասխանել: Պատճառներ շատ կան լքելու, բայց եթե գնալու լինեինք, արդեն գնացած կլինեինք: Հիմա մեր երեխաներն են գնում կամ պատրաստվում են: Ես էլ չգիտեմ` նրանց ի՞նչ խորհուրդ տամ… Դժվար է:

Արուսիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ